Πέμπτη 31 Μαρτίου 2011

ՃԱԽԱՐԱԿ


Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,
Մանի՛ր սիպտակ մալանչներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր:

Ձէթ եմ ածել ականջներդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շուտ շարժիր լայն թեւերդ,
Ոստեր շինիր սրուլիկ:

Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վրայ փաթաթիր:

Տիգրանիկս գուլպայ չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիէլս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:

Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,
Մանի՛ր սիպտակ փաթիլներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր:

Չուալ չունինք, չաթու չունինք,
Ո՛չ սամոտէն, ո՛չ պարան,
Այսպէս աղքատ դեռ եղած չենք,
Կտրուել է ամէն բան:

Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանցից շուտ զրկուեցի,
Հիմա չունիմ մի քեչա:

Կարմիր օրս երբ սեւացաւ
Եւ պարտք մնաց թէեւ քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սեւցաւ-
Եկաւ տարաւ ամէն ինչ:

Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,
Մանի՛ր սիպտակ քուլաներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցաւեր:


Ղազարոս  Աղայեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου