Δευτέρα 14 Μαρτίου 2011

*****



Մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը աւերուած, բայց սուրբ է եւ հին.

Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:

Բաբելոնն է եղել մեր ախոյեանը, տե՛ս-
Անհետ կորել, անցել է- չար մշուշի պէս:

Ասորիքն է եղել մեր թշնամին- ահա՛
Դաշտ է տեղը եւ չըկայ քար քարի վրայ:

Ամրակուռ է մեր հոգին- դարերի զաւակ՝
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք,-
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ ամէն գիրք:

Գերուած ենք մենք- ո՛չ ստրուկ- գերուած մի արծիւ,
Չարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:

Բարբարոսներ շատ կը գան ու կ'անցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կը մնայ յաւէտ:

Չի հասկանայ ձեր հոգին եւ ծոյլ, եւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամէն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կը դառան,
Արեւի պէս, երկիր իմ, կը վառուես վառման:

Որպէս Փիւնիկ կրակից կ'ելնես, կ'ելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:

Արիացիր, սիրտ իմ, ել հաւատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն:

Վահան  Տէրեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου