Πέμπτη 14 Ιουλίου 2011

ԱՌԱՆՑ ՔԵԶ




Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացոյցն է ինձ հետ տնքում,
Վայրկեանները թւում են ժամ:
Թւում է, թէ անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպէս ձուլուած կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցաւում է...
                          Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատւում:
Լաւ է լինել եւ ցաւած սիրտ,
Բայց ոչ անսէր, անսէր-տրտում:
Չեմ գանգատւում: Քաղցր է այնպէս
Դժուար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել- եւ էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռւում
Ցաւով, սիրով, կարօտներով,
Որ նոյն հրով դու ես վառւում,
Հովանում ես նոյն հովերով.
Զգալ, որ ես տրուել եմ քեզ
Քո ցանկութեանն իսկ հակառակ.
Զգալ այնպէ՛ս, որ սէր չերգես՝
Եւ կենդանի սիրտը երբեք
Չդառնայ լաւ կամ վատ քառեակ...


Պարոյր Սեւակ
1955

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου