Τρίτη 7 Ιουνίου 2011

ԴՈՒ





Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
          հասարա՜կ մի դերանուն,
Եւ ընդամէնն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տէր անում...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմութեանն եմ ընտելանում...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Եւ ահա ես
Երջանկութեան համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եւ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...


Դո՛ւ՝
          երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքըս վերանում՝
Փոշիացած հերոսների
Ու ծնուելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...


Դո՛ւ,
          երկու տա՜ռ,
Ու երբ յանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում՝
Լքուած տան պէս ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտէրանում,
Եւ կսկիծը, ցեցի նման,
Բոյն է դնում իմ սիւնի մէջ,
Ձեղունի մէջ ու գերանում...


Դո՛ւ,
          երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
          հասարա՜կ մի դերանուն...


Խօսք՝ Պարոյր Սեւակի
Կատարող՝ Ռայիսա Մկրտիչեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου