Τετάρτη 27 Ιουλίου 2011

ՓՆՏՌՈՒՄ ԵՍ ԴՈՒ



Փնտռում ես դու ինչ-որ յանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կայ ինչ-որ մի կարեկցանք
Քո հէգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիւ ու վէճ,
Բայց կայ ինչ-որ մի քաղցրութիւն
Քո դառնագին խօսքերի մէջ:

Ախ, յօնքերդ ես յաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպէս մռայլ,
Բայց կայ ինչ-որ մի քնքշութիւն
Քո անողոք դէմքի վրայ:

Յաճախ այնպէս խայթում ես դու,
Սրտիս այնպէս վիշտ ես բերում,
Բայց կայ ինչ-որ մտերմութիւն
Քո այդ օտար հայեացքներում:

Մերթ փարւում ես ինձ հովի պէս,
Մերթ հողմի պէս ինձ չարչարում,
Ախ, երբ այդպէս շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցաւ պատճառում:


Համօ Սահեան
1952

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου