Δευτέρα 2 Μαΐου 2011

ԱՊՐԵՄ - ՉԱՊՐԵՄ




Այս երփնագեղ փարթամ ծաղկեփնջում,
Զուարթացած առաւօտեան շաղից,
Իր արեւոտ պարտէզն է անրջում
Մի ձիւնափայլ ապրեմ-չապրեմ ծաղիկ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղի՛կ իմ լուսանման,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:

Սովոր ես դու չարքաշ, անընկճելի,
Ծաղկել այս տօթակէզ լեռնաշխարհում,
Ժլատ լանջին այս ապառաժների,
Բակերի մէջ, արտում են անտառում:

Արհամարհում ես դու ծարաւ ու քաղց,
Զուգում ես անապատը գորգերով ճերմակ,
Բաց ես անում սրտիկդ լուսաբաղձ,
Ճանապարհի վրայ, ոտքերի տակ:

Եւ ամէնուր դու ժիր ես, կենդանի.
Երբեմն յօշոտուած բնով, բայց միշտ պայծառադէմ.
Դո՛ւ իմաստուն ծաղիկ Հայաստանի,
Ապրեմ-չապրե՛մ:

Հնուց է քեզ սիրել իմ ժողովուրդը հին:
Եւ տխրութեան պահին կամ խնդութեան
Վերցրել է քո ծաղիկը երազուն նայիրուհին
Եւ գուշակել է ապագան:

Շշնջացել է նա քո թերթիկները պոկելով.
-Ապրե՞մ, չապրե՞մ, ապրե՞մ, չապրե՞մ...
Եւ դու նրան վերջին թերթիկներով
Պատասխանել ես միշտ.
-Ապրե՛մ:

Ապրել ես դու, ինչպէս իմ ժողովուրդը ժիր,
Ճամբաների վրայ փոշոտ, արեւակէզ:
Անցել է քո գլխով աղէտների հազար նախիր,
Ճզմել ու փոքրացրել է քեզ:

Բայց հէնց որ բարեգործ մի պարտիզպան
Տարել է քեզ պարտէզ՝ իր ջերմ խնամքի տակ,
Բացուել ես դու չքնաղ նորահարսի նման՝
Դրած գլխիդ լուսապայծառ պսակ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղիկ իմ վիպական,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:


Նայիրի Զարեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου