Κυριακή 24 Ιουλίου 2011

ԱԽԹԱՄԱՐ


Ծիծաղախիտ Վանայ ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:

Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կըղզին դիմացի:

Խաւար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամբան:

Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եւ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:

*****

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռում է կատաղի:

Եւ Թամարը սըրտատըրոփ
Արդէն լըսում է մօտիկ
Ջըրի ճողփիւն, ու ողջ մարմնով
Սիրուց այրւում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խաւար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստուեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածաւո՜ր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանայ ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամօթ Թամարից...

Բամբասում են կոյսի սըրտում...
Ժամ է արդէն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Միւսն աղօթում եզերքին...

*****

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հէնց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով:

Ծովն անցնում է միւս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ինչի՞ տեղ է մեզ դընում...»:

Էսպէս ասին վիրաւորուած
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լոյսը հանգցրին մի գիշեր:

Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»:

Մօտ է ձայնը. Խօլ խաւարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսւում ուժասպառ, «Ա՜խ, Թամա՜ր...»:

*****

Առաւօտեան ծովը ծըփաց,
Ափը ձգըեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»:

Այն օրուանից սըրա համար
Կըղզին կոչուեց Ախթամար:


Յովհաննէս Թումանեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου