Παρασκευή 15 Ιουλίου 2011

ԱՍՊԵՏԻ ՍԷՐԸ



Հին ժամանակ իր ամրոցում ոսկեղէն
Կը բնակուէր հուր ու հրաշք մի աղջիկ.
Ու կ'սպասէր, որ հեռաւոր տեղերէն
Իր երազի ասպետը գար երջանիկ:

Եւ ձին հեծած, բանակներով յաղթազէն,
Եկաւ մի օր կանաչ-կտրիճ մի իշխան...
Սանձը ձգեց, ու քար կտրեց հիացքէն,
Երբ որ տեսաւ պատշգամբում աղջկան:

-Հրաշք-աղջի՛կ, թագաւորիս զօրքերով
Կէս աշխարհը դրօշակիս տակն առայ.
Քեզ սիրեցի, սիրտդ տուր ինձ, քո սիրով
Միւս կէսն էլ տիրեմ, բերեմ քեզ ընծայ:

-Այդ ի՜նչ սէր,- ասաց աղջիկն ասպետին,-
Քաջ ես, գիտե՛մ, գիտե՛մ, չկայ քեզ նման.
Դու կարող ես տիրել արար-աշխարհին,
Բայց այդ երբե՛ք հզօր սիրու չէ՛ նշան:

-Ինչպէ՜ս յայտնեմ սրտիս հուրը, նազելի՛ս.
Կ'ուզե՞ս պատռեմ կուրծքս հիմա այս սըրով,
Ոտներիդ տակ նետեմ սիրտս սիրով լի,
Մեռնիմ ուրախ ու բախտաւոր՝ քո սիրով:

-Այդ չէ՛ սէրը, ասաց աղջիկն ասպետին,
Գիտե՛մ, քաջ ես, բայց շա՜տ վախկոտ, թոյլեր կան,
Որ յուսահատ՝ քաջի նման կը մեռնէին,
Բայց այդ երբեք անշէջ սիրու չէ՛ նշան:

Ու կտրիճը մնաց մոլոր ու շուար,
Աչքերն հանգած՝ լոյս-երեսին աղջկայ.
-Ի՜նչ որ կ'ուզես, ասա՛, առնեմ քեզ համար,
Արեւի տակ իմ սիրուս պէս սէր չկայ:

-Թէ կը սիրես, թո՛ղ ինձ հիմա ու գնա՛,
Ու ականջ դի՛ր, մի օր դուռդ կը բախեմ:
Այսպէս ասաց, ու իր ծոցէն մարմարեայ
Նետեց նրան մի հատիկ վարդ հրեղէն:

Ասպետն առաւ վարդը, քնքո՛ւշ համբուրեց,
Վերջին անգամ նայեց, սիրածին:
Սիրու վարդը պահեց այրուող ծոցի մէջ.
Ու խթանեց, ու սլացաւ նժոյգ-ձին:

Եւ նստել է ամբոցի մէջ մեն-մէնի
Այն իշխանը երազներում երջանիկ,
Վարդը ծոցում, ու ականջը մի ձենի...
Եւ թեւ առան, թռան օրեր ու տարիք:

Աչքերը գոց՝ պատած ոսկի մշուշով,
Ուր կը ժպտար սէր-աղջիկը աննման,
Քաջ ասպետը բոց կարօտով, լի յոյսով
Սիրտը ձենի՝ լուռ սպասեց աղջկան...

Եւ թեւ առան, թռան օրեր ու տարիք,
Վառ կտրիճը դառաւ դողդոջ մի ծերուկ,-
Ու երբ մահը դուռը բախեց զարհուրիկ,
Հանեց ծոցէն վարդը խամրած ու դալուկ:

Սիրու վարդը աչքին դրեց փափաքով,
Ու համբուրեց, ու համբուրեց, ու... մեռաւ՝
Հոգին լցուած բլբուլների երգերով.-
Եւ զրոյցս էլ ա՛յսպէս տխուր վերջացաւ...


Աւետիք Իսահակեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου