Πέμπτη 24 Μαρτίου 2011

ԱՆԻ



Փնտռի՛ր քո անցեալը
եւ քո դէմքը ներկայ՝
մեռած քաղաքի աւերակներում,
ուր մրջիւնները ուսերին կրում են
աւերակների ողբերգութիւնը,
եւ մի հարբեցող
փլատակին աճած ծաղիկը քաղում է՝
մեռած իր սիրածին տանելու համար:
Թիավարի՛ր դանդաղ քո անցեալի միջով
դէպի սկիզբը յայտնութեան,
դէպի քաղաքը մեռած,
որովհետեւ ահա
երեւում է մի ձեռք անիրական,
որ բարձրացնում է ծովը փլատակների
եւ օրօրում է մրջիւնի կրած ողբերգութիւնը,
եւ ծաղիկները օրօրում է՝
երազներիդ հեռու հորիզոնում:
Փնտռի՛ր քո անցեալը
եւ քո դէմքը ներկայ՝
ողբերգութեան եւ ծաղկի,
ծաղկի եւ ողբերգութեան սահմանգծում,
որտեղ ճախրում են ճերմակ աղաւնիներ,
եւ նրանց թեւերի տակ արտացոլուել է
մեռած քաղաքի պատկերը նախկին:
Գնա՛, ուրեմն, դէպի քո անցեալը՝
մեռած քաղաքի աւերակներով,
եւ կը գտնես կանգուն զանգակատունը,
զանգակատունը,
ուր բնակւում են աղաւնիները:
Բա՛ց թող աղաւնիները քո ձեռքերով
եւ հնչեցրու ղօղանջը զանգակատան՝
որպէս մօտեցումը քո անցեալին,
որից կառուցում ես քո դէմքը ներկայ՝
մեռած քաղաքի նախկին պատկերով,
որ թեւերի տակ պահել են ճերմակ
աղաւնիները:


Արմէն  Մարտիրոսեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου