Δευτέρα 27 Ιουνίου 2011

ՍԷՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՒԻ



Սէրս վանքում Տաթեւի մոմեր վառած կ'աղօթէր,
Մօտեցայ որ համբուրեմ, ասաց տղայ, ամօթ է,
Ասի երդուիր, քո սէրն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբոյրը անարատ:

Սարեր ձորեր վկայ են, հանդ ու չոլեր վկայ են:
Ախս մինչ երկինք հասաւ, երկնի աստղեր վկայ են:

Վանքի վառուող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խօսքը չաւարտած, նայեմ տեսնեմ նա չկայ:
Ասի Աստուած փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկութեան աստուածն էր:

Նորէն տեսայ հանդէսում սրբուհուն իմ երազի,
Ասի բախտս գտել եմ, կը հասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նուիրեց, երբ աչքով սէր խոստացաւ
Սիրոյ թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացաւ:

Նա իր զմրուխտ թեւերով բարձրունքները ինձ տարաւ,
Ասաց, դու լաւ կ'երգես, թէ մնաս սիրուս ծարաւ:
Գուսան Աշոտ քո եարի սուրբ մաղթանքը կատարուեց,
Այնքան պիտի երգ հիւսես, երգ հիւսելով ցամաքես:


Խօսք՝ Գուսան Աշոտ
Երաժշտութիւն՝ Գուսան Աշոտ
Կատարում՝ Նորայր Մնացականեան

ՔՆԱՐԱԿԱՆ




Ամպեց, կորաւ լուսնկան,
Արտեր մտէք քուն:
Արտով կ'անցնի իմ ճամբան,
Կ'երթամ եարիս տուն: 

Սէրս գաղտնի թող մնայ,
Սէրս եարիս պէս,
Ճամբէն պիտի չիմանայ,
Թէ ուր կ'երթամ ես:

Մենակ եարս կ'իմանայ,
Թէ ուր կ'երթամ ես:
Մէկ էլ ծովակն իմ Վանայ
Մօրս աչքի պէս:


Խօսք՝ Յովհաննէս Շիրազ
Երաժշտութիւն՝ Վլադիլէն Պալեան
Կատարում՝ Լաուրա Նալպանդեան




















ԱՌԱՋԻՆ ՁԻՒՆԸ





Լուսաբաց էր մարմար,
Թափւոմ էր թեթեւ առաջին ձիւնը.
Հոգիս ուզեց յանկարծ
Այդ անդորր պահին
Տեսնել քո տունը:

Եւ անցայ ես խաղաղ,
Անցայ ես խաղաղ ձեր փողոցով.
Նիրհում էր աշխարհը պաղած
Լռում էր ճերմակ մի ծով:

Եւ քո տան մուտքի մօտ,
Հեռուից դեռ,
Տեսայ քո համաչափ քայլերը
Խառնուած ուրիշի
Քայլի հետ,
Իսկ շուրջը
Մաքուր ու անդորր էր:
Իսկ յետով աշխարհում այս,
Որ անհուն ու անծիր է,
Երբ տեսնում եմ ձիւնին
Քայլերի հետքեր կան,

Թւում է ամէն տեղ
Նրա հետ անցել ես,
Եւ աշխարհի սրտում
Սրտիս պէս
Վէրքեր կան:


Մարօ Մարգարեան
1952

Σάββατο 25 Ιουνίου 2011

ՍԱՐԵՐ Կ'ԱՂԱՉԵՄ





Սարե՛ր, կ'աղաչեմ, իջէք՝ ցածրացէք,
Գնում եմ եարիս, մի ճամբայ բացէք,
Աստուած կը սիրէք, ճամբէս մի՛ք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կը շտապի:
Կարօտ, ա՛խ, կարօտ, ջիգեարըս եարոտ,
Հէ՛յ, ճամբէս չաթին, փշոտ է, քարոտ.
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին տարան:
Շերա՜մ, սէգ եարիդ սիրտն է սառել,
Էլ ի՞նչ ես ի զուր փարվանա դառել,
Չոքել կ'աղաչես սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած յարին:

Խօսք՝ Աշուղ Շերամի
Երաժշտութիւն՝ Աշուղ Շերամի
Կատարում՝ Նորայր Մնացականեանի

ՍԱՐԵՐ Կ'ԱՂԱՉԵՄ



Սարե՛ր, կ'աղաչեմ, իջէք՝ ցածրացէք,
Գնում եմ եարիս, մի ճամբայ բացէք,
Աստուած կը սիրէք, ճամբէս մի՛ք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կը շտապի:

Ձեր փէշին թօշնած տերեւի նման,
Ընկած եմ վաղուց անյոյս, անգիւման,
Թոյլ տուէք անցնիմ երթամ եարիս մօտ,
Բալքի մէկ տեսնիմ՝ չմեռնեմ կարօտ:

Կարօտ, ա՛խ, կարօտ, ջիգեարըս եարոտ,
Հէ՛յ, ճամբէս չաթին, փշոտ է, քարոտ.
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին տարան:

Խլեցին տարան, արեւըս սեւցաւ,
Բաժին աշխարհքըս վերանայ դարձաւ,
Ապրում եմ, համա ապրումներ չունիմ,
Էլ ուրիշ մէկին սէր-սավդա չունիմ:

Շերա՜մ, սէգ եարիդ սիրտն է սառել,
Էլ ի՞նչ ես ի զուր փարվանա դառել,
Չոքել կ'աղաչես սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած եարին:

Աշուղ Շերամ
1920


ԳԻՇԵՐԵՐԳ




Ես ամբողջ գիշեր քեզ էի կանչում,
Քեզ էի յիշում ես ամբողջ գիշեր,
Ինձ ամբողջ գիշեր քո սէրն էր տանջում,
Ախ էի քաշում ես ամբողջ գիշեր:

Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկայ վերադարձ,
Առի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դէպի լուսաբաց:

Կեանքը տրւում է միայն մի անգամ,
Երկու կեանք երբեք չի ունեցել մարդ,
Վայելիր վերջին ակնթարթն անգամ,
Մի յանձնիր քնին ոչ մի ակնաթարթ:

Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկայ վերադարձ,
Առի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դէպի լուսաբաց:

Լսել եմ սրտիդ զարկերը հեռու
Եւ ամբողջ գիշեր զրկուել եմ քնից,
Եթէ իմ ձայնից չես արթնանալու,
Գոնէ արթնացիր սրտիդ զարկերից:

Ինչո՞ւ ես դրել գլուխդ բարձին,
Անցնող ժամերին չկայ վերադարձ,
Առի չսպասենք մենք լուսաբացին,
Արթնացիր, թռչենք դէպի լուսաբաց:


Համօ Սահեան
1945

Τρίτη 21 Ιουνίου 2011

ԵՐԳԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ






Ես քեզ համար եմ ապրում, նազելիս,
Մանուշակներ են աչքերդ անմար,
Չկայ քեզ նման գարուն, նազելիս,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:

Հերիք է մաշեմ ճամբէքը քարոտ,
Մենակ տղայ եմ` քո սիրուն կարօտ,
Դու կանաչ կեանքիս վարդ անուշահոտ,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:

Իմն է եւ քոնը աշխարհը սիրուն,
Արեւոտ սարը, անտառը սիրուն,
Երկնքի կապոյտ կամարը սիրուն,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:

Ես ծարավ ճամբորդ, դու` վարար աղբիւր,
Թոյլ տուր մօտենամ, ջուր խմեմ մաքուր,
Քո ալ շուրթերից առնեմ վառ համբոյր,
Ծաղկիր ինձ համար, երգիր ինձ համար:


Խօսք՝ Աշոտ Գրաշիի
Երաժշտութիւն՝ Ալէքսէյ Հէքիմեանի
Կատարող՝ Րաֆֆի Յովհաննիսեան

ՍԻՐՈՅ ԱՂԲԻՒ՜Ր



Ահա կու գամ երջանկութեան ակերէն.
Արիւնըս դե՜ռ երազօրէն կը հեւայ,
Ու արցունքներ արտեւանունքըս կ'այրեն:

Աղբի՜ւր, աղբի՜ւր, ինչ հըրճուանքով տենդագին
Երկարեցի թըշուառ շրթնե՛րըս ակիդ,
Ու ի՜նչ սիրով ըմպեցի ջո՛ւրըդ անգին:

Օհ, կ'ուզէի մընալ յաւէտ ակիդ քով,
Նիհար ճակատս կռթնցընել քու քարիդ,
Թաղուիլ ջուրիդ երջանկութե՜ան պատանքով:

Ու կ'ուզէի հալիլ կուրծքիդ մէջ անհետ,
Լոյծ մարմնոյդ մէջ կաթի՜լ մ' ըլլալ, կէ՜տ մ' ըլլալ,
Երգե՜լ, հեւա՜լ, քեզի նըման, քեզի հետ:

Ի՜նչ մոգութիւն կար մարմինիդ մէջ համակ,
Ի՜նչ կ'ըսէին ալիքներըդ վազելով,
Ու ի՜նչ հմայք կար փրփուրիդ մէջ ճերմակ:

Շրթունքըս դե՛ռ քեզ կը փնտռեն տենդագին,
Ու հըրատապ այտերէս վար մեղմօրէն,
Դողդըղալով կը սահի ցօ՛ղը կեանքին...

Ահա կու գամ երջանկութեան ակերէն...


Ռուբէն Սեւակ

ԳԱԶԷԼ




Ծփում է ծո՛վը կապոյտ,- թոյլ տուր նայեմ աչքերիդ,
Զո՜ւր են աչքերըդ ամպում,- թոյլ տուր նայեմ աչքերիդ.

Հիմա նստած ենք քեզ հետ. դեռ խօսո՜ւմ ենք այս ափում,
Բայց ա՛փն էլ է խարխափում,- թոյլ տուր նայեմ աչքերիդ.

Ծփում է ծո՛վը կապոյտ,- ո՞վ գիտէ՝ ո՛ւր գնամ ե՛ս,
Եւ ո՛ւր գնաս դու կեանքում,- թոյլ տուր նայեմ աչքերիդ.

Ալիքն ի՛նքն էլ չգիտէ՝ շա՞տ կը մնայ այս ափում,
Աչքերըդ զո՜ւր ես փակում,- թոյլ տուր նայեմ աչքերիդ:


Գէորգ Էմին

Τρίτη 7 Ιουνίου 2011

***** (ԱՅՆՊԷՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ)





Այնպէս ուզում եմ
Անունդ թողնել
Կէս-գիշերային
                              աւազի վրայ,
Որ լուսաբացին
Նա արտացոլուած
                              լինի ցօղերում,
Մինչեւ քեզ հասնի
Ձայնին մշուշով պարուրուած խօսքս...

Ու ես փախչելով
Հին լռութիւնից,
Կ'ընդունեմ իսկոյն
Սիրոյ հրամանն անխուսափելի:


Խօսք՝ Ալիսիա Կիրակոսեան
Կատարող՝ Էլիա Թաշճեան

ԴՈՒ





Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
          հասարա՜կ մի դերանուն,
Եւ ընդամէնն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տէր անում...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմութեանն եմ ընտելանում...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Եւ ահա ես
Երջանկութեան համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եւ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնուելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...


Դո՛ւ,
          երկու տա՜ռ,
Ու երբ յանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքուած տան պէս ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտէրանում,
Եւ կսկիծը, ցեցի նման,
Բոյն է դնում իմ սիւնի մէջ,
Ձեղունի մէջ ու գերանում...


Դո՛ւ,
          երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
          հասարա՜կ մի դերանուն...


Խօսք՝ Պարոյր Սեւակի
Կատարող՝ Ռայիսա Մկրտիչեան

ԿՌՈՒՆԿՆԵՐ





Ձիւն է իջել բարձր սարին,
Ծաղիկներս մրսում են,
Նայում եմ քո ճանապարհին,
Ես առանց քեզ տխրում եմ:

Կռունկները եկան անցան,
Դու նրանց հետ մի գնայ,
Առի, վառի իմ տան լոյսը,
Դու մնայ, դու մի գնայ:

Քո հասակը կանաչ բարտի,
Ինձ թող ապրեմ քո շուքին,
Ես նման եմ շաղոտ վարդի,
Ինձ խառնիր, քո շշուկին:

Կռունկները եկան անցան,
Դու նրանց հետ մի գնայ,
Առի, վառի իմ տան լոյսը,
Դու նրանց հետ մի գնայ,
Քոնն է սիրտս, կարօտ սիրտս,
Դու մնայ, դու մի գնայ:

Խօսք՝ Լիւդվիգ Դուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի

Δευτέρα 6 Ιουνίου 2011

***** (ԴՈՒ ՔԱՅԼՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ)




Դու քայլում ես հիմա մենակ ձմեռային քո քաղաքում,
Եւ մարդիկ քո կողմն են նայում, ինչպէս մրսածը՝ արեւին,
Գուցէ հոգնա՜ծ ես դու այսօր,
Գուցէ թախի՜ծ կայ քո հոգում,
Սակայն երգո՛ւմ ես երեւի:
Ես դեռ զգո՜ւմ եմ շուրթերիս ջերմութիւնը քո շուրթերի
Եւ շուրթերս՝ երգ գրելիս քո անո՛ւնն են տալիս կրկին,
Կարօտո՜ւմ են աչքերս դեռ ձիթապտուղ քո աչքերին,
Եւ սիրտըս՝ քո բարի սրտին:
Բայց ես ա՛յդ չեմ ուզում ասել: Հե՜շտ է գերուել քո հմայքով,
     Բայց կա՞յ մէկը, ասա՛, անգի՛ն,
          Որ երբ լինում ես դու տրտում
Հասկանայ, որ լալի՜ս ես դու քո զրնգուն, ուրախ երգով,
Զգայ, որ վի՜շտ կայ քո սրտում:
Որ չշոյի՜ ձեռքդ ճերմակ՝ երբ յենարա՛ն է նա փնտռում,
Չհամբուրի՜ շուրթերը քո՝ երբ սեղմել ես նրանց ցաւից,
Հուր չփնտռի քո աչքերում, ուր արցո՜ւնքն է փայլում մթնում
Ինչպէս ջո՛ւրը քարանձաւից:
Չէ՞ որ առաջ կնոջ հմայքն՝ ապա՜ է սիրտը երեւում,
Իսկ դու չքնա՜ղ ես աւելի, քան պէ՛տք է այդ, որ քեզ զգան...
Դու ուրա՜խ ես, երգի՜ր անգին,
Իսկ վշտանաս երբ քո հեռւում,
Անունս տո՛ւր, եւ ես կու գա՛մ:


Գէորգ Էմին

ԴՈՒ ԻՆՉՊԷՍ ՄԻ ԱՍՏՂ





Ինչ-որ մի լոյս ցոլցլաց երազիս մութ խորքում,
Զարթնեց մի այրող կարօտ իմ հոգում:
Վեր թռայ ես գիշերուայ կեսին,
Դու եկար ինչպես տեսիլ...

Ինձ փարուեցիր զղջումով ու իջար դու ծունկի,
Շողաց մի մոլոր կաթիլ արցունքի:
Սիրտդ լի էր զղջումով մի լուռ,
Ինձ տուիր անուշ մրմուռ:

Քեզ գրկեցի ներումով ու համբոյր բաշխեցի,
Բայց դու մի աստղի նման մարեցիր,
Դու ընկար ցած երկնքից սիրուս,
Իմ սրտում դողաց մի լոյս...



Խօսք՝ Գարիկ Բանդուրեանի
Երաժշտութիւն՝ Ռոպէրթ Ամիրխանեանի
Կատարողներ՝ Ռայիսա Մկրտիչեան, Ռուբէն Մաթեւոսեան

ԵՍ ՉԵՄ ՆԱՅԻ



1

Ես չեմ նայի այս երկնքին,
Քո աչքերը քանի կան,
Ու կը ժպտամ ես ամէնքին,
Քո աչքերը քանի կան.
Դու ե՞րբ բերիր, ինչպէ՞ս բերիր
Այսքան գարուն իմ կեանքին,
Մանկացել եմ կարծես կրկին,
Քո աչքերը քանի կան:

2

Ես նայում եմ քո աչքերին,
Երբ տխրում եմ ես,
Գիշերները՝ մռայլ պահին,
Երբ տխրում եմ ես...
Դու շոյում ես կարօտանքով
Մազերս ու հոգիս.
Եւ ի՜նչ լաւ ես ժպտում, անգին,
Երբ տխրում եմ ես...


Անդրանիկ Թէրզեան

***** (ԻՆՁ ՉԷՔ ՀԱՍԿԱՆԱՅ)




Ինձ չէք հասկանայ, մով մանուշակներ,
Կապոյտ ծաղիկներ, ինձ չէք հասկանայ,
Քանի նա ունի կապուտակ աչքեր,
Կապոյտ ծաղիկներ, ինձ չէք հասկանայ:

Ինձ չէք հասկանայ, սպիտակ վարդեր,
Ձիւնէ ծաղիկներ, ինձ չէք հասկանայ,
Նա ունի քնքուշ, սպիտակ այտեր՝
Սպիտակ վարդեր, ինձ չէք հասկանայ:

Ա՜խ, թէ հասկանար, թէ սիրէր նա ինձ,
Չէիք թառամի, կապոյտ ծաղիկներ,
Դուք էլ կրակուող մեր համբոյրներից
Կը կարմըրէիք, սպիտակ վարդեր...


Յովհաննէս Շիրազ

ՈՐՏԵՂ ԳՏՆԵՄ ՔԵԶ




Քարից թռան երկու կաքաւ,
Թռան սրտիս պէս,
Ա՜խ, դու իմ եար, ա՜խ, դու իմ լաւ
Որտեղ գտնեմ քեզ:
Արևի հետ դու գնացիր`
Լուսնի հետ առի,
Դու չես գալիս, ամէն օրս
Դարձել է տարի:

Սիրտս բացուել է վարդի պէս
Առի գարնան արեւի պէս,
Ա՜խ, հովերն ել չեն գտնում քեզ
Առի, եար, առի:
Վա՜յ լէ լէ լէ, վա՜յ լէ լէ լէ
Աչքս արցունքով լցուել է,
Ա՜խ, հովերն էլ չեն գտնում քեզ
Առի, եար առի:

Հաւքերն անցան երամ-երամ
Բայց ես մենակ եմ,
Այրւում եմ ես, դու չես տեսնում,
Կանչող կրակ եմ:
Քեզ չեմ տեսել ամբողջ տարի,
Իմ արեւ, առի,
Մի թող դառնամ լացող աղբիւր
Քո ճանապարհին:

Կեանք եմ ուզում, որ սիրեմ քեզ,
Որ չնայեմ տխուր ամպին,
Որ մազերդ շողերի պէս
Փռես իմ ճամբին:
Վա՜յ լէ լէ լէ, վա՜յ լէ լէ լէ
Աչքս արցունքով լցուել է,
Ա՜խ, հովերն ել չեն գտնում քեզ
Առի, եար, առի:
Առի, շուտ առի:


Խօսք՝ Լիւդվիգ Դուրեան
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի

ՍԻՐՈՅ ԵՐԳ



Բարտի ծառի տակ քեզ եմ սպասում,
Կանաչ հանդերի ճամբով շուտ արի,
Արտերը կամաց երգեր են ասում,
Ծաղկունքն են բուրում քո ճանապարհին:

Արտոյտներն ուրախ մեր սէրն են երգում,
Հովերը կարծես համբուրում են մեզ,
Արեւը սարին գլուխն է թեքում,
Բարտի ծառի տակ սպասում եմ քեզ:

Հարսերի նման ծառերը ծաղկուն
Ճիւղերն օրօրում, կանչում են, արի,
Երգում է անուշ գըլգըլան առուն
Ու զով տարածում քո ճանապարհին:

Քո քայլերի հետ իմ սիրտն է բախում,
Արեւը արդէն մայր մտաւ կարծես,
Երկինքը կապոյտ իր քօղն է կախում,
Բարտի ծառի տակ սպասում եմ քեզ:


Գեղամ Սարեան

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ




Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակւում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜յս են ուզում խմորել:

Քո թեւերի՛, բա՛ց թեւերի, մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվէժնե՜ր, են երեւում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտօնաթո՜ղ է դարձել:

Քո քայլուածքի՛, քո քայլուածքի՛, քո քայլուածքի, պատճառով
Լսողութեամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցա՛ծըս՝ հպարտութի՜ւնս յաղթողի:


Պարոյր Սեւակ
23 Մարտ 1959

ԷՍԹՈՆԱԿԱՆ ԵՐԳ





Երբ կը յոգնես, կը գազազես աշխարհից՝
Դարձիր իմ մօտ, վերադարձիր դու նորից.-
Ցաւած սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել:

Եթէ բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջոյն տան
Գուցէ ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին:

Եթէ հեռւում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնէ անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կը ցաւի
Անմխիթար մորմոքումից քո ցաւի...


Վահան Տէրեան
1906

***** (ԴԻՒԹԵՑԻՆ ԻՆՁ ՔՈ ՄԱԶԵՐԸ)


Դիւթեցին ինձ քո մազերը ալեծածան
Եւ աչքերիդ խորութիւնը խորախորհուրդ,
Եւ քո քնքուշ ժպիտների խօսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մէջ մի քաղցր մութ...
Դիւթեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խօսքերի զանգակները զուարթաձայն.
Շուրթերըդ- վարդ բոցավառուած են իմ առաջ
Ցանկութիւնով արիւնատենչ ու մեղսական:
Մութ ցանկութեամբ ես քո կանչող գիրկն են ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կայ սիրուց անուշ մի հիացում,
Քո խաւարում- մոռացութեան մի ակնթարթ...


Վահան Տէրեան
1908

***** (ԴՈՒ ՎԱՅՐԻ ԺԱՅՌԻ ԾԱՅՐԻՆ)



Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայե՜մ, նայե՜մ վարից
Ու քեզնից կարօտ մնամ.
Դու խորունկ, խորունկ ձորում
Ինձ կանչող կարկա՜չ լինես,
Ես անզօր նայե՜մ վերից
Ու քեզնից ծարա՛ւ գնամ:

Դու ծաւի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անյոյս նայե՜մ ափից
Ու քեզնից անմա՛ս մնամ.
Դու յաւերժ մօ՜տ ու հեռո՛ւ՝
Մեր Մասիս սարը լինես,
Ես նայե՜մ, այրուե՛մ անվերջ
Ու քեզնից անհա՜ս մնամ...


Խօսք՝ Սիլվա Կապուտիկեան
Կատարող՝ Հրաչուհի Խումարեան

***** (Կ'ՈՒԶԷԻ ՀԻՄԱ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ)


Կ'ուզէի հիմա քո ճանապարհին
Ամէն, ամէն ինչ զուգել, զարդարել,
Դու կասկածէիր կեանքում շատերին,
Բայց չիմանայիր որ ես եմ արել:

Եւ ամէն գիշեր պատուհանիդ տակ
Կ'ուզէի գարնան ծաղիկներ դնել,
Դու լուսաբացին առնէիր դրանք,
Բայց չիմանայիր որ ես եմ դրել:

Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կ'ուզէի նրան իմ կեանքով շեղել...
Դու երկար, երկար ապրէիր կեանքում
Եւ չիմանայիր՝ ով եմ ես եղել...


Արամայիս Սահակեան

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ





Դու ինձ համար սիրոյ աղբիւր,
Ես քեզ համար գուցէ ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար գուցէ ոչինչ:

Հեռուից ես քեզ գոնէ տեսնեմ, սիրեմ,
Որպէս կեանքիս չքնաղ երազ,
Արեգակին պէտք է հեռուից նայել,
Կ'այրի եթէ շատ մօտենաս:

Կեանքում դու միշտ ուրախ մնայ,
Եւ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կեանք սիրով կտամ,
Ես քեզ համար գուցէ ոչինչ:


Խօսք՝ Արամայիս Սահակեանի
Երաժշտութիւն՝ Առնօ Բաբաջանեան
Կատարող՝ Ռուբէն Մաթեւոսեան


















Մ- ԻՆ




Կ'ուզէի լինել կարկաչուն վտակ,
Վճիտ ալիքը դրախտի բուրմունքով,
Եւ առաւօտեան, ինչպէս ցօղ յստակ,
Երեսդ ոռոգել գոհար շիթերով:

Կ'ուզէի լինել սօսի հովասուն,
Համարձակ փռուած կանաչ սաղարթով,
Եւ միջօրէին այդ դէմքիդ սիրուն
Հովանի լինել հեզիկ շրշիւնով:

Կ'ուզէի լինել ծաղկոցում բացուած
Քաղցրաբոյր մի վարդ, երկնից արժանի,
Եւ սիրոյ ժամին, խանդիցս արբած,
Զարդարանք լինել կուրծքիդ գեղանի:

Եւ շող դառնալով գարնան արեւի՝
Կ'ուզէի պայծառ աչերումդ վառուել,
Կամ ինչպէս քնքուշ ոսկեվառ գօտի
Չքնաղ իրանիդ փաթաթուել, փարուել:

Լուսափայլ աստղիկ կ'ուզէի դառնալ,
Քաղցր մանկան պէս ծիծաղն երեսին,
Ինչպէս ադամանդ շողշողել, ցոլալ,
Ո՛վ իմ թագուհի, քո բաց ճակատին:

Կ'ուզէի լինել լուսին ամօթխած,
Արծաթի փայլով մազերըդ շոյել,
Այտերըդ գգուել, սիրուց բորբոքուած,
Դողդոց շրթունքիդ համբոյրներ դրոշմել:

Կ'ուզէի լինել սիրահար սոխակ
Եւ ձեռիդ գերի, վանդակում փակուած,
Ականջիդ հնչել հրաշալի նըւագ,
Մեղմ օրօր ասել քո հոգուն զմայլուած:

Եւ կախարդական տաճարում կանգնած
Կ'ուզէի տեսնել ես քեզ Անահիտ,
Եւ երկրպագել, առաջիդ չոքած,
Սուրբ գեղեցկութեան անմահ տիպարիդ:


Յովհաննէս Յովհաննիսեան

Κυριακή 5 Ιουνίου 2011

Կ'ՈՒԶԵՍ ԼԻՆԻՄ






Խօսք՝ Աւետիք Իսահակեանի
Երաժշտութիւն՝ Վլադիլէն Բալեան
Կատարող՝ Արմէն Դարբինեան

***** (Կ'ՈՒԶԵ՞Ս ԼԻՆԻՄ ՎՇՏԻ ՑՕՂԵՐ)




Կ'ուզե՞ս լինիմ վշտի ցօղեր՝
Աչքերիդ մէջ շող ցայեմ.
Լուռ գիշերուայ անուշ հովեր՝
Փունջ ծամերդ փայփայեմ:

Կ'ուզե՞ս լինիմ վարդ-նազելի՝
Կրծքիդ վրայ վառվռիմ.
Արշալոյսի շողեր ոսկի՝
Դէմքիդ վրայ փայլփլիմ:

Կ'ուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստուեր, թովիչ թռչնիկ,
Օրօր ասեմ, օրօրեմ:

Ինչ որ ցանկաս՝ կ'ուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արեւ, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր...


Աւետիք Իսահակեան

Կ'ՈՒԶԵ՞Ս




Կ'ուզե՞ս լինեմ անհուն եթեր՝
Ազա՜տ, յակինթ ծալքեով,
Իսկ դո՛ւ կրծքիս աստղ լուսաբեր,
Ցոլա՛ այնտեղ շողերով:

Կ'ուզե՞ս լինեմ բողբոջ ծաղիկ
Նազուկ մէջքով, հոտաւէտ.
Իսկ դու նախշուն ժիր թիթեռնիկ,
Խաղա՛ դէմքիս հովի հետ:

Կ'ուզե՞ս լինեմ զուլալ վտակ,
Իսկ դու նոճի իմ ափին.
Փարուեմ ոտքիդ կոհակ-կոհակ,
Փարուեմ կրծքիդ՝ մրափեմ:

Ինչ որ կ'ուզես- ես կը դառնամ,
Միայն ապրենք մենք սիրով-
Սիրոյ շնչից միշտ անթառամ
Միշտ ջի՜նջ, յստակ սրտերով...


Շուշանիկ Կուրղինեան

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ




Խօսք՝ Միսաք Մեծարենցի
Երաժշտութիւն՝ Ռոպէրթ Ամիրխանեանի
Կատարողներ՝ Ռոպէրթ Ամիրխանեան եւ Սեդա Ամիրգարայեան

ԵՐԱԶ ՕՐԵՐ





Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մ' ինծի նըւիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ՝ ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:


Միսաք Մեծարենց

***** (ՔՆՔՈՒՇ ԴՈՒ)



Քնքուշ դու, լուսէ աղջիկ ես,
Արտոյտ ես, ոսկէ թռչնակ ես,
Չար նետը թող չդիպչի քեզ,
Աշուն ու ձմեռ չգայ քեզ:
Թող սիրտդ մնայ խնդուն յար,
Հոգին քո- լուսէ թիթեռդ
Խաղայ յար եւ հուրհուրա՛յ վառ,
Չար հուրը չայրէ թեւերդ:
Հրէ՛ դու, արեւային դու,
Մաքո՛ւր դու, լուսէ յասմիկ ես,
Անմար թող ցոլայ քո խինդը,
Չար աչքը թող չտեսնի քեզ...


Վահան ՏԷրեան
1917

***** (ԵՍ ՈՐՏԵՂԻ՞Ց ԻՄԱՆԱՅԻ)





Ես որտեղի՞ց իմանայի
Որ այդպէս է լինում սէրը...
Միայն գիտեմ՝
Քեզ տեսնելիս բերկրում էի
Ինձնից անկախ,
Եւ երբ գնում էիր՝ տխրում:
Միայն գիտեմ որ մի անգամ
Մաքուր, ճերմակ թղթի վրայ
Ես գրեցի քո անունը
Ու թաքցրի այն սրտիս մօտ.
Յետոյ՝ ահով
Ես այրեցի թուղթն այն ճերմակ,
Որպէսզի ոչ ոք չիմանայ:
Ու չիմացաւ:
Եւ երբ մի օր
Սիրոյ խօսքեր ինձ ասացիր,
Ես լաց եղայ ու հեռացայ...
Ես որտեղի՞ց իմանայի
Որ հէնց դա է, դա է սէրը:


Անահիտ Պարսամեան

***** (ԹԷ ԱՉՔԵՐԸՍ ՔԵԶ ՈՐՈՆԵՆ)




Թէ աչքերըս քեզ որոնեն,
Ես կը փակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:

Թէ խենթ լեզուս անունըդ տայ,
Ես կը սեղմեմ ատամներով,
Որ հնչիւն իսկ չշըշընջայ:

Բայց երբ սիրտըս, սի՛րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դէմ,
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ:


Խօսք՝ Սիլվա Կապուտիկեանի
Կատարող՝ Լեւոն Սեւան

ՍԻՐԵՑԻ, ԵԱՐՍ ՏԱՐԱՆ





Խօսք՝ Աւետիք Իսահակեանի
Երաժշտութիւն՝ Ժողովրդական
Կատարող՝ Սեւակ Ամրոյեան

***** (ՍԻՐԵՑԻ, ԵԱՐՍ ՏԱՐԱՆ)




Սիրեցի, եարս տարան.
Եարա տուին ու տարան.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սիրտս պոկեցին, տարան:

Ցաւս խորն է, ճար չկայ,
Ճար կայ, ճար անող չկայ.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սրտացաւ ընկեր չկայ:

Լա՛ւ օրերս գնացի՜ն,
Ափսո՜ս ասին, գնացի՜ն.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սեւ դարդերս մնացին...


Աւետիք Իսահակեան
1898

***** (ԱՊՐԵԼՈՒՑ ՔԱՂՑՐ Է)


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրուելու,
Երազել միշտ քեզ- լինել քեզ օտար...

Ստուերըդ փնտռել ամէն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարօտում անվերջ տառապել
Եւ լինել քեզնից բառանուած յաւէտ...

Ու գերեզմանում սեւ հողերի տակ
Եւ ոչ մի յուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, եւ քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ յստակ...


Վահան Տէրեան

Πέμπτη 2 Ιουνίου 2011

ՑԱՆԿՈՒԹԻՒՆ



Քո հայեացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Յուզումներով քո դիւթող:

Ինձ փաթաթիր, որպէս ամպ՝
Մութ աչքերդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրութեամբ,
Անցաւ կեանքս խորտակիր...

Արիւնոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թող աչքերս հեզ մեռնին,
Կեանքս մարիր ու փախիր:

Քո հայեացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Յուզումներով քո դիւթող:


Վահան Տէրեան
1906

ՍԻՐԵՐԳ



Երբ կը մեկնիմ ես քու քովէդ,
Կ'ըլլամ շիկնոտ ու թռվըռուն՝
Ինչպէս կ'ըլլայ՝ բուրումնաւէտ
Վարդենիքէն անցնող առուն:

Եւ ջուրին պէս այն թռվըռուն,
Քու նախընծայ գրկանքիդ հետ,
Մոլորելով կ'ըլլայ անհետ՝
Գետ հոգւոյդ մէջ՝ սրտիս առուն:

Ու գետին պէս՝ սրտիս առուն
Կը տանիս քու մահուան ճամբէդ՝
Զարնելով զայն մերթ ծաղկաւէտ
Ափունքներուն՝ մերթ քարերուն:


Միսաք Մեծարենց

Τετάρτη 1 Ιουνίου 2011

***** (ԻՄ ՀՈԳԻՆ ՏԱՐԱԳԻՐ ՄԻ ԹՌՉՈՒՆ)


Իմ հոգին տարագիր մի թռչուն՝
Մրրկով զարնուած, թեւաթափ.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս անհատնում եւ անափ:

Դու բիւրեղ բարձունքում մի երազ՝
Լուսազարդ, եւ քնքուշ, եւ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ եւ անհաս,
Յաւիտեան հեռաւոր մի աստղիկ:

Ա՜խ, նայիր մի անգամ ինձ վրայ
Քո անդորր եւ քո խոր աչերով.
Հայեացքիդ ծովի մէջ գէթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր-տենչերով:

Իմ հոգին վիրաւոր մի թռչուն,
Չունի բոյն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս սեւ ու մութ եւ մոլոր...


Աւետիք Իսահակեան
1905