Τρίτη, 8 Μαρτίου 2011

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ

(Հատուած)

...Աշնան մի պայծառ առաւօտ էր. Արարատեան դաշտի հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերի միջից փայլփլում էին խաղողի ոսկեղէն ողկոյզները, նուռն ու խնձորները, ասես՝ հրեղէն գնդակներ լինէին. յուռթի այգիներից լիութեան անուշ բուրմունքն էր խնկում. վերեւ,           բաց-կապոյտում, հաւքերի շղթան էր ձգւում, ներքեւ, ցօղաթուրմ արահետներով հայ գեղջուկի սայլերն ու ձիերն էին անցնում՝ բարձած աշնան հազար ու մէկ բերքերով:

Երկու ընկերով գնում էինք հինաւուրց Արմաւիրի բլուրի տակով. մեր գլխի վրայ ծփում էր մեհենական սօսիների խորհրդաւոր սօսափը. երկուսս էլ լուռ էինք, տարուած մեր տեսիլներով:

Մեր ցուպերը՝ հովիւների պէս, մէջքերնիս լայնքով դրած արմուկներիս մէջ, քայլում էինք Երասխի հին հունով դէպի մի գիւղ՝ Երասխի ձախ ափին:

Սքանչելիք է Արարատեան դաշտը:

Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:

Աշնան քաղցր ու մեղմ արեւը Մասիսի վերից վար, եւ Արարատեան երկրի լայնքին ու երկայնքին իր տարածուն ծիրանին էր փռել:

Մտանք մեր նպատակադրուած գիւղը:

*****

Յաջորդ օրը, մեկնելուց առաջ գնացինք գիւղական գաղտնի դպրոցը այցի. ուսուցիչի հետ արդէն երեկոյեան ծանօթացել էինք. նա նոյն գիւղից մի կրակոտ երիտասարդ էր:

 Ցարական կառավարութիւնը փակել էր հայկական դպրոցները՝ քաղաքների եւ գիւղերի, գրաւել էր դպրոցների պատկան շէնքերն ու եկամուտ բերող կալուածքները: Հայ ժողովուրդը զրկուել էր ազգային կրթութիւն ստանալու միջոցներից եւ հնարաւորութիւններից: Հայ ժողովուրդի զգայուն մասը գիտակցում էր հայութեանը հասած ծանր հարուածը, եւ հայրենասէր անհատներ ինքնաբերաբար մտածում էին կարելի չափով հակազդել պետական այլասերող քաղաքականութեանը: Հայկական գաւառներում տեղ-տեղ, տակաւին սակաւաթիւ գիւղերում, սկսեցին գործել գաղտնի դպրոցներ, համեստ միջոցներով:

Նախկին դպրոցների ուսուցիչներից ոմանք մնացին իրենց գիւղերում՝ նուիրուելով մանուկ սերունդի ազգային կրթութեանը: Նրանք սովորեցնում էին գրել-կարդալ եւ հասարակ թուաբանութիւն: Յետագայում այդ տարրական դպրոցների քանակը շատացաւ:

Այդպիսի դպրոցներից մէկին էր, որ մենք այցելեցինք:

Արաքսի ափին հաստաբուն ընկուզենու տակ խումբ-խումբ, հասարակ նստարանների վրայ, տեղաւորուել էին բաւական մեծ թուով մանուկներ եւ պատանիներ:

Օրը Կիրակի էր. գիւղը հանգստանում էր դաշտային աշխատանքներից, եւ այդ պատճառով դպրոցը լիքն էր աշակերտներով, ինչպէս բացատրեց մեզ ուսուցիչը: Դպրոցը միայն մի ուսուցիչ ունէր, բայց ուսուցիչի եռանդը հասնում էր ամէն տեղ: Մի խումբ «այբուբեն» էր սովորում, միւս խմբում՝ «Մայրենի լեզու» էին կարդում, երրորդ խմբում՝ Պալասեանի «Հայոց Պատմութիւնից» էին դաս պատասխանում, մի ուրիշ խմբում՝ «Դաւիթ Բէկ» էին կարդում»:

Երբ դասաժամը վերջացաւ ու աշակերտները պիտի ցրուէին, ընկերս, որ շատ երգ սիրող էր, խնդրեց ուսուցիչից, որ աշակերտները մի երգ ասեն: Ուսուցիչը պատասխանեց, թէ ինքը, դժբախտաբար, «բաղաձայն» է, եւ դրա համար երգ չի սովորեցրել. սակայն, աւելացրեց, որ աշակերտների միջից երգողներ կան, եւ առաջարկեց նրանց, թէ՝ ով կարող է, թող երգէ: Փոքրերը սիրտ չարին, մեծերն էլ քաշուեցին...

-Բայց լաւ կը լինի բոլորը գոնէ մի ընդհանուր ազգային երգ գիտենան. օրինակ, «Մայր Արաքսին», որ շա՜տ տեղին է, հենց նրա ափին էք,- ասաց ընկերս:

Ուսուցիչը թեթեւ կարմրեց, ապա մի պահ մտածելուց յետոյ, գլուխը եռանդուն թափահարելով, դարձաւ աշակերտներին.

-Հապա՛, սիրելիներս, ամէնքդ մէկ շարուեցէք այստեղ,- եւ յետոյ մեզ,- ինչպէ՞ս չէ, գիտեն եւ լաւը գիտեն:

Ու ձեռքի քանակը թափով վեր բարձրացնելով, գոչեց.

-Բոլորդ միասին ինձ հետ երգեցէք «այբ-բեն-գիմ»: Չէ՛ որ բոլորիդ անգիր սովորեցրել եմ, եւ միասին ձայնով ասել ենք: Դե՛հ այսպէս:

Եւ քանակի հաւասար բախումներին ներդաշնակ՝ բոլորը, հետեւելով ուսուցիչին, սկսեցին միասին բարձր եւ եղանակաւոր ձայնով հեգել.

Այբ, բեն, գիմ,
Դա՜, եչ, զա,
Է, ըթ, թօ...

Այսպէ՜ս մինչեւ վերջը, քառասուն-յիսուն կրծքից բխած այս հուժկու, բազմահնչուն եւ միահամուռ ձայնը, որ ինքնին հայոց լեզուն է, Երասխի շառաչի հետ, փռուելով Արարատեան աշխարհի վրայ՝ թւում էր, սլանում է ազատ- Մասիսն ի վեր:

Ամէնքի երեսին պայծառ ժպիտ կար. ուսուցիչը շատ ոգեւորուած էր:

-Ահա՛ ձեզ մի ընդհանուր ազգային երգ, որ ամէն հայ անպատճառ պէտք է գիտենայ. ահա՛ չորս-հինգ տարի է ես այդ երգն եմ սորվեցրել, ուրիշ երգ չեմ ճանաչում... -Բոցավառ շրթունքներով շնչասպառ ասաց ուսուցիչը եւ սրբեց քրտնած ճակատը:

-Շատ ճիշդ էք ասում եւ կեցցէ՛ք, իսկապէս որ աննման էր,- ոչ նուազ ոգեւորութեամբ պատասխանեցինք մենք:

Ապա մեր շնորհակալութիւնը յայտնելով, ամուր սեղմեցինք սրամիտ ուսուցիչի ձեռքը եւ ուրախ ու թեթեւ շարունակեցինք մեր ուղին:

Մի պահ գտնւում էինք այդ տարօրինակ երգի ազդեցութեան տակ. ընկերս խզեց լռութիւնը.

-Համաձայն չե՞ս, որ քանի հայը կ'ապրի, հայոց «այբ-բեն»ը չի՛ մեռնի:

-Այո՛,- ասացի ես,- բայց ես հակառակին աւելի համաձայն եմ. այն որ՝ քանի հայոց «այբ-բեն»ը կ'ապրի, հայը չի՛ մեռնի...

-Դրան նոյնպէս համաձայն եմ,- թերեւս աւելի շատ,- սրտաբուխ ձայնով պատասխանեց սիրելի ընկերս:

Աւետիք  Իսահակեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου