Κυριακή 20 Μαρτίου 2011

ԵՐԿԻՐ, ՔԱՐԻ ՄՈԼՈՒՑՔ...



Երկի՛ր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր,
Երկի՛ր, սէզի սօսափ ու կապոյտի սահմանք,
Աստծուն խոյահարող լերան քարէ եղջիւր
Ու զղջացող վիհի քարէ ապաշխարհանք:

Երկի՛ր, ձիւնահողմի ճերմակ ու ձիգ գանգատ
Եւ անդունդերն ընկած մրրիկների հարցում,
Երկի՛ր, քարափն ի վար ջրի կապոյտ զանգակ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք:

Երկի՛ր, պղնձի ճիչ, որձաքարի հառաչ
Եւ խաչքարին խաչուած գեղեցկութեան աղերս,
Երկի՛ր, արեգակի ու անհունի առաջ
Դու ծնկածալ աղօթք, վեր խոյացող դու ծէս:

Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ
Ես գնում եմ քեզ հետ՝ ճամբիս վիհ ու բարձունք,
Ես՝ քարեղէն մոլուցք, ձիւնահողմի գանգատ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք:


Վահագն  Դաւթեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου