Σάββατο 19 Μαρτίου 2011

ՀԱՅԱՍՏԱՆ

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մէջ՝ դու ալեհեր,
Նորերի մէջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարուած վազ,
Վշտերըդ ջուր՝ ինքըդ աւազ.
Դու՝ բարտենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռուած փշատ.
Դու՝ կիսաւեր ամրոց ու բերդ,
Մագաղաթեայ մատեանի թերթ.
Դու Զուարթնոց- աւեր տաճար,
Կոմիտասեան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հոռովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վէպ, դու՝ Սասնայ ծո՜ւռ...

Իմ փառապա՛նծ,
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՛ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազեան գինու մառան.
Դու՝ թաւշէ դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատեան խաղող սեւաչ.
Դու՝ Սեւանի վառուող կոհակ,
Երեւանի սիւն ու խոյակ.
Դու՝ հանգըրւան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրօշ.
Խօսուն վկայ կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարութեան ահեղ ատեան,
Սրի պատեան...
Սիրոյ մատեան-
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան:

Պարոյր  Սեւակ

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου