Δευτέρα 28 Μαρτίου 2011

ԱՐԱՔՍ





Et Pontem Indignatus Araxes.

Virgile


Եւ Կամուրջ Զհանդուրժող Արաքսն Ըմբոստ:

Վիրգիլիոս



Արա՛քս, ճան Արա՛քս.
Կարօտդ է հոգուս մէջ ծփան ու ծփան,
Պղտոր ու եռուն ալիքներիդ պէս.
Ծարաւ եմ տեսքիդ, ջրիդ, շաչիւնիդ.
Կարօտ եմ հեւքիդ, զովիդ ու բոյրիդ,
Դալար ու բողբոջ անուշ ափերիդ.
Սիրում եմ մշուշիդ շղարղը ճերմակ,
Ամրան արեւի տարփոտ շնչի տակ.
Ու կոհակներիդ նազանքը թրթռուն,
Որպէս նորահարսը իր առագաստի մէջ.
Եւ քո փրփրուն ցասումն եմ սիրում
Գարնան օրերի խենթութիւնդ ահեղ.
Վիթխարի խաղերդ աւերածների,
Փոթորիկներիդ թնդիւնը խորունկ,
Ու վիշապ մէջքիդ յորձանքն ահաւոր.
Արա՛քս, ճան Արաքս, դուն իմ մա՛յր Արաքս.
Հայոց աշխարհի փայլփլուն սուսեր,
Դուն կամրջընկէց, դուն անյաղթ Արաքս:

*****

Մի հէքեաթ գիտեմ մանուկ օրերից
Հայոց  աշխարհի հէքեաթը կապոյտ.
     «Բիւրակն լերան
     «Զմրուխտ այրերից
     «Լոյսի պէս ճերմակ
     «Հազար աղջիկներ՝
     «Մեր հովիւների
     «Սրինգի ձայնին
     «Քրքջալէն
     «Դաշտ են դուրս գալիս,
     «Ժպտում արեւին,
     «Ծառին ու ծաղկին,
     «Ծփան վարսերը
     «Հովերին տուած՝
     «Խենթ պար են բռնում
     «Օրօր ու շորոր
     «Բիւրակնի շուրջը.
     «Եղնիկ ու երէ
     «Ծերմպերը թողած՝
     «Վազում են խմբով
     «Կոյս մարմինների
     «Բուրմունքը շնչում.
     «Եւ աղջիկները
     «Ծաղիկների մէջ
     «Կայթռում են, խնդում
     «Եւ քրքիջի հետ
     «Կապոյտ աչքերից
     «Արցունք է ցայտում,
     «Արցունքի միջից
     «Արաքսն է ծնւում
     «Մի չքնաղ մանուկ.
     «Եւ լեռը ձորին,
     «Ձորը դաշտերին
     «Հայոց լեռների
     «Հէքեաթն են ասում
     «Կապոյտ հէքեաթը
     «Մանուկ հսկայի»:

*****

Ելնում է Արաքսը Բիւրակնի ծոցից
Ինչպէս կտրիճը սեւ վրանի տակից,
Պայծառ ճակատին յակինթէ պսակ,
Կապոյտ աչքերին՝ մայր ծովի երազ,
Թրթռուն ու կայտառ իր շղարշի մէջ
Հազար նազանքով, երգով ու պարով
Սէգ Այրարատի գիրկն է շտապում:

*****

Ի՞նչ ես որոտում, Արա՛քս, ճան Արաքս,
Ո՞վ թափեց գիրկդ սարսուռը ցաւի,
Ափերիդ կախուած ուռինե՞րը լացին,
Թէ՞ սեւ ժայռերը սեւ հէքեաթ ասին.
Ո՞վ պղտորեց այդպէս ջրերդ վճիտ,
Ո՞ր ձեռքը փշրեց աստղերի հայելին,
Ինչո՞ւ արեւի ցոլքերը շողշողուն,
Էլ չեն խտըղում ծոցդ յակինթի:
Մռայլ լեռներից հազար աղբիւրներ
Գալարուն գետակ, վշվշան վտակ
Իջնում են թափում գիրկն Արաքսի.
Լաց ու կականով պատմում են նրան
Մեր աշխարհի
Ցաւերը հին,
Գանգատը հողին,
Տրտմութիւնը հայոց դաշտերի,
Եւ շինականի քրտինքը լացող,
Անտէրունչ ընկած գութանի տնքոց,
Խոցուած մաճկալի արեան մրմնջոց.
Մեռնող հորովելի արձագանգ յետին,
Անմայր գառների բառաչն աղեխարշ,
Եւ եղնիկների լացը մղկտան.
Կոհակ կոհակին ցաւ է շշնջում
Ու թունդ է ելնում հոգին Արաքսի:

*****

Վիշապ է Արաքսը
Հայոց աշխարհի զուլումը գիտէ.
Կողերը սղմող ժայռերի ծոցում
Որոտ է հանում ինչպէս մրրիկ,
Իր գոռ ցասումի խօլ արձագանգով
Հսկայ լեռների կուրծքն է ծուատում.
Փրփուրէ բաշը հովերին տուած: որպէս առագաստ,
Թաւ մռմռոցով ալիք է անդունդ գահավէժ
Ցասում է դիզում դարիւ ու դարիւ.
Աստուծոյ մերկացրած հսկայ եաթաղան
Լեռներն է միջից երկու կէս անում.
Յորձանք է տալիս կատաղի թափով,
Ժայռերն է խլում խաղագնդակի պէս,
Անտառն է շորթում լերան լանջերից,
Արտերը քաշում տափաստաններից,
Ու իր ծփծփան ուսերին նետում.
Եւ աւերածի աւարը շալկած՝
Գրոհ է տալիս կուռ կամուրջներին,
Եւ կամար ու սիւն յորձանքի բերան,
Նետի պէս ձգւում է դէպի Այրարատ:

*****

Արա՛քս, ճա՛ն Արաքս.
Ահա քո ցաւն է գալարում հոգիս,
Ինչպէս գոռ հողմը անտառը թաւուտ.
Ու հոգիս քեզ պէս գետ է յորձանուտ.
Ու ամէն մի յորձանք իր կսկիծն ունի.
Ու ամէն մի կսկիծ իր գաղտնիքը խոր:
Մի բարի Աստուծոյ ծոցից եմ ծնուած
Քո արդար ափերին՝ ինչպէս մի եղէգ,
Դարերի արդար երգը հիւսելու,
Աստուածացումը տառապող մարդու,
Քրտինքը՝ բեղուն,
     Յոգնած ճակատի
     Կնճիռը խոհուն.
     Ժպիտը մանկան,
     Շողը խաղորդեան,
     Բոյրն արշալոյսի,
     Գեղը բնութեան.
     Սիրոյ մորմոքը
     Նազելի կոյսի:
Ալեկոծ հոգուս կոհակների մէջ
Ի զուր են փնտռում իմ երգը մտերիմ,
Մօրս օրօրի հետ որքան աստղեր են մարել երկնքում:
Առանց գարունքի՝ աշունքս հասաւ.
Ու ցաւին թարթող հողմերը ձմրան
Թօշնած տերեւ են սփռում իմ հոգում,
Մերձամուտ ձիւների մահիճը փռում:

*****

Արա՛քս, Մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես
Հոգիս մի գիրք է կեանքի սարսուռի,
Գրուած ու կնքուած Ասուծոյ ձեռքով.
Ահա՛ բաց կ'անեմ ես այն քեզ համար
Դուն մի՛ սարսափիր.
Գեհեն կայ իմ հոգում, արիւնի մրրիկ,
Կայծակի անձրեւ, բռնութեան անէծք,
Ոռնացող ցաւի արձագանգը խօլ.
Դուն մի՛ սարսափիր.
Չէ՞ քո զաւակն եմ, ջրերդ եմ խմել,
Մօրս օրօրի հետ՝ երգերդ եմ ուսել.
Հոգուս հրդեհը բոցն է քո սիրոյ.
Դուն մի՛ սարսափիր.
Ժանտ է իմ երգը, թունաւոր տատասկ,
Վիրաւոր վագրի ահեղ կաղկանձոց,
Բռնութեան ճակտին՝ շիկացած երկաթ,
Դուն մի՛ սարսափիր.
Երգս ցասումի խորտակիչ կռան,
Գոռ արդարութեան հնոցում ձուլուած
Երգս նզովքի բոցեղ հրաբուխ,
Դուն մի՛ սարսափիր.
Արա՛քս, Մա՛յր Արաքս, քո զաւակն եմ ես:

*****

Հոգիս թռչուն է որբ ու բնաւեր,
Քո ծոցին կարօտ՝ հանգիստ առնելու
Եւ քո սուրբ կրծքին, Բիւրակնից-Մասիս
Հազար տարիների ոսոխդ է նստած.
Թիւրքը քո ափի՞ն...
Քնա՞ծ էիր միթէ, երբ դարանակալ
Մեր հին օրերի թշնամին հասաւ.
Մասիսի վեհափառ տեսքո՞վը տարուած,
Թէ՞ կոհակներիդ հետ խաղի ու պարի.
Թիւրքը քո ափի՞ն...
Տիզբոն ու Բաղդադ, Հռոմ ու Բիւզանդ
Ի զուր փորձեցին քո թափը սանձել
Կուռ կամուրջների յաղթ կազմուածքի տակ
Ինչպէս սանձում եմ նժոյգն ամեհի.
Թիւրքը քո ափի՞ն...
Տե՛ս՛ զաւակներիդ կարաւանն անծայր
Անտուն, անհող ու անհայրենիք
Սեւ ճամբաների փոշիների մէջ
Օտար ափերին արցունքը խմեց,
Թիւրքը քո ափի՞ն...

*****

Ա՜հ զուր ես ափերդ ծեծում կականով,
Ի զուր սուգ, շիւան, վայ ու վայնասուն.
Զուր է պաղատանքդ. Աստուծոյ քղանցքից
Արիւն է ծորում աշխարհի վրայ.
Շառաչիր ցաւդ միայն քե՛զ համար,
Մի՛ նայիր երկինք, ուր աստուածները
Վաղուց են մեռած.
Մի՛ նայիր աշխարհին,
Աշխարհն ի՞նչ է որ,
Մի խարխլած դագաղ եւ մէջը մի դիակ,
Դիակ գարշահոտ, որ թաղող չունի.
Ցասումդ մռնչա՛ զաւակներիդ հետ,
Ինչպէս վիրաւոր վագր անապատի,
Շուրջդ գալարուող անյոյս տանջանքին
Զարզանդդ ջամբիր ջրի փոխարէն,
Պրկուած զայրոյթիդ թեւերը փռիր,
Ինչպէս անգղը իժի թիկունքին,
Դու մահը հեծի՛ր, անսանձ երիվար
Ե՛լ ու փրփրիր, հինաւո՜ւրց վիշապ,
Տափաստաններուն անդունդներ փորիր,
Անհուն գերեզման քո ոսոխներիդ,
Եւ լեռ ու բլուր նրանց թիկունքին
Հողաթումբ շինիր, փրփուրդ թքի՛ր
Տիեզերական ցոփ ու նենգ խղճին:

*****

Մի բարի Աստուծոյ ծոցից եմ ծնուած՝
Դարերի արդար երգը հիւսելու
Ինչպէս քո ափի եղէգն անբիծ
Մենաւոր խօսնակ տրտում գիշերի:
Արդ իմ այս դաժան, ժանտ երգի համար
Զազի՛ր բռնութիւն, կ'ուզէի լինել
Կրակէ մրրիկ քո ճիւաղ գլխին,
Կ'ուզէի մահու գաղտնիքը շորթել,
Զոհերիդ կանչել գերեզմաններից,
Ու նրանց ցասումից մի բռունցք զանգել,
Քո անիծապարտ մէջքը խորտակել,
Դուն որ Բարիին իմ ուխտուած հոգին
Կապարճ դարձ իր թունոտ նետերին.
Արցունքով ուռած կուրծքս է եռում
Ինչպէս լի կաթսան հնոցի վրայ.
Ա՜հ, ինչ տանջանք է, ի՛նչ կրակ-կսկիծ
Մի նկուն ցեղի զաւակը լինել,
Հզօրի թունոտ ժպիտը մուրալ,
Փակ դրան առջեւ արցունքը կլլել,
Աշխարհից ծածուկ մենակ հեծկլտալ:
Եթէ կաս, Աստուա՛ծ, գութդ չեմ այցում,
Դադրի՛ր չարիքից, յոգնութիւն չունի՞ս,
Քնիր գէթ մի անգամ մի հազար տարի,
Թող որ իմ ազգը իր բախտը կերտի
Քո եղեռնածին աչքերից հեռի:

*****

Ա՜հ, ի՛նչ տանջանք է մի նկուն ցեղի զաւակը լինել...
Տանջա՞նք... Ո՜վ փոքրոգութիւն, ո՜վ սգուոր երգիչ:
Յե՛տ տուր ինձ, Աստուա՛ծ, յուսաբեկութեանս այս ճիչը եղուկ,
Հոգուս անծանօթ՝ շրթունքիցս թռած, յե՛տ տուր տրտունջս.
Հզօր է իմ ցեղը կատաղութեանդ դէմ
Ինչպէս կուռ ժայռը փոթորիկների տակ.
Երկնքի հուրն է շորթել քո ծոցից խիզախ խոյանքով.
Տիեզերական սառնամանիքի մէջ
Հայերիս անմար կրակն է կայծկլտում
Մեծ տառապանքի անբիծ հնոցում,
Դուն հին ոխերիմ, մենք՝ Պրոմէթէոս,
Թո՛ղ ուժգին դառնայ թափը ամպրոպիդ.
Բազմացրո՛ւ անգղերդ քո վրէժխնդրութեան,
Եւ թող մեր լեարդը ծուատեն անյագ,
Չես կարող մարել բոցը մեր հոգու.
Անթիւ աստուածներ՝ կ'անցնեն ու կ'երթան,
Հուրը կը մխայ, հուրը երկնային.
Ի՜նչ փառք անստուեր, ի՜նչ հպարտութիւն
Ջահակիր ցեղի զաւակը լինել
Զաւակը անյաղթ, հզօր Արաքսի:


Աւետիս  Ահարոնեան



Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου