Πέμπτη 17 Μαρτίου 2011

ԵՐԿԻՐ, ՍՐԲԱՔԱՐ


Երկիր իմ,
Կանգնած հովիտներիդ մէջ՝
Օրհնում եմ ծնունդն իմ ամէնօրեայ
Եւ լինելիութեան բագինդ անշէջ,
Եւ զօրութիւնդ, եւ ուժդ օրհնեալ:

Անթիւ շուրթերով համբուրում եմ քեզ,
Անթիւ ձեռքերով գրկում եմ ամուր
Եւ իմացութեամբ քո խորախորհուրդ
Ոռոգում մտքիս սեւահողն ամուլ:

Երկիր-
Սրբաքար դու միակ տեղանք,
Երկիր-
Եզակի դու սրբապատկեր,
Միաճար, միակ դու զոհասեղան,
Ուր մաքուր սիրտըս կարող է պառկել:

Դու՝
Երակների կենարար ակունք
Ու նահատակաց աճիւնասափոր,
Մահացեալների անխտիր երկունք,
Անսխալ կշիռ՝ հաւատքըս չափող,
Տենչալի պտուղ,
Միրգ երանելի,-
Ահա քանի դար ճաշակում եմ քեզ,
Բայց սովեալի պէս
Քաղցած եմ էլի...


Հրաչեայ  Սարուխան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου