Σάββατο 5 Μαρτίου 2011

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՒԻԹ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիւ դիւցազներգութիւններ, որոնց ամենաբնորոշը, առաւել նշանակալիցը, ամենից աւելի արտայայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դաւիթ» էպոսն է:
Էպոսը կոչւում է «Սասնայ Ծռեր»:  «Ծուռ» բառը հայերէնում ունի մի քանի նշանակութիւն՝ դիւահար, խենթաւուն, խելահեղ քաջ: Իմաստային այս տարբերակներից իւրաքանչիւրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կեանքի այս կամ այն պարագայում:
Էպոսն անուանում են «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Աւագների տուն», «Հսկաների տուն»:
Կա եւս մի անուն՝«Քաջանց տուն», որ նշանակում է «Քաջերի տուն» կամ դրսեւորում է էպոսի առնչութիւնը քաջերին, ոգիներին վերաբերող մի շարք աւանդոյթների հետ: Այս քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնւում հերոսների երեք կրտսեր սերունդ:
«Սասունցի Դաւիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսները,միմիանց լրացնելով, աւելի ճիշդ՝միասին մի ամբողջութիւն կազմելով՝արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները, նրա լաւա- գոյն երազանքներն ու ակնկալութիւնները:
Այդ կերպարների մէջ ժողովուրդը մարմնաւորել է նաեւ այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրեւում, բայց ստիպուած են կռուել, ովքեր չեն ուզում հեղել ոչ իրենց, ոչ էլ այլոց արիւնը՝ ի հեճուկս իշխելու տենդով բռնուած զաւթիչների: Այդ հայացքները խարսխուած են այն դարաւոր փորձի վրայ, որ ժողովուրդը ձեռք է բերել կործանարար պատերազմների, ասպատակութիւնների արիւնահեղ կոտորածների, օտար նուաճողների եւ սեփական թագաւորների լծի ներքոյ կրած տառապանքների բովում:
Մեզ առանձնապէս մօտ եւ հասկանալի է ժողովրդի գիտակցութեան մէջ անյիշելի ժամանակներում ստեղծուած Սասունցի Դաւթի կերպարը, հերոսը, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնութեան ամէն մի կանչի եւ սխրագործութիւններ է կատարում՝ ի բարօրութիւն իր ժողովրդի, իր հայրենիքի:
Հայ գրականութիւնը, պատկերելով հայ ժողովրդի բուռն ատելութիւնը եւ արիւնոտ պայքարը նրան ճնշող բռնակալների դէմ, եղել է նաեւ նրա դաստիարակը դարերի ընթացքում: Նա փրկել է հայ ժողովրդին այլասերումից եւ ապազգայնացումից:
Մեր ժողովրդի համար իր հերոսների վէպը ստրկութեան ծանր դարերում եղաւ իր ոգեւորութեան աղբիւրը եւ ներշնչարանը: Այդ անսպառելի զինարանից զէնքեր է առել նա՝ տոկալու եւ կռուելու իր ինքնութեան եւ յաւերժութեան համար:
Իր անմահ վէպում մեր ժողովուրդը դրեց իր բովանդակ հոգին՝ անվերջանալի պայքարով եւ դառնութեամբ լի իր պատմութեան փիլիսոփայութիւնը, իր փորձը՝ աշխարհի իրերի մասին, իր դարաւոր իմաստութիւնը, իր նուիրական իտէալները:
Եւ կերտելով Մհերի վսեմ, կերպարը, մեր վէպը ազգային շրջանակներից ելնելով՝ ընդունում է համամարդկային որակ եւ դառնում է աշխարհայեղաշրջման եւ աշխարհաւերակառուցման պատգամախօս:
Շահագործող, չար աշխարհը պիտի քանդուի մի անգամ ու վերակառուցուի մարդկութեան երջանկութեան համար:
Մհերի կերպարում խորհրդանշուած է տառապող եւ ազատութիւն տենչող աշխատաւոր մարդկութիւնը:
Դիւցազն Դաւթի մէջ լրիւ կերպով շօշափւում է հայ ժողովուրդը: Նա հայրենասէր է, ժողովրդասէր է, ռամիկի եւ աշխատաւորների պաշտպան, անձնուրաց քաջ է, մարդասէր եւ խաղաղասէր: Դաւիթը հայ ժողովուրդի ամենասիրելի հերոսն է, ժողովուրդը նրան տուել է աստուածային տիտ- ղոս՝ «Դաւիթ» կոչումը: «Դաւիթ» կոչումը  գալիս է շատ հնից: Հնդկական Վեդաների (հին հնդկական մշակոյթի գրաւոր յուշարձաններ) մէջ աստուածների ընդհանուր անունը Դեավ է, որ նշանակում է ամենահզօր, լուսաւոր, պայծառ:

                                                                                              Աւետիք   Իսահակեան   

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου