Πέμπτη 17 Μαρτίου 2011

ՀԱՅԱՍՏԱՆ



Քանի դեռ մի աղաւնի է ճախրում այս երկնքի մէջ,
քանի դեռ քամին ծխոտ չէ,
եւ մաքուր է յատակը ջրհորների,,-
ես երգեր կը գրեմ քո խաղաղ առաւօտների
եւ իմ արեան մէջ հասունացող
կարօտների մասին:

Քանի դեռ բառերը ծաղկում են իմ լեզուի վրայ,
քանի դեռ բառերը ճախրում եմ օդի մէջ
եւ չեն սուզուել յատակը բառարանների,-
ես քեզ երգեր կը նուիրեմ ներշնչանքից ծնուած,
եւ հաւատարմութեան խօսքեր կ'ասեմ
քո ականջին:

Քանի դեռ գիւղերդ ապրում են սարերի վրայ
եւ ձորերի մէջ,
քանի դեռ երազկոտ զաւակներդ շնչում են աստղերի տակ,
եւ արիւնը շղթայուած է նրանց երակներում,-
ես երգեր կը գրեմ քո ազատ սարերի
եւ յոյսերի մէջ ծփացող
քո կորցրած ծովերի մասին:

Քանի դեռ ընկոյզի ծառերդ խորանում են դարերի մէջ,
քանի դեռ թռչուններդ երգում են հայրենի բարբառով
եւ լաւ են հասկանում լեզուն խոտերի ու տերեւների,-
ես քեզ երգեր կը նուիրեմ նրանցից սովորած,
եւ յոյսի ու հաւատի խօսքեր կը գրեմ
քո նորածին որդիների համար:


Արեւշատ  Աւագեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου