Δευτέρα 6 Ιουνίου 2011

Մ- ԻՆ




Կ'ուզէի լինել կարկաչուն վտակ,
Վճիտ ալիքը դրախտի բուրմունքով,
Եւ առաւօտեան, ինչպէս ցօղ յստակ,
Երեսդ ոռոգել գոհար շիթերով:

Կ'ուզէի լինել սօսի հովասուն,
Համարձակ փռուած կանաչ սաղարթով,
Եւ միջօրէին այդ դէմքիդ սիրուն
Հովանի լինել հեզիկ շրշիւնով:

Կ'ուզէի լինել ծաղկոցում բացուած
Քաղցրաբոյր մի վարդ, երկնից արժանի,
Եւ սիրոյ ժամին, խանդիցս արբած,
Զարդարանք լինել կուրծքիդ գեղանի:

Եւ շող դառնալով գարնան արեւի՝
Կ'ուզէի պայծառ աչերումդ վառուել,
Կամ ինչպէս քնքուշ ոսկեվառ գօտի
Չքնաղ իրանիդ փաթաթուել, փարուել:

Լուսափայլ աստղիկ կ'ուզէի դառնալ,
Քաղցր մանկան պէս ծիծաղն երեսին,
Ինչպէս ադամանդ շողշողել, ցոլալ,
Ո՛վ իմ թագուհի, քո բաց ճակատին:

Կ'ուզէի լինել լուսին ամօթխած,
Արծաթի փայլով մազերըդ շոյել,
Այտերըդ գգուել, սիրուց բորբոքուած,
Դողդոց շրթունքիդ համբոյրներ դրոշմել:

Կ'ուզէի լինել սիրահար սոխակ
Եւ ձեռիդ գերի, վանդակում փակուած,
Ականջիդ հնչել հրաշալի նըւագ,
Մեղմ օրօր ասել քո հոգուն զմայլուած:

Եւ կախարդական տաճարում կանգնած
Կ'ուզէի տեսնել ես քեզ Անահիտ,
Եւ երկրպագել, առաջիդ չոքած,
Սուրբ գեղեցկութեան անմահ տիպարիդ:


Յովհաննէս Յովհաննիսեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου