Δευτέρα 9 Μαΐου 2011

ՌԱԶՄԱԿՈՉ




Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:
Հողմեր են փչում, շաչում են հողմեր
Դաւաճան երկրից մեր նենգ թշնամու
Մեր նուիրական դաշտերի վրայ:
Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ
Մեր խռովայոյզ ծովերի վրայ:

Է՜յ ազատ Մասիս, երկնասոյզ գահեր,
Է՜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր էր զօդում, սուրե՞ր էք կռում,
Հրեղէն ցասում ընդդէմ թշնամուն:

Էյհէ՜յ, լսեցէք. վեհ հայրենիքի
Կտրիճ զաւակներ, ժողովուրդներ քաջ,
Ելէ՛ք, զարթնեցէ՛ք, կանգնեցէ՛ք արթուն.
Գիտցէ՛ք, քնում են գետերն ու քամին,
Սակայն չի քնում երբեք թշնամին:
Ահա՛ ոճրամիտ մեր ոսոխը չար
Շղթայ է բերում, լուծ ու կապանքներ՝
Ընկճելու ազատ մեր եղբայրներին
Եւ անարգելու հայրենիքը մեր:

Էյհէ՜յ, լսեցէք, ձայն տուէք իրար,
Ամէ՞նքդ էք ոտքի, մարդ քնած չկա՞յ.
Շո՛ւտ հագէք-կապէք զէնքեր ու զրահ,
Գօտեպնդուեցէ՛ք ատելութեամբ վառ,
Գօտեպնդուեցէ՛ք անձազոհ կամքով,
Գօտեպնդուեցէ՛ք ահեղ վրէժով,
Շառաչէ՛ք ուժգին, կաղնիներ հզօր,
Խօլ վրնջացէ՛ք, նժոյգեր խիզախ,
Մրրիկի նման զարկեցէ՜ք շեփոր,
Դէպի ռազմի դաշտ, դէպ հերոսացում,
Դէպի ռազմի դաշտ սուրբ դրօշի տակ,
Դէպի բարձունքը մահի ու փառքի,
Վանեցէ՛ք հեռու թշնամուն վայրագ,
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցէ՛ք հեռու:
Յաւերժ պիտ մնայ հայրենիքը մեր,
Հզօր եւ ազատ եւ յաւերժ կանգուն
Մեր իդէալների սուրբ արեւի տակ:

Դէպի ռազմի դաշտ, դէպ հերոսացում,
Դէպի բարձունքը մեծ Յաղթանակի:


Աւետիք Իսահակեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου