Τετάρτη 1 Ιουνίου 2011

***** (ԻՄ ՀՈԳԻՆ ՏԱՐԱԳԻՐ ՄԻ ԹՌՉՈՒՆ)


Իմ հոգին տարագիր մի թռչուն՝
Մրրկով զարնուած, թեւաթափ.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս անհատնում եւ անափ:

Դու բիւրեղ բարձունքում մի երազ՝
Լուսազարդ, եւ քնքուշ, եւ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ եւ անհաս,
Յաւիտեան հեռաւոր մի աստղիկ:

Ա՜խ, նայիր մի անգամ ինձ վրայ
Քո անդորր եւ քո խոր աչերով.
Հայեացքիդ ծովի մէջ գէթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր-տենչերով:

Իմ հոգին վիրաւոր մի թռչուն,
Չունի բոյն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս սեւ ու մութ եւ մոլոր...


Աւետիք Իսահակեան
1905

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου