Τετάρτη 16 Μαρτίου 2011

ԼԻՆԵԼ, ԹԷ ՉԼԻՆԵԼ



Մենք՝ միշտ սահմանին կենաց ու մահի,
Մենք՝ երկընտրանքի խոհերից նկուն,
Մօտի՜կ է եղել մեր խորհող ոգուն
Դալուկ իշխանը Տանեմարքայի:
Ու ո՛չ լոկ բեմում, այլ մեր գոյութեան,
Մեր բախտի՜ վրայ, մեր հայրենի տան,
Արեան, օրհասի դարերում անել
Կախուել է հարցը «Լինել, թէ չլինել»...
Բայց ահա ծաղկած հայոց շէներում,
Բարձրիկ գիւղերում, բակ ու տներում,
Հին աւերակի մօտերքում քարօտ,
Նորոգ դպրոցի կամարների մօտ
Խաղո՜ւմ են, գոչո՛ւմ տղաները ժիր,
Օտա՛ր այցելու, դու մի՜ զարմացիր,-
Համլէթ են կոչւում նրանք անունով,
Թէեւ խօսում են կոշտ հայերէնով,
Թէեւ սեւուկ են սեւահողի պէս,
Թէեւ աչքերը ածուխներ են թէժ.
Համլէթներ գտնլիկ, բոպիկ ու ցեխոտ,
Կռւո՛ւմ, գլորւո՛ւմ, ելնո՜ւմ են խրոխտ.
Նրանք դեռ փո՜քր են, նրանք դեռ վայրի՛,
Դեռ չե՜ն կարդացել գրքերն աշխարհի,
Ո՞վ են, որտեղի՞ց, դեռ չե՜ն հասկանում,
Չգիտեն՝ կեանքը այդ ո՞ւր է տանում,
Նրանց այտերը դեռ չեն տժգունել
Յաւերժ հարցումից՝ «Լինել, թէ չլինել»-
Բայց նրա՛նք, նրա՜նք իրենց ողջ տեսքով,
Սարից սար հասնող կանչ ու աղմուկով,
Առողջ կարմիրով լիք-լիք այտերի,
Զուարթ զնգոցով մանուկ ծիծաղի,
Բոպիկ ոտքերի հաստատ քայլուածքով,
Աշխարհին յառած շիտակ նայուածքով
Ասում են «Լինել»...


Սիլվա  Կապուտիկեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου