Τρίτη 19 Ιουλίου 2011

ՍԻՐՈՅ ՎԷՊԸ




Կանաչ ծառի տակ
Նստել էր մենակ
Մի խեղճ կոյր գուսան, եւ կրծքի վրան
Սեղմել էր մի սազ, որ ունէր միայն
Մի դողդոջուն լար:
Կանաչ դաշտն ի վար
Հոսում էր երգով
Զմրուխտի նման մի կանաչ վտակ,
Եւ երգում էր նա անուշ կայլակով
Ամպերի մասին՝ յակինթ ու սուտակ,
Ու ծուարում են լերան գագաթին,
Ուրկից ցատկեց նա անդունդը մթին...
Գուսանը մեղմիկ
Զարկում էր լարին,
Լարը քնքշիկ
Պատմում էր լռին
Մի վէպ սիրային...
-Հին ժամանակում, ոսկի դղեակում
Ապրում է չքնաղ մի աղջիկ,
Այնպէ՜ս գեղեցիկ, այնպէ՜ս գեղեցիկ,
Ինչպէս կարապը՝ թեւերն արծաթեայ
Լճակի փիրուզ ջրերի վրայ...
Հեռու մի երկրից
Եկել է ահա՛
Մի սիրուն տղայ,
Գինով այդ սէրից
Ծունկի է իջել չքնաղ աղջկայ
Պատուհանի տակ, սէր է աղերսում.
«Չքնա՛ղ, քո սիրուն
Կտրել, անցել եմ աշխարհէ-աշխարհ,
Թողել եմ հայր, մայր միայն քեզ համար:
Վառ երազիս մէջ պատկերդ տեսայ,
Եւ երազելով քո դուռը հասայ»:
Սակայն աղջիկը չի լսում նրան,
Եւ միտն է բերում՝ ինչպէս մի անգամ
Շքեղ, աննման եկաւ մի ասպետ
Եւ անցաւ, գնաց ու չնայեց ետ:
Լքել է կոյսը դղեակը ոսկի,
Առել է ձեռը մի ցուպ երկաթի,
Ընկել է թափառ
Աշխարհէ-աշխարհ
Սիրած ասպետին գտնելու համար,
Որ գնաց, գնաց... առանց վերադարձ:
Իսկ հեռու երկրից եկած պատանին
Իր սէրն է յայտնում նրան վերստին:-
«Հոգիս քաղւում է քեզ համար, ի՛մ սէր,
Կը կանգնեմ այստեղ դարեր ու դարեր,
Եւ մահը միայն կարող է բռնի
Բաժնել ինձ քեզնից...»:
Աղջիկը սակայն
Չի լսում նրան...
Անյայտ մի երկրում, տարիներ յետոյ
Գտաւ նա հետքը սիրած ասպետի,
Բայց, ա՜խ, ասպետը գնացել է հեռու,
Իր սիրոյ հետքից կամ իր երազին,
Նա կը տիրանայ, կամ էլ չի դառնայ,
Էլ ետ չի դառնայ...
Եւ հետեւում են օրերը իրար,
Եւ խեղճ պատանին ծնրադիր, խոնարհ
Սէր է աղերսում...

Հեծկլտաց լարը, դողաց-դողդողաց
Եւ քնքուշ լարը կտրուեց յանկարծ...
Գուսանը սեղմեց կրծքին սազն անլար,
Եւ նայեց շուրջը տխուր ու մոլոր...
Եւ վէպը այսպէս մնաց կէսկատար,
Բայց մինչեւ այսօր
Այս թերատ վէպը միշտ իմ ականջում
Հնչում է որոշ, եւ լաւ չեմ յիշում,
Արթո՞ւն եմ լսել, թէ՞ մի անուրջում.
Կարծես հինաւուրց մի հեքիաթ լինի,
Որ հիւսել է մի հարազատ ոգի
Հեռու, անանուն
Մի հին աշխարհում...


Աւետիք Իսահակեան
1908

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου