Σάββατο 20 Οκτωβρίου 2012

ՍԻՐՏ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԽՌՈՎԵԼ




Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Ի զուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տուել,
Ի՞նչ ես պահանջում:

Ա՜խ, խռովում ես դու այդպէս յաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜յ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ...


Պարոյր Սեւակ
16/2/1947
Երեւան

Παρασκευή 19 Οκτωβρίου 2012

ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃԸ




Սեւանայ Լիճն ընկած է բարձր լեռների գոգաւորութեան մէջ:

Ջինջ է Սեւանը անամպ օրերին: Նայողին այնպէս է թւում թէ երկնի լազուրից մի կտոր պոկուել ընկել է այդ լեռների գոգը՝ նրանց խիստ տեսքը մեղմելու համար:

Իսկ նրան շրջապատող լեռները կարծես հեքիաթային հսկաներ լինեն, որ ուս ուսի շուրջպար են բռներ ու հէնց պարի ժամանակ էլ քարացել են:

Մի տեղ այդ հսկաներից երկուսը կարծես ուշացել են ուսերն իրար կպցնել եւ այդպէս էլ քար կտրել՝ իրենց միջեւ թողնելով մի բացուածք: Այդ բացուածքով է դարեր շարունակ հոսում Հրազդանը:

Հայաստանի ճարտարագէտները փոխեցին Հրազդանի դարաւոր հունը եւ նրան ստիպեցին գնալ այնտեղ, ուր ցանկանում է մեր ժողովուրդը: Այժմ Հրազդանը դուրս է գալիս լճի մի այլ մասից, մտնում է լերան ընդերքը, հոսում մթին փապուղիներով, ապա լոյս աշխարք ելնելով՝ շտապում է դէպի Արարատեան հովտի ջրապապակ այգիներն ու դաշտերը, գնում է կեանք տալու երբեմնի անապատներին: Բայց մինչեւ հանրային ցանքերին ու այգիներին հասնելը, ահռելի թափով նա ցած է իջնում լեռնալանջերին մեկնուած լայնաբերան խողովակներով, ձորերում տինամոմեքենաներ է աշխատեցնում եւ ելեկտրական հզօր ուժի վերածուած՝ պղնձեայ լարերով գնում է շարժման մէջ դնելու մեր Հայրենիքի գործարաններն ու հանքերը:

Ահա մենք Երեւանի կողմից մօտենում ենք լճին եւ զգում ենք որ երկիրը ինչ-որ աներեւոյթ ուժից դողդողում է մեր ոտքերի տակ: Սեւանի ջրերն են գահավիժում գետնի խորքը եւ այնտեղ աշխատեցնում ստորերկրեայ հիտրոկայանը:

Չքնաղ է Սեւանը իր նազանքներով, չքնաղ են եւ նրանում խայտացող ձկները: Սեւանի ջուրը սառնորակ է ու քաղցրահամ, ուստի նրա մէջ ապրում են լեռնային վճիտ ջրերին սովոր ձկների ընտիր տեսակներ: Ժողովուրդը հնում շքեղ անուններ է շնորհել Սեւանայ գեղանի ձկներին՝ կարմրախայտ, գեղարքունի, իշխան...

Մերկ են Սեւանի ափերը, եւ այժմ մեր ժողովուրդը ծածկում է այգիներով ու ծառաստաններով: Բայց շատ հազարամեակներ առաջ մերկ չի եղել Սեւանը: Նրան շրջապատող լեռների լանջերը ծածկուած էին հաստաբուն ծառերի անտառներով, որ վխտում էին ամեհի արջերը: Հովտում արածում էին կովկասեան «գիգանտ-եղջերու»-ի եւ ոլորուն եղջիւրներով վայրի ցուլերի նախիրները, իսկ երկնաբերձ կաղամախիների ստուերները խաղում էին Զանգուի ջրերի մէջ:

Բայց ի՞նչպէս պատահեց որ այդ հովիտը թաղուեց ջրի տակ:

Հովիտը շրջապատող հրաբխային սարերից մէկը շատ անհանգիստ էր եւ երբեմն ցնցւում էր, ծուխ ու մոխիր ժայթքում, իսկ մթին գիշերները նրա խառնարանի կրակը ցոլանում էր երկնքում, ու կարծես ամպերը հրդեհւում էին: Լերան կատարին երբեմն ահռելի բոցեր էին երեւում, եւ մի հսկայական քուրայի նման նրա գագաթը մե՛րթ բռնկւոմ էր, մե՛րթ իջնում, հանդարտում:

Կատաղի էր այդ սարը, եւ գազաններն ու այն ժամանակուայ կիսավայրենի մարդիկ ահով էին նայում նրան: Եւ նախամարդն իր թոթով լեզուով «Գիժ սար» կոչեց նրան՝ իր խենթ բնաւորութեան համար:

Մի օր էլ, շատ հազարամեակներ առաջ, «Գիժ սարը» բռնուեց ահաւոր դողով, ցնցուեց, գոռաց խլացուցիչ ձայնով, գոլորշու ամպեր ժայթքեցին դէպի երկինք, եւ նրա ներսում անյիշատակելի ժամանակներից ի վեր եռացող կրակի հեղեղը հոսեց լերան լանջերով, լցուեց հովիտը, կտրեց Զանգուի ճանապարհը, ամբարուեց ու քարացաւ:

Հոսեցին ջրերը Այծեմնասարից ու Գեղամայ լեռներից, լցրին հովիտը, կազմեցին այսօրեայ սքանչելի Սեւանը՝ իր աւանդական մենաւոր կղզիով, իր աննման ձկներով, հազար ու մի տեսակ ջրային թռչունների իր երամներով:

Մեր նախնիները պաշտում էին Սեւանայ Լիճը, որովհետեւ նա գազազում էր, խորտակում իրենց ձկնորսական նաւերը, խեղդում մարդկանց եւ մռայլ գիշերներին մռնչում էր վիրաւոր գազանի պէս:

Ինչե՜ր ասես չկան նրա մռայլ խորքերում...

Մարդիկ նրան պաշտում էին ոչ միայն ահից, այլեւ սիրելուց. գարնան խաղաղ առաւօտներին նա ժպտում էր գիւղին իր պայծառ, ջինջ ու մեղմ կերպարանքով, ու կեանքի աղբիւր էր նա մարդկանց համար իր համեղ ու սննդարար ձկներով:



Վախթանգ Անանեան

ԳԱՐՈՒՆ




Ո՜հ, ի՛նչ անոյշ եւ ի՛նչպէս զով
Առաւօտուց փըչես՝ հովիկ,
Ծաղկանց վերայ գուրգուրալով
Եւ մազերուն կուսին փափկիկ.
Բայց չես հովիկ իմ Հայրենեաց,
Գընա՛ անցի՛ր սըրտէս ի բաց:

Ո՜հ, ի՛նչ աղու եւ սըրտագին
Ծառոց մէջէն երգես՝ թռչնի՛կ,
Սիրոյ ժամերն ի յանտառին
Ըզմայլեցան ի քո ձայնիկ.
Բայց չես թռչնիկ իմ Հայրենեաց,
Գընա՛ երգէ՛ սըրտէս ի բաց:

Ո՜հ, ի՛նչ մրմունջ հանես՝ վըտակ
Ականակիտ ու հանդարտիկ.
Քու հայելւոյդ մէջ անապակ
Նային զիրենք վարդն ու աղջիկ.
Բայց չես վըտակ իմ Հայրենեաց,
Գընա՛ հոսէ՛ սըրտէս ի բաց:

Թէպէտ թռչնիկն ու հովն Հայոց
Աւերակաց շրջին վերայ,
Թէպէտ պղտոր վըտակն Հայոց
Նոճիներու մէջ կը սողայ,
Նոքա հառա՛չք են Հայրենեաց,
Նոքա չերթա՛ն սըրտէս ի բաց:


Մկրտիչ Պէշիկթաշլեան

Δευτέρα 8 Οκτωβρίου 2012

ԱՐԾՈՒԱԲԵՐԴ

 
                                                                   
                                                               Մուշեղ Գալշոյեանին


Եւ բերեցին քարեր խոշոր-խոշոր,
Յօնքերը կախ քարեր՝ խոժոռ-խոժոռ,
Գլոր-գլոր քարեր, քարեր փերթ-փերթ՝
Շինեցին բերդ:
Բերդին արծիւ իջաւ՝ կտուցին օձ,
Օձն էր կարմիր՝ որպէս շանթեղէն բոց...
Ծուատեց արծիւը գալարքն այդ հուր...
Եւ առաւել դարձաւ կարմրափետուր:
Ու բերդաշէն մարդիկ, յաղթ ու բաշեղ,
Նըւիրեցին արծուին խնդում ու շէր,
Եւ յետոյ մուրճ առան, առան հատիչ,
Բերդի բարձրագնայ, ցոլուն պատին,
Որպէս յաղթանակի զինանշան՝
Արծիւ քանդակեցին՝ կտուցին շանթ:



Լիւդվիգ Դուրեան

ԵՍ ԱՅՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ




... Ես ա՛յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ... գարո՜ւն է թւում,
Անծանօթ մի վայր քեզ... տո՜ւն է թւում,
Երբ ոչ թէ նայում, այլ... տեսնո՜ւմ ես դու,
Ոչ թէ ունկընդրում, այլ... լսում ես դու,
Երբ սլանո՜ւմ ես,
Եւ ոչ թէ՝ քայլո՛ւմ,
Երբ եւ այրւո՛ւմ ես, եւ ի՛նքըդ այրում.

Ա՛յն, երբ աչքերը աչեր են դառնում,
Խօսքերը սիրոյ կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամէն մի հնչիւն,
Եւ արտաշնչո՜ւմն անգամ՝ ներշնչում...

Սիրում եմ սիրոյ այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թեւեր,
Երբ թւում է թէ շարժումից մի նուրբ
Կարող ես մինչեւ աստղե՛րը թեւել.
Երբ կոշտ մատները թաւի՜շ են դառնում,
Արիւնը գարնան աւի՜շ է դառնում,
Եւ ժամերն անգամ՝ հաշիւը խառնում,
Մոռանո՜ւմ են թէ... ինչքան են տեւել...

... Զգացե՞լ էք դուք պահն այդ երբեւէ...



Գէորգ Էմին

Σάββατο 6 Οκτωβρίου 2012

ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ




Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցուոր.
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հզօր,
Անճառ թափով,
Անծէր ճամբով,
Դարե՜ր, դարեր հազարաւոր:

Սիրիո՛ւս, երկնից շքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
Ու զարդարում,
Զըւարթ վառում
Մեր գիշերուան ճակատը մառ.-

Ի՜նչքան աչք է վրադ յառել,
Նայում են քեզ
Հիմա մեզ պէս,
Ի՜նչքան աչք է նայել, մարել,
Եւ կամ ի՜նչքան
Դեռ պիտի գան,
Որ անյայտից կեանք չեն առել:

Ո՜վ առաջինն ասաւ ողջերթ
Քեզ մեր հողից,
Մարդու ցեղից,
Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
Մի օր հատնի,
Մարի, մթնի
Հրաժեշտի շողըդ յաւէտ...

Բարի ճամբա՜յ, հի՛ւրըդ մեր հին.
Եւ թէ տեսնես՝
Մեզնից էսպէս
Մի հարցում տուր հզօր մահին.
- Մարդու քանի՞
Սերունդ կ'անի
Մի հրաժեշտն աստեղային:



Յովհաննէս Թումանեան

Πέμπτη 4 Οκτωβρίου 2012

ԽԱԲՈՂԻՆ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԷՍ




Կարմիր բըբուկ, սեւ սեւ բիտեր,
Լանջքը կանաչ, վըրան կէտեր,
Գըլուխը վեր բռնած, յոխորտ,
Կտկտալով, կտկտալով,
Տան մ' աղբիւսին մէջ խորտուբորտ
Ինք իրմէ գոհ՝ կը ճեմէր վէս
Աքլոր մ' աղուոր ու ոսկեգէս,
Կտկտալով, կտկտալով:
Մէյ մ' ալ նայիս, կամաց-կամաց,
Գըլուխը կախ, սիրտը ցաւ,
Աղուէս մը չոր ոսկոր դարձած՝
Մեր աքլորին մօտեցաւ:

«Բարե՜ւ,- ըսաւ,- ո՜վ դուն, փիւնիկ հաւերու,
Այդ ի՜նչ շընորհք, այդ ի՜նչ պերճանք աչքառու.
Ուրկէ՞ գըտար այդ փետուրներդ արծաթէ,
Որոնց ծայրէն յակինթ, զմրուխտ կը կաթէ:
Բըբուկդ հապա՜, մետաքսէ ծոպ ծիրանի,
Հին քաջերու սաղաւարտին կը նմանի:
Կըտուցդ արդեօք արեւա՞կն է թանկագին,
Որ իր ձայնով բերկրանք կ'ազդէ աշխարհքին:
Ես չեմ ճանչնար թռչուն մ' աղուոր քեզ նման:
Կարապներն իսկ քեզմէ շատ վար կը մնան:
Մէկը միայն կը ճանչնայի, քու հայրդ էր,
Քեզ պէս սիրուն երգովն ըզմեզ կը կարթէր:
Բայց ձիրք մ' ունէր ան, զոր անշուշտ դուն չունիս
(Ինչպէ՜ս մոռնամ տաղանդն անուշ թռչունիս).
Երգած ատեն՝ աչքերը գոց կը կենար.
Այն ի՜նչ ձայն էր, սրի՞նգ, ջութա՞կ, վի՞ն, քընա՞ր:

Աքաղաղին անփորձ տըղան,
Հաւատալով անոր խօսքին,
Փակեց աչքերն ու բարձրաձայն՝
«Կուկուլիկ-կո՜ւ» պոռաց ուժգին:
Աղուէսն իսկոյն վըրայ հասաւ
Եւ խածնելով զայն ըշտապաւ:
Թեթեւ-թեթեւ ու սրընթաց
Շուտ մ' աղբիւսէն փախաւ գընաց:
Բայց հովիւներ դաշտին մէջ շէն,
Նըշմարելով արշաւն անոր խելագար,
Շուներուն հետ ինկան ընդհուպ ետեւէն՝
Բիրերով հաստ ու երկար:

Աքլորն յանկարծ, իր նեղ դիրքին հակառակ,
«Աղուէ՛ս եղբայր,- ըսաւ,- պոռա՜ սա շունին
Եւ սա տխմար հովիւներուն անճարակ
Թէ աքլորէդ իրենք բընաւ մաս չունին»:
Աղուէսն անվախ՝ տատանելով իր ագին,
Բըռնած որսին սիրովն արբշիռ, երջանիկ՝
Բացաւ բերանն, աղաղակեց զայրագին.
«Աքլորն իմս է, պարապ տեղը մի՛ յոգնիք»:
Բայց աքլորը ծառին կատարն էր թըռեր:
Չորքոտանին վեր նայեցաւ խենթի պէս.
Սմքած մընաց. սրտին մէջ բոց կը վառէր:
«Սա խեղճ, ապուշ կենդանիին աներես
Ի՞նչպէս ծուղակն ինկայ ես:
Վա՜յ այն բերնին,- գոչեց լալէն,-
Որ լըռելու տեղ կը խօսի»:
Եւ թռչունն ալ պոռաց վերէն.
«Վա՜յ այն աչքին, որ կ'ըլլայ քուն,
Մինչդեռ մընալ պէտք է արթուն»:



Սիպիլ 

Τετάρτη 3 Οκτωβρίου 2012

ԽԱՆԴՈՒՄ ԵՄ


 
 
Ես խանդո՞ւմ եմ:

Անկեղծ ասած, թէ ամօթ չէ,
Ինձ շատ ծանօթ եւ շատ մօտ չէ
Այդ ահաւոր խանդ կոչուածը.
Իմ մէջ, գուցէ, բնութիւնից
Ինչ-որ մի բան անտեսուած է,
Ուրիշ մի բան՝ անտեսուած է:

Ընդամէնը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ
Հաւանաբար եւ խանդում են.
Բարկանում եմ- ոչ տեւական,
Քմծիծաղում- անբաւական,
Կամ ծիծաղում- անբնական,
Եւ... եղածը ես քանդում եմ:

Մեր խորտակուած սէրը վկայ...



Պարոյր Սեւակ
19.11.1957
Մոսկուա

Δευτέρα 1 Οκτωβρίου 2012

ԽՕՍՔ ԱՌԱՒՕՏԵԱՆ




Բացուիր, առաւօտ, քո լոյսը բարի,
Քաղենք արտերի բերքերն արեւառ,
Մարիր այս դաժան հրդեհն աշխարհի,
Տո՛ւր խաղաղ մեր կեանքն՝ ուրախ ու արդար:

Ուժ տուր, առաւօտ, դու մեր քաջերին,
Անփորձանք լինեն կռուի ճակատում,
Կորով տուր երկրի ամէն հնձուորին,
Ամէն բանուորին այս ահեղ մարտում:

Բացուիր, առաւօտ, թափ տուր մեր բազկին,
Մեզ աշխատելու կամք տուր առնացի,
Թափիր քո բարին ամէն մի հասկին,
Ու խաղաղ կեանքի դռները բացիր:

Մեր մանուկներին, արեւ տուր, հասակ,
Մեծանան նրանք առողջ ու տոկուն,
Նրանց հայրերին տուր կեանք, յաղթանակ,
Որ նրանք շուտով, շուտով դառնան տուն:

Բացուիր, առաւօտ, քո լոյսը բարի,
Քո հայեացքի տակ ժպտան արտ, արօտ,
Մարիր այս դաժան հրդեհն աշխարհի,
Բացուիր, առաւօտ, բացուիր առաւօտ:


Գեղամ  Սարեան

Κυριακή 30 Σεπτεμβρίου 2012

ԵՐԵՔ ԾԱՂԻԿՆԵՐ




Աղուոր գիշեր մ' ուր կը զեղու հոգին`
Ցորեններու մէջ՝ կապտածաղիկին
Համբո՜յր մը տուի, համբոյր ջերմագին,
Ո՜վ դուք՝ որ կ'անցնիք, քաղեցի՞ք դուք զայն:

Թախծոտ էր հոգիս, երկինքըս տրտում,
Բայց ծաղիկներուն անոյշն էր բուրում,
Իմ սիրտըս դրի ես վարդի խորքում,
Ո՜վ դուք՝ որ կ'անցնիք, պիտի քաղէ՞ք զայն:

Սրած փուշին քով, ծարաւած թախծոտ,
Որ իր անձկութեամբ զիս քաշեց իր մօտ,
Վերքերըս թողուցի ես մելամաղձոտ.
Ո՜վ դուք՝ որ կ'անցնիք, ո՜հ, մի քաղեք զայն:



Ռուբէն Սեւակ

ՏԱՏԻՍ ՍՊԻՆ






Մի գիշեր, երբ տատս շապիկն էր փոխում, ես նրա աջ կողքին տեսայ մի մեծ սպի: Նրա երկարութիւնը կը լինէր մէկ ու կէս մատի չափ:

- Տատ, այդ ի՞նչ է կողքիդ վրայ,- հարցրի ես հետաքրքրութեամբ:

Տատիս դէմքը մռայլուեց:

- Քո գործը չէ,- ասաց նա:

Ես լռեցի, բայց այնուհետեւ սպին ինձ աւելի հետաքրքրեց:

Ամէն երեկոյ, երբ հարցնում էի տատիս թէ ինչպէս եւ որտեղ է ստացել այդ վէրքը, նա պատասխանում էր.

- Յետոյ կը պատմեմ, յետոյ:

Հետաքրքրութիւնից սիրտս թրթռում էր. անհամբեր սպաասում էի թէ երբ պիտի տատս պատմի իր վէրքի մասին:

Մի երեկոյ նա վերջապէս զիջեց իմ թախանձանքներին եւ համաձայնեց պատմել իր կողքի վէրքի մասին:

- Օ՜հ,- ասաց նա,- քեզնից ազատուել չի լինի, նստիր եւ ականջ դիր:

Ես արմուկներս դրեցի ծնկերիս վրայ, գլուխս յենեցի ձեռքերիս ափերին, աչքերս յառեցի տատիս երեսին եւ սկսեցի ուշադրութեամբ լսել:

- Երբ Թագուհի հօրաքրոջդ ամուսինը տնից բացակայում էր,- սկսեց պատմել տատս,- նա մնում էր մէն- մենակ: Այն ժամանակ շաբաթ չէր անցնում, որ մեր քաղաքում սրան-նրան չկողոպտէին: Ես հօրաքրոջդ մենակ թողնել չէի կարող: Գիշերներն անցկացնում էի նրա մօտ, որ գողերից ու աւազակներից պաշտպանեմ:

Մի գիշեր ես ու հօրաքոյրդ քնած էինք տան պատշգամբում,- շարունակեց տատս մռայլ ձայնով:- Ամառ գիշեր էր, սենեակում տօթից շունչ քաշել չէր լինում: Դու գիտես որ նրանց պատշգամբի ծայրում կայ մի լուսամուտ որ նայում է դէպի փոքրիկ պարտէզը: Շատ էի քնել թէ քիչ՝ չգիտեմ: Մէկ էլ լսեցի որ լուսամուտից ինչ- որ ծանր բաներ ընկան պատշգամբի վրայ: Ես զարթնեցի, նստեցի անկողնուս մէջ: Լռութիւն,: Ամէն ինչ հանդարտ էր: Միայն հեռուից, շատ հեռուից լսւում էին շան հաջոցներ: Լուսին չկար, բայց երկինքը պարզ էր, աստղերը պսպղում էին ադամանդների պէս:

Նայեցի աջ ու ձախ. ոչ ոք եւ ոչինչ: Հօրաքոյրդ հանգիստ քնած էր: Ես նորից պառկեցի եւ վերմակը քաշեցի գլխիս: Նոր աչքերս փակել էի, երբ յանկարծ ոտքերիս վրայ զգացի մի ինչ-որ ծանրութիւն եւ ցաւ: Կարծես մէկն ինձ կոխկռտելով անցաւ... Ես արագ վեր ցատկեցի բղաւելով. « Ո՞վ է»: Աստղերի լոյսով պատշգամբի ծայրում ես նշմարեցի հինգ-վեց մութ պատկերներ: Նրանցից մէկը կամացուկ մօտեցաւ այն սենեակի դռներին, որտեղ գտնւում էին հօրաքրոջդ թանկագին իրերը:

Ես հասկացայ որ աւազակներ էին: Իմ ձայնից հօրաքոյրդ զարթնել էր եւ ոտքի կանգնել: Սեւ պատկերներից երկուը մօտեցան ինձ: Կիսախաւարի մէջ ես նկատեցի որ նրանք զինուած են մեծ-մեծ դաշոյններով:

Թոռնի՛կս, մարդ վտանգների ժամանակ չպիտի իրեն կորցնի: Սառնասրտութիւնը յաղթութեան քոյրն է: Ես չշուարեցի: Առանց երկար մտածելու վերցրի վերմակս եւ մի ակնթարթում ձգեցի ինձ մօտեցողների գլխին: Հօրաքոյրդ հետեւեց իմ օրինակին:

- Անիծուածնե՛ր, ես ձեզ կը խեղդեմ շան պէս,- գոչեցի ես եւ երկուսին միասին գրկելով բարձրացրի ու գցեցի լուսամուտից դէպի պարտէզ...

Արտասանելով այս խօսքերը՝ տատս կանգ առաւ: Երկիւղից եւ ուրախութիւնից սիրտս թրթռում էր բռնուած ծտի պէս:

Տատս հանգիստ էր:

- Յետո՞յ, յետո՞յ,- գոցեչի ես անհամբերութիւնից այրուելով:

- Օ՜, հօրաքոյրդ քաջ կին էր,- շարունակեց տատս հիացումով:

- Նա իմ աղջիկն է իսկ եւ իսկ: Մէկին էլ նա շպրտեց դուրս: Ես վերցրի ներքնակս եւ ձգեցի այն մէկի երեսին, որ մօտեցել էր դռներին:

Մնացեալները մօտեցան ինձ: Բայց ես այլեւս վախ չունէի: Յարձակուեցի նրանց վրայ՝ երկար բարձը վերցնելով:

- Օգնութիւ՜ն, օգնութիւ՜ն,- աղաղակում էր հօրաքոյրդ,- մեզ սպաննում են:

Սկսուեց անհաւասար կռիւ երկու անզէն կանանց ու երեք աւազակների միջեւ: Օ՜, միթէ ձեռքիս լինէր մի դաշոյն, ոչ մէկին կենդանի չէի թողնի:

Բակում լսուեցին մարդկանց ձայներ: Մէկը հրացանից կրակեց: Մեր հարեւաններն էին, որ եկել էին մեզ օգնելու: Նրանք զինուած էին՝ ո՛րը հրացանով, ո՛րը դաշոյնով, ո՛րը փայտով:

Յանկարծ կողքիս վրայ զգացի ինչ-որ տաքութիւն, ապա սաստիկ ցաւ: Ձեռքս դրեցի կողքիս, զգացի թացութիւն:

Ինձ վիրաւորել էին դաշոյնով: Արիւնը հոսում էր աղբիւրի պէս: Ես ուշաթափուեցի:

Բայց տունը եւ հօրաքրոջդ կեանքը փրկուած էին: Աւազակները փախան՝ իրենց հետ տանելով իրենց վիրաւոր ընկերներին:



Ալեքսանդր Շիրվանզադէ

***** (ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ)




Ես նայում եմ. իմ առջեւ
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչեւ
Հեռու լերանց այն շարքը

Լայնարձակ, դալարագեղ
Տարածւում են եւ կորչում
Մշուշի մէջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում:

Ուր որ ազատ շրջելով
Ապրում են երէ, գազան,
Եւ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհութեան:

Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարւում է եւ անցնում
Հանդարտ գետը մրմունջով
Հեռո՜ւ, հեռու է գնում:

Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն, ահա, միւս կողմում
Կապոյտ ծովն է մեղմ ծփում:

Ինչքա՜ն ճոխ է, հրաշալի,
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամէն մի շունչ աչքը լի
Կ'ապրի այստեղ համարձակ:

Ես նայում եմ, եւ մի միտք
Յղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում:



Յովհաննէս Թումանեան

Σάββατο 29 Σεπτεμβρίου 2012

***** (ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՀԱ)




Տեսնում եմ ահա- ազգեր են մեռնում,
Ազգեր են ծնւում, եւ արմաւենին
Սուրբ ազատութեան՝ դողդոջուն ձեռքում՝
Բախտն է մօտենում մատաղ ազգերին:

Եւ նախնեաց փառքը նոր արշալոյսով
Ցոլում է նոցա պայծառ ճակատին,
Եւ ահե՛ղ կռւում արիւն քրտինքով
Վաստակած անմահ աճում է դափնին:

Եւ միայն դու ես, իմ խե՜ղճ հայրենիք,
Որ շղթայակապ հեծում ես դարձեալ,
Եւ պատա՛ռ պատա՛ռ կուրծքդ գեղեցիկ-
Ընկած ես որպէս կենդանի մեռեալ...

Եւ անցած փառքիդ աւերակներից
Փրկութեան ոստը դեռ չէ կանաչում,
Կրծքիցըդ հոսած արեան շիթերից
Քո տանջանքների փունջն է ցօղւում:

Բայց, իմ հայրենի՛ք, դու պիտի չմեռնիս,
Ես հաւատում եմ յարութեան օրիդ,
Մօտ է ժամանակ, զարթի՛ր, սիրելի՛ս,
Փրկութեան աստղը վառւում է ճակատիդ:

Ոտքի ե՛լ, հոգի՛ս, շղթադ թօթափի՛ր,
Աչքըդ բա՛ց արա այդ մահուան քընից.
Թէեւ մահամերձ, դու մի ձայն հանի՛ր-
Որդիքդ օգնութեան կը գան չորս կողմից:


 
Յովհաննէս Յովհաննիսեան

ՀԻՆԳ ԱՆԳԱՄ ՀԻՆԳ





Ա


Շատ ուշ լեզու ելաւ Փանջունի, բայց անգամ մը խօսիլ սկսելէ ետք, ա՛լ չգոցեց բերանը: Քանի կը մեծնար, այնքան կ'աճէր իր խօսելու կատաղութիւնը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպուեցաւ բժիշկի մը դիմել՝ այդ անսովոր երեւոյթին դարման մը գտնելու համար:

Բժիշկը քննեց տղան, նայեցաւ լեզուին, կոկորդին եւ աչքերուն: Ապա վճռաբար ըսաւ հայրիկին.

- Ճար չկայ, այս տղան պիտի խօսի միշտ:

- Բայց ա՛լ դիմացուելիք բան չէ տունին մէջ:

- Բամպակ թխեցէք ականջնուդ, ա՛յս է միակ միջոցը,- պատասխանեց բժիշկը:

Ու փոքրիկ Փանջունին կը խօսէ՜ր, կը խօսէ՜ր... Բայց յաճախ սխալ կը գործածէր բառերը: Օր մը կ'առնէ սեղանին վրայ դրուած արժէքաւոր անօթ մը ու գետին նետելով ջարդուփշուր կ'ընէ զայն: Հայրը, իրիկունը գործէ վերադարձին, կը տեսնէ եղածը, կը կանչէ տղան, ցոյց կու տայ կտորուանքները եւ կը գոչէ. 

- Ծօ, ի՞նչ ըրեր ես անօթը:

- Շինեցի՛, հայրի՛կ,- կը պատասխանէ փոքրիկ Փանջունին:

Հայրը ի զուր երկար-բարակ կը բացատրէ թէ երբ առարկայ մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողութիւնը չի բացատրուիր «շինել» բայով, այլ «կոտրել» բայով: Անկարելի եղաւ բառագիտական այդ նրբութիւնը հասկցնել Փանջունիին, որ շարունակեց կոտրել տունի մէջ գտնուած գաւաթները, պնակները, շիշերը եւ ամէն անգամ որ «ի՞նչ կ'ընես» ըսելով կը յանդիմանէին զինք, անխռով կը պատասխանէր.

- Կը շինե՛մ:


Բ


Դպրոցին մէջ Փանջունի ժամանակ կ'անցնէր վիճելով ու ճառ խօսելով, իսկ չէր հետեւէր դասերուն, չհաւնելով կամ դասատուն, կամ դասագիրքը, կամ դասարանը եւ կամ՝ տետրակն ու ծայրը:

Օր մը թուաբանութեան խնդրի մասին վէճ ունեցաւ իր դասընկերներէն մէկուն հետ:

- Հինգ անգամ հինգ քսանհինգ կ'ընէ,- կ'ըսէր ընկերը, որ հարուստ վաշխառու մը եղաւ յետոյ:

- Չէ՛,- կը յամառէր Փաանջունի,- հինգ անգամ հինգ՝ յիսուն կ'ընէ:

- Միւսը տեսաւ որ դժուար է խօսք հասկցնել Փանջունիին, չուզեց պատճառ ըլլալ անօգուտ կռիւի մը ու պատասխանեց հաշտարար ոգիով:

- Լա՛ւ, ես թող այնպէս գիտնամ թէ քսանհինգ կ'ընէ- ա՛լ չխօսինք այդ մասին եւ երթանք ու գնդակ խաղանք միասին:

- Չ'ըլլար,- պնդեց Փանջունի:- Պէտք է որ նախ համոզուիս թէ հինգ անգամ հինգ յիսուն կ'ընէ:

- Այդ անկարելի է:

- Անպատճառ պէտք է որ համոզեմ քեզ.- շարունակեց Փանջունի բողոքելով:

- Երբեք չեմ կրնար համոզուիլ, եւ դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,- պատասխանեց հակառակորդը:

- Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,- մռնչեց Փանջունի:- Առ քեզի համոզիչ ապացոյց մը:

Եւ գետինէն քար մը առնելով իջեցուց ընկերոջ գլուխին: Գլուխը վիրաւորուեցաւ թեթեւապէս եւ տղան բողոքեց ուսուցիչին: Ուսուցիչը իսկոյն կանչեց Փանջունին եւ գոռաց:

- Ինչո՞ւ, պատռեցիր ընկերոջդ գլուխը:

- Զինք համոզելու համար:

Հայրը տեսնելով իր զաւկին այս տարօրինակ ընթացքը, յաճախ կը պոռար՝ ակռաները կճռտելով.

- Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք...



Երուանդ Օտեան

***** (ԵՍ ԵՐԳԻՉ ԵՄ)




Ես երգիչ եմ- երկնի թիթեռ,
Ես գանձ չունիմ- լե՛ռ ու բե՛ռ.
Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ,-
Ծաղկի բուրմունք, կոյսի սէր.
Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,
Տանջուած սրտի երգ ու վէրք:



Աւետիք Իսահակեան

Παρασκευή 28 Σεπτεμβρίου 2012

ԵԱՍԱՄԱՆԻ ԾԱՌԻ ՏԱԿ





Եասամանի ծառի տակ
Եկ նստենք սիրով,
Քնքուշ երգեր երգիր ինձ
Քաղցր խօսքերով:

Ջահել հոգուս համար դու
Կապիր բախտի կամար դու,
Եղիր երկինք ինձ աստղոտ`
Շողոտ, շաղոտ:

Կեանքի գարնան այգու մէջ
Մենք շրջենք խնդուն,
Աչքի լոյսի պէս պահենք
Սէրը մեր սրտում:

Ուրիշ սիրած ես չունեմ
Այս արեւի տակ,
Քեզ օճախս կը տանեմ
Որպէս տան ճրագ:


Խօսք՝ Աշոտ Գրաշիի
Երաժշտութիւն՝ Ալեքսէյի Հեքիմեանի
Կատարում՝ Միհրան Ծառուկեանի

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ





Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացէք, գարուն է գալիս:

Ձմեռը հալուել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դէպի ծովը անյատակ:

Յոգնած թեւերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնաւ ծուէնը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին,
Հանգստանում է մի ոտքի վրայ:

Ժպտալուց առաջ, բողբոջն է լալիս,
Դռները բացէք, գարուն է գալիս:

Աղբիւրներն ուրախ իրար են կանչում,
Իրար են փարւում հովերն արթնացած,
Ծաղկունքի բոյր է հողն արտաշնչում,
Մեղուն քանդում է ակնամոմը թաց:

Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արեւի շողով,
Ուզում է իր նուրբ թեւերը թրջել
Երազում տեսած ծաղկունքի ցօղով:

Ողջ բնութիւնն է հրճուանքից լալիս,
Դռները բացէք, գարուն է գալիս:

Ծիծառներն անցնում փարախի կողքից
Եւ պատուհանի փեղկին են դիպչում,
Իսկ գառը ներսում արեւի շողքից
Խրտնել, անկիւնից-անկիւն է թռչում:

Կանգնել է ներին փարախի դռան՝
Հեռու լեռների երազն աչքերում,
Նեղուել է հովուի սիրտը անվարան՝
Չորս պատերի մէջ էլ չի համբերում:

Լեռներն իրարու ողջոյն են տալիս,
Դռները բացէք, գարուն է գալիս:

Դաշտ է դուրս եկել թրաքթորը նորոգ
Եւ եօթ խոփերով հողն է ակօսում,
Ամպերից ելած ուրախ ու անհոգ
Արեւի շողն է հողի հետ խօսում:

Հողն է մայրութեան հրճուանքից դողում,
Թող որ յաւիտեան ազատ լինի նա,
Թող որ ոչ մի ծիլ չմնայ հողում,
Ոչ մի հաւքի բոյն թափուր չմնայ:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս.
- Դռները բացէք, գարուն է գալիս...



Համօ Սահեան
1950

ՄԵՂՄՈՒԹԻՒՆ




Այսօր եղիր քրոջ պէս-
Անչար, մաքուր եւ գթոտ,-
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչեւ առաւօտ...

Այսօր եղիր որպէս մայր-
Բարի, քնքուշ, նրբազգաց,-
Նստիր խաղաղ մահճիս մօտ,
Մութ գիշերին հետս լաց...

Ամոքիր դու իմ ցաւած
Սիրտը սիրով քո անբիծ,-
Այն մոռացուա՜ծ, մոռացուա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...


Վահան Տէրեան
1912
 

Πέμπτη 27 Σεπτεμβρίου 2012

ՃՇՄԱՐԻՏ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ





Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունեւոր իշխան էր ապրում: Նա ունէր միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հօր ապարանքի քարէ պատշգամբը, ասես արեւ էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց՝ տաճար գնալու կամ զբօսնելու, ամէնքը՝ մեծ թէ փոքր, մարդ թէ կին, ակամայ կանգ էին առնում եւ ամէն ինչ մոռացած՝ նայում էին նրան:

Սակայն, փառասէր հայրը՝ այդ հարուստ իշխանը, դրանով չէր բաւարարւում. ցանկանում էր որ իր դուստրն աւելի չքնաղ երեւայ, որ ո՛չ մի իշխանուհի եւ ո՛չ մի հողեղէն չկարողանայ մրցել նրա հետ: Ու այդ նպատակով նա Բիւզանդիայից բերում էր դստեր համար պէս-պէս զարդեր, կերպասէ հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանուած... Կանչում էր կարող ու յարդարող վարպետուհիներ որ հագցնեն իր դստերը, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով...

Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ որ տեսնեն իր դստեր գեղեցկութիւնը, հիացումի խօսք ասեն ու գոհացնեն իր փառասէր հոգին... Եւ նրանցից ոմանք իրօք իշխանին շողոքորթելու համար գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկութիւնը, հասակը, արդուզարդը, ոմանք խորհուրդ էին տալիս մի մանեակի փոխարէն նրա պարանոցին կապել երկուսը, նոյնիսկ երեքը, իսկ սեւ գիշերագինդերի փոխարէն ականջներից կախել ադամանդակուռ ոսկէ օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրա դէմքի շուրջը՝ առաւել շքեղ դարձնելով նրա գեղեցկութիւնը:

Լսում էր իշխանը հրաւիրեալներին եւ սիրով կատարում նրանց խորհուրդները: Բայց իշխանին դարձեալ չէին գոհացնում այդ բոլորը. նրան թւում էր թէ տակաւին քիչ է պճնուած ր դուստրը, թէ նրա գեղեցկութիւնը ցուցադրելու համար պէտք են աւելի ճոխ հանդերձներ ու շքեղ զարդեր:

Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները, այն մեծ արուեստագէտին, որի համբաւը թնդում էր ողջ Բիւզանդիայում... Կանչում է իր ապարանքն ու ասում.

- Ճարտարապե՛տ եղբայր, խնդրում եմ, տո՛ւր ինձ խորհուրդ թէ ինչպէս հագցնեմ ու զուգեմ իմ դստերը որ նրա գեղեցկութիւնը երեւայ առաւել լաւ:

Ասում է ու հրամայում է սպասուհիներին որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստերը, զուգեն նրան բոլոր ականակուռ զարդերով...

Եւ ամէն մի հանդերձից ու զարդից յետոյ հարցնում է.

- Ի՞նչպէս է, ճարտարապե՛տ եղբայր:

Եւ Տրդատն ամէն անգամ օրօրում է ալեհեր գլուխը.

- Ո՛չ, իշխան, հանեցէ՛ք, վերցրէ՛ք...

Ու երբ վերցնում են բոլոր զարդերն ու պաճուճանքները, իշխանադուստրը մնում է միայն պարզ հագուստով, Մեծ Տրդատն ասում է.

- Այսպէ՛ս, միայն այսպէ՛ս...

- Ուրե՞մն,- զարմանում է իշխանը:

- Գեղեցիկը, իշխա՛ն, կարիք չունի զարդի...



Ստեփան Զօրեան

Ա՛Խ ՎԱԹԱՆ, ՎԱԹԱՆ





Ա՛խ վաթան, վաթան՝ քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հմիկ աւիրուել, մնացել ես անջան:

Ե՞րբ միտք կ'անէի՝ թէ էս հողերը,
Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել ա՜խ հիմիկ անտէր:

Ուր ձեր տէրերը, թագաւորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը:

Ձեր գերեզմանը, ա՜խ ձեր լիս հողը,
Որ հմիկ չեմ տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն, ոսկերքը,
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը:

Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտուի,
Որ հմիկ էսպէս չթռչէի, չգայի,
Ձեր հողը չտեսնէի, ձեր վրայ չլայի:

Հող ունինք՝ խլած, կեանք ունինք՝ մեռած,
Ա՛խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռուի մեզ տանի ցած:

Ի՞նչ կ'ըլի՝ մէկ էլ գլուխ բարձրացնէք.
Ձեր մարդիկը տեսնէք, նրանց ցաւը քաշէք
Ձեր արիւնախառն աշխարն ազատէք,
Եա մէզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահէք:

Աչքս բաց արի՝ խարաբա տեսայ.
Ա՜խ, ո՞վ գիտէր, թէ մեր ազգի վրայ
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ.
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք:

Ա՜խ՝ մեր սիրտն էսպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել.
Երաբ կը տեսնի՞մ ա՛խ ես մէկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատիլ:

Էն ի՞նչ շունչ կ'ըլի որ էս նոր հոգին
Փչի, վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կ'ըլի, որ մեր աշխարքին
Էլ եդ սիրտ տայ ու կանգնացնի կրկին:

Ա՜խ ես էն ձեռին կեանքս ղուրբան կ'անեմ
Էն կոխած հողին երեսս կը քսեմ.
Ապրիմ՝ իմ արինս նրան մատաղ կ'անեմ,
Մեռնիմ հողիցն էլ միշտ նրան կ'օրհնեմ:

Կանգնել ես էդպէս գլուխդ ամպին խփած
Ա՜յ խեղճ ալեւոր, երեսդ փակած.
Ի՞նչ կ'ըլէր՝ Մասիս, ա՜խ դեռ աչքդ բաց,
Սրի չտայիր քո որդիքն էրուած:



Խաչատուր Աբովեան 

ՉԸՍԻՐՈՒԵԼՈՎ...




Չսիրուելով սիրելէ
Յոգնած, յոգնած եմ հիմա.
Գիտեմ թէ ձեր գործը չէ,
Բայց պէտք է Իրը ըլլայ:

Կը գանգատիմ Աստուծոյ
Ծարաւ, չորցած բերանով՝
Որ այս սրտին հնածոյ
Չցուցուց պուտ մը գորով:

Անով իմ կեանքըս ծաղկեր
Պիտի աղուոր ծառ մ' իբրեւ
Ու պիտի տար վառ միրգեր...

Մինչ անպըտուղ, անտերեւ՝
Կը նմանիմ ես այսօր
Ցանկապատին փայտին չոր...



Վահան Թէքէեան

Κυριακή 23 Σεπτεμβρίου 2012

ՆՈՃԻՆ





Կապոյտն ի վեր խորասոյզ
Սա մեծ նոճին կը նիրհէ.
Զինք խըռովող ո՛չ մէկ յոյզ
Կ'ընդունի ան աշխարհէ:

Ու մենաւոր ու խոհուն՝
Կը զգայ զեփիւռն հազիւ թէ.
Գիշերներուն մէջ անհուն

Երբեմն յանկարծ կ'աղօթէ:
Ու կը նիրհէ՜, կը նիրհէ՜...
Մինչեւ որ մութ հեռուէն
Շանթ մ' հորիզոնն հըրդեհէ:

Ահ, մեծ նոճին, այն ատեն,
Փոթորիկին տակ գալարուն:
Կ'երգէ իր Ցա՜ւն անանուն...



Մատթէոս Զարիֆեան

Τρίτη 18 Σεπτεμβρίου 2012

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏԸ




Գեղեցիկ է Արարատեան Դաշտի ձմեռը: Հորիզոնը փակում են Մասիսի զոյգ սպիտակափառ գագաթները՝ հանդարտ ու պատկառելի: Եւ միթէ այս երկնամերձ պահակները չե՞ն ստեղծում այն անդորրը, որ տիրում է Արագածից մինչեւ Արաքս... Ահա՛ գորշ-դեղնաւուն այգիները: Իսկ այգիների գորշութեան մէջ ծիծաղում են արարատեան գիւղերն իրենց թիթեղեայ եւ կղմինտրէ տանիքներով ծածկուած տուֆաշէն առանձնատներով: Ձմեռային արեւի շողերի տակ պէծին են տալիս լայն լուսամուտների եւ ջերմոցների ապակիները:

Ձմեռային անշարժութիւնն ու լռութիւնը խզում են բարեկարգ ասֆալթէ ճանապարհներով տարբեր ուղղութիւններով սուրացող բեռնատարներն ու մարդատարները, որոնք սլաքների պէս անցնում են թափուր այգիների միջով ու անյայտանում: Թրաքթորներն ու էքսքաւաթորները հռնդում են ու փնչացնում:

Անպատմելի է քաղցրութիւնը երդիքների անոյշ ծխի, որն այնպէս կապոյտ բարձրանում է ու ձուլւում է երկնի մովի հետ. կարծես երկնակամարը, որ այնքաան լազուարթ է, իր գոյնն ստացել է պապենական օճախների ծխից: Ահա եւ աղաւնիների երամը, որ քնած դաշտերի վրայով անցնում է որպէս խաղաղ աշխատանքի աւետաբեր:

Արարատեա՜ն հովիտ, գեղեցի՜կ ես դու գարնանը, երբ ծաղկում են հազար թոյրի ու բոյրի քո ծառն ու ծաղիկը: Հմայի՜չ ես դու, երբ քո հուրհրան ու բազմերանգ ծաղիկները ալեկոծւում են հայրենի քնքոյշ զեփիւռից եւ իրենց սօսափիւնով դառնում քո երջանկութեան անմահ երգը:

Թովի՜չ, կախարդակա՜ն ես դու, Արարատեան սո՜ւրբ հող, թովիչ է քո ամառը բազմաբեղուն, քո ամառը հրէ, երբ թւում է, թէ քո արեւը չի ցանկանում գնալ իր հանգստարանը, վաղ արշալոյսից մինչեւ ուշ երեկոյ մայրաբար շռայլում է իր լոյսի ու ջերմութեան բարիքները, քո դեղձին ու նուռին տալով իր բուրմունքները, իր երանգները, իր ուժն ու իր անոյշութիւնը...

Աշո՜ւն... Ո՛վ կեանքում գէթ մէկ անգամ տեսել է արարատեան աշունը, երբեք չի մոռանայ այն, թէկուզ աշխարհի ամենահեքիաթային վայրում եղած լինի:

Այգիների ցանկապատերի եզրին, առուների ափերին, գիշեր-ցերեկ անոյշ սօսափում են, իրենց սաղարթներն են խշխշացնում հայրենի բարտիները: Զուլալ կարկաչում են առուները, իրենց հետ տանում ոսկեթոյր տերեւները, արնագոյն մասուրը, նարնջացոլ դեղձը, կարմրաթուշ խնձորը, սաթէ տանձը, կրակէ շապիկ հագած փշատը: Ջրերի ափին,, ջրերի կարկաչին ունկնդրում է վարդագոյն զանգակագլուխներով խնձորուկը: Նորից են բարձրանում բուրաւէտ դաղձն ու հազարերանգ ծաղիկները արեւի շողերի ներքոյ: Դեղձենին, սերկեւիլենին եւ ընկուզենին կարծես հեքիաթային տօնածառեր լինեն, որոնք վառւում են բիւրաւոր լոյսերով: Խաղողի որթերը ճկռտում են, հառաչում, տնքում հիւթառատ, բազմերանգ ողկոյզների ծանրութիւնից...

Արարատեա՜ն Դաշտ, թանկ են իմ սրտին հայ մշակի ազնիւ քրտինքով ցօղուած քո իւրաքանչիւր թիզ հողը, քո զաւակների արիւնով ներկուած իւրաքանչիւր քարն ու ժայռը: Թո՛ղ յաւերժ հնչի քո աղուտներն արգասաբերող, քո վերջին քարքարուտները մաքրող, քո հողի վերջին կտորը փայփայող քրտնաթոր որդուդ աշխատանքի երգը՝ հայրենի խաղաղ երկնքի ներքոյ:



Քրիստափոր Թափալցեան

ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ




Հարսի նման ճերմակ հագար,
Ծաղկած բալենի,
Կարծես յոյսի ճամբով եկար,
Իմ յոյս բալենի,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ,
Իմ քոյր բալենի:

Ախ, ուզում եմ դողալ քեզ պէս,
Հարսնաքօղի տակ,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ,
Իմ քոյր բալենի:
Քեզ տեսնելիս լցւում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:

Դու ինձ հիմա շատ ես նման,
Քո բոյր ու նազով,
Քեզ տեսնելիս լցւում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:



Խօսք՝ Լիւդվիգ Դուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կատարում՝ Լուսինէ Գասպարեանի
 

Δευτέρα 17 Σεπτεμβρίου 2012

***** (ԵՍ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ)




Ես մտածում եմ միայն քո մասին,
Ես ի՞նչ եմ, ոչինչ, ես կամ ու չկամ,
Կը հալուեմ որպէս ձիւնեղէն փոշին,
Իսկ դու Մասի՛ս ես մշտնջենական:

Դու եղիր յաւե՜րժ, յաւե՜րժ երջանիկ,
Քեզ չեն տատանի մրրիկները մառ,
Ես, իմ Հայաստան, իմ մայր Հայրենիք,
Կ'ապրեմ, կը մեռնեմ քո բախտի համար:


Աշոտ Գրաշի

Παρασκευή 14 Σεπτεμβρίου 2012

ԿՈՏՐԵԼԷՆ ԵՏՔԸ





Հարկաւ ազնիւ յախճապակի էր այս սուրճի սկահակը իր պզտիկ պնակին մէջ, երբոր նուէր բերին ինծի օր մը:

Տուողը, բարեկամներէս մէկը, որուն պզտիկ ծառայութիւն մը մատուցեր էի, ըսաւ թէ չնչին բան մըն էր տուածը:

Ասիկա զատեր էր, որպէսզի սուրճը անոր մէջէն խմեմ եւ միշտ յիշեմ զինք այս առթիւ:

Պարզ զարդի համար տեղ մը դրինք: Քանի մը օր վերջը հոս ու հոն նետուեր էր. անգամ մը պզտիկ զաւկիս ձեռքը տեսայ. հետը կը խաղար ու ժամանակ կ'անցընէր: Օրին մէկն ալ ձեռքէն վար ինկաւ, հազար կտոր եղաւ:

Անցած օր անոր պզտիկ պնակը ձեռքս անցաւ. սրտի նեղութեան մէկ վայրկեանիս, նուրբ գծագրութիւններն ու գունագեղ կիտուածները կը զննէի: Ստուգիւ գեղեցիկ արուեստի մը հրաշակերտ էր: Յանկարծ, իրարու ՝փաթթուած երկու տառեր նշմարեցի՝ վրան արքայական զինանշանով: Ճիշդ դիմացի կողմը շրջանակին՝ միեւնոյն զինանշանը ու միեւնոյն սկզբնատառերը:

Այս տառերը ֆրանսերէն Լ եւ Ֆ տառերն էին. եւ ահա լոյսը ծագեցաւ միտքիս մէջ: Լուի Ֆիլիփի կը վերաբէր այդ սուրճի սկահակը իր պնակով:

Ա՛լ տարակոյս չկար, Ֆրանսիայի թագաւորինն էր անիկա. զարդարուն ու նրբակերտ շինուածքը բաւելու էր արդէն մէկ նայուածքով ճշդելու թէ ան սովորական մահկանացուի յատուկ բան մը չէր կրնար ըլլալ:

Եւ հիմա որ կտրած, փշրուած էր այդ խեղճ սկահակը, որուն արժէքը չէի կրցած ըմբռնել, երբոր տարիներ մնացեր էր քովս, ձեռքիս տակ, հիմա որքան կը զղջայի ըրածիս վրայ, որչափ կը կշտամբէի ինքզինքս՝ քիչ մը հոգ եւ ուշադրութիւն չտանելուս համար թանկագին բան մը հասկնալու եւ պահպանելու:

Բարեկամութիւններն ալ ատանկ են շատ անգամ. ամենադոյզն արժէք մը չենք տար այն սրտերուն, որոնք յօժար ու լուռ հաւատարմութեամբ մը մեզի կը սպասեն, եւ հարկ է որ այդ սրտերը խորտակուին, որպէսզի կորուստին մեծութիւնը կարենանք զգալ ու չափել:

Այսպէս պատահեցաւ իմ սուրճի սկահակիս համար ալ: Ճանչցայ... կոտրելէն ետքը:



Գրիգոր Զօհրապ

ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐՏԴ ՍԱՌՆ Է, ԵԱՐ





Դարձեալ նազով տեսայ ես քեզ, իմ աննման գեղանի,
Սերդ այրում է, դու տանջում ես քո նազերով, նազանի,
Հուր հայացքդ ու նայուածքդ մարդու խելքը կ'առնէ, եար,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՜ր:

Սրտիս խորքից, եա՛ր, քո անուան բիւր երգեր եմ նուիրել,
Սիրոյ երգս էլ լսող մարդիկ քեզ յարգել են ու սիրել,
Հիմա սիրոյ քաղցրիկ երգս էլ քո ականջին դառն է, եա՛ր,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՛ր:
Հավասին եմ, կ'ուզեմ վերջ տալ սիրոյ երգին բերկրանքի,
Սակայն, ինչպէ՛ս մոռանամ ես յուշերն անուշ մեր կեանքի,
Ինչպէ՛ս հանեմ սէրդ ինձանից, իմ հոգու հետ խառն է, եա՛ր,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՛ր:



Խօսք՝ Գուսան Հավասիի
Երաժշտութիւն՝ Գուսան Հավասիի
Կատարում՝ Յովհաննէս Բադալեանի