Τετάρτη 25 Ιανουαρίου 2012

***** (Օ՜, ԾՈՎ ԽԵԼԱՀԵՂ)




Օ՜, ծով խելահեղ, մի՞թէ չես յոգնում՝
Դարեր ալիքուող նոյն երգն ես երգում,
Մի՞թէ չես յոգնում միշտ նոյն ալիքից,
Միշտ նոյն ալիքի երթ ու գալիքից,
Մի՞թէ չես յոգնում դարեր ու դարեր:

-Իմ դարը, սակայն, մի վայրկեանն է ձեր,
Եւ ամէն ալիք ինձ երգ է մի նոր՝
Մի հարց է ափին իմ խորհրդաւոր...

Ափերիս կեանքը թէ յար չփոխուէր,
Իմ էլ յոգնայար աչքը կը փակուէր,-

Ծովից լայն պիտի աչքերդ բանաս,
Որ մի կաթիլի շարժումն իմանաս:

Գաղտնիքի ծով է տիեզերքն այս բիլ,
Դուք դեռ բացել էք հազիւ մի կաթիլ...


Յովհաննէս Շիրազ

ԱՌԱՋԻՆ ԵԼՔ




Չարիքի աշխարհը ուռեցք է եւ ահաւոր աղմուկ,
Լռութիւնը կը սպառէ զիս, այսօրուան լռութիւնը:

Ան զիս կը զետեղէ թափանցիկ սահմաններու մէջ՝
Իր անտես մատներով որոնք առկախ կը մնան:

Եւ ես կը քալեմ ամբողջովին փակուած թափանցկութեանս մէջ,
Աշխարհը կը թարմանայ լռութեան բարձր ցուցափեղկին մէջ:

Ցուցափեղկ՝ ուր կը յօրանջէ հաստ բուրդէ շրջազգեստը անկնճիռ,
Ուր ամէն ապաքինող կը կրէ պարապ թեզանիքներ երկար:

Ուստի տառապանքը կը լքէ զիս լոկ թթխմորովն իր,
Քաշուած ալիքները կը թողուն երկիրը կարիքի մէջ:

Կը տեսնեմ ծառերը, մուտքի դուռը. կը տեսնեմ երկինքը,
Որ սքանչացում է տատանող մարմնի մը համար:

Ինչ որ կը ներշնչուի, կը ներշնչէ զիս ուժգնօրէն,
Կը զգամ ապակեայ լեզուն հիւսուած թարմութեամբ:

Այն մէկը՝ որ կը բռնադատէ զիս կրելու իր օրէնքը՝
Քաշքշելու հետս դատապարտեալի վանդակաճաղս:

Մինչդեռ մուտքի դուռը հո՛ն է, ուր կը ծփայ ստուերը կանաչ,
Հոն ուր աշխարհը կը յիշէ, հո՛ն ուր ինծի ցաւ կը պատճառէ:

Յիշելով կեանքը, որ կ'անցնի, արցունքներով կամ առանց.
Աշխարհը կը յիշէ թէ ինք, նախ եւ առաջ, անցո՛րդ մըն է:



Շահան Շահնուր


Ֆրանսերէնէ թարգմանեց՝ Սարգիս Վահագն 

ՄԵՌՆՈՂ ԱՐՓԻՆ



Մեռնում է արփին
Մահճում երկնքի,
Բայց ճերմակ ամպիկ
Մաղում է ոսկի:

Ոսկի է մաղում
Դաշտին, անտառին
Շողեր է շաղում
Սարին ու քարին:

Ասում է կարծես.
-Մեռնելիս անգամ,
Աշխարհին թող ես
Վերջին ցոլքըս տամ:


Սարմէն

ՊԱՀ ԿԱՍԿԱԾԻ




Թէ իսկապէս հաւատացած ես լինէի,
Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել,
Ձեզ երգերով բանակի՜ պէս կը զինէի:
Բայց ի՞նչ օգուտ՝ նստել ինչ-որ երգեր գրել:

Ի՜նչ է երգը. ցաւած հոգու մխիթարանք...
Տեղ էլ հասնի՝ չկատարուող ապսպրանք...
Վալերեանի երկու կաթիլ պղտոր հեղուկ...
Թէ խայթում է՝ իր իսկ խայթից սատկող մեղու...

Իսկ թէ երգը մինչեւ անգամ զէնք է դառնում,
Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զէնք է բռնում...


Պարոյր Սեւակ

ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Ապրելու համար ողջը պէտք է տալ-
Ոյժ, խինդ ու եռանդ, օրերը ջահել.
Ցաւի դէմ անահ, արցունքը պահել,
Ժպտալը մոռցած սիրել ու գթալ:

Կանգնել մահուան դէմ- ապրելու համար՝
Ի՜նչ երջանկութիւն, չես էլ ծերանում.
Ժամանակն ի զուր հանաք է անում
Ու պարտուած քեզնից սահում աննշմար:

Քայլի տեղ թռիչք՝ հոգ չէ թէ ընկար-
Վերից ընկնողը պառկած չի՛ մնայ.
Թող հոգիդ ցաւի սալին ամրանայ՝
Ապրելն անարգել, ապրելու համար...


Շուշանիկ Կուրղինեան
1914

Τρίτη 24 Ιανουαρίου 2012

ԱՐԾԻՒԸ ԿԸ ՍԱՒԱՌՆԷՐ



Քանի օր է լսած էինք թէ Փարիզի Բուսաբանական Պարտէզը արծիւ մը ունէր: Մինչեւ այն ատեն անկարելի եղած էր ձեռք անցընել արքայական գիշատիչը. ու բազէներու, շահէններու ու բազմատեսակ թեւաւորներու հաւաքածոյին մէջ այդ հազուագիւտ տեսակը պակսած էր միշտ:

Պատճառն այն էր, որ արծիւը ողջ չէր բռնուէր, ու ամէն անգամ որ անվեհեր եւ արկածախնդիր մարդիկ, մագլցելով սեպ լեռներու անմատչելի գագաթը, ձեռք դրած էին արծիւի բոյնի մը վրայ եւ յափշտակած էին անոր ձագերը, բախտ չէին ունեցած: Հակառակ ամէն կարգի խնամքերու, անոնք կը մեռնէին մեծ մայրաքաղաքը չհասած: Ի՞չպէս յաջողեր էին այս անգամ. ի՜նչ փոյթ: Գացինք տեսնելու: Արեւելքի դիմաց լայն տեղ մը յատկացուցած էին իրեն, ուր պայծառ օրերուն շեշտակի կ'ընդունէր արեւի առաջին ճառագայթները. իր բանտը լուսարձակ վանդակ մըն էր գմբէթաձեւ ձեղունով, որուն վրայ կը մագլցէին, հետըզհետէ հատնելով, տարաշխարհիկ եւ պատատուկ բոյսեր:

Երկու տերեւազուրկ ծառերու կմախքներ կը ցցուէին վանդակին մէջ՝ տարածելով իրենց մերկ եւ գլխաւոր ճիւղերը այլ եւ այլ ուղղութեամբ: Առաջին անգամ այդ ծառերէն մէկուն վրայ տեսանք արծիւը, որ բաձր թառած, անշարժ ու չարագուշակ, ուսերը կը ցցէր երկինքին. իր լայն ու հուժկու թեւերը սեղմուելով պարփակած էին իր վտիտ եւ ջղուտ մարմինը, գլուխը մխրճած էր կուրծքին մէջ, եւ փակ աչքերը անտեսանելի կը մնային: Արծիւը կը խոկար...:

Երկար ատեն նայեցանք վեհաշուք բանտարկեալին, մինչեւ որ արծիւը բացաւ թեւերը, տարածեց լայնօրէն մինչեւ վանդակները ու իր դէմ չտեսնելով ազատ եւ անսահման տարածութիւնը միջոցին, արհամարհելով թռչկոտիլ մէկ ճիւղէն միւսը՝ թեւերը թօթուեց միայն երկարատեւ եւ անձկալի սարսուռվ մը ու կրկին ամփոփուեցաւ իր անշարժութեան մէջ...:

Մինչեւ հեռուները իր թեւերուն ազատութեան բաղձանքը կը թրթռար՝ զարթեցնելով ըմբոստ եւ բանտարկուած կենդանիները իրենց անգիտակից եւ կրաւորական անդորրութենէն:

Անցաւ գարունը, յետոյ ամառը: Դրախտային գեղեցկութեամբ Բուսաբանական Պարտէզը կ'ընծայէր իր պուրակներուն եւ հովանիներուն խաղաղ եւ կանաչոտ այլազանութիւնը: Արծիւը, միշտ բարձր թառած, աչքերը փակ շուրջի գեղեցկութեան, անշարժ ու ամփոփուած իր մէջը, կը խոկար...:

Որոշեալ ժամուն, երբ գոցելով գառագեղները, իրենց որջերը կամ բոյնը կ'առաջնորդէին տարագիր կենդանիները, արծիւն ալ կը տեղափոխուէր ու պահապանին կեռ գաւազանովը շղթայուած, անիկա անկենդան եւ անհետաքրքիր խլեակի մը երեւոյթը ունէր, որովհետեւ իր հոգին, մտածումին անբռնաբարելի եւ աստուածային ազատութեան շնորհիւ, խուսափած էր հեռո՜ւն, հեռո՜ւն, դէպի երազուած վերջալոյսները, սարերը եւ անջրպետները ու շարժուն ու լոյծ կուրծքը ծովերուն...

Բուն արծիւը կը սաւառնէր... Ինչ որ կար հոն, Բուսաբանական Պարտէզին մէջ, գաղափար չէր տար արծիւին ամբողջ իսկութեան մասին. անիկա տարբերութիւն չունէր անպարտելի կամ երկրիս երեսէն անհետացած անասուններու զմռսուած մարմիններէն:

Վանդակին մէջ, ճիւղերուն վրայ, արիւնոտ միսի կտորներ կը փտէին ընդունայն, արծիւը, ափին մէջ դարձուցած ճիրանները, կը մերժէր եւ կ'արհամարհէր այն սնունդը, զոր իր պահապանները կը ներկայացնէին ամէն օր:

Նոյնիսկ երբ կը սեւեռէր իր կարմիր եւ անքթիթ աչքը, որուն վրայէն ճերմակ թաղանթը կը բարձրանար յամրօրէն, արծիւը կենդանութիւն չէր ստանար. իր նայուածքը, որ սովոր էր անջրպետներ չափել, խորտակուած նետի մը պէս կ'իյնար գետին, ու անիկա քէնով կը նայէր շուրջի շքեղ գեղեցկութեան: Որովհետեւ երբ աչքերը կը գոցէր ու կտուցը կուրծքին մխրճած կ'երազէր, հոգին կ'երթար բանտէն անդին, պարտէզէն դուրս, դէպի իտէալական եւ ձիւնապատ սարերը իր հայրենիքին...

Արծիւը կը սաւառնէր...: Անիկա խորտակած էր շղթաները ճղճիմ ու նենգաւոր մարդու բռնապետութեան եւ կը սուրար դէպի ջինջ պայծառութիւնները իր իտէալին, դէպի վեհ եւ անմատչելի բարձրութիւնը իր մտապատկերներուն:

Արծիւը կը սաւառնէր դէպի վեր, դէպի նոր եւ օտար աշխարհները, իր անքթիթ եւ կարմիր նայուածքը կը խորազուզուէր սեպ լեռներու ճեղքերուն մէջ, կը թափանցէր մինչեւ խորը վիհերուն՝ կարծես չափելու համար իր վեհանձն եւ լայն թռիչքին հեռաւորութիւնը, ու երկարատեւ վերջալոյսներու շառագոյն երկինքին վրայ իր թեւերը կը տարածուէին, եւ անոնք, առանց թօթուելու, կը բարձրացնէին զինքը խաղաղ եւ ապահով սլացքով:

Աշնան արծիւը այլեւս հետաքրքիրներուն չցուցադրուեցաւ. անիկա մեռած էր՝ բարձր թառած իր վանդակին մէջ, ու իր յաջորդը չունեցաւ, որովհետեւ վերջապէս մարդիկ համոզուեցան որ արծիւը կարելի չէր բանտարկել:


Զապէլ Եսայեան

ԱՊՐԵԼ

 


  Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգայ քո աւելորդ ծանրութիւնը:
     Ապրե՜լ, ապրե՜լ այնպէ՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրութիւնը:
     Ու թէ յանկարծ անպէտքութիւն քեզ համարես,
     թէ ինքըդ քեզ արհամարհես
          ու համարես,
          քեզ հետ վիճի՛,
          քեզ չզիջի՛,
     համբերատար քեզ հետ խօսի՜,
     հակառակում քեզ համոզի
     ինքը... հզօր Հանրութիւնը...

     Ապրե՜լ, ապրե՜լ, այնպէ՛ս ապրել,
     Որ ուրիշի խինդով խնդաս,
     Որ ուրիշի ցնծութիւնով
     Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

     Լինես, մնաս ամէնքի հետ,
     Նրանց կամքին հպատակուես,
     «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
     Նրանց ցաւով լուռ տապակուես:

     Տրուես նրանց լոյսի նման
     Եւ չխաբես՝ յոյսի նման,
     Արշալոյսի նման բացուես
          նրա՛նց համա՛ր,
     Վերջալոյսի նման բացուես
          նրա՛նց համար:
     Թէ լաց լինես՝ նրանց համար,
     Թէ բաց լինես՝ նրանց համար:
     Եւ հա՜ց լինես նրանց համար՝
          հոգեւոր հա՛ց,
     Քեզ նրանցով կեանքում զինես
     Եւ նրանցով կեանքում լինես
          ոգեւորուա՜ծ:
     Եւ նրանցով կեանքում լինես
          թոյլ կամ ուժեղ,
     Եւ նրանցով կեանքում լինես
          բոյլ կամ մժեղ,
     Թշուառ՝ ինչպէս անապաստան,
     Հարուստ՝ ինչպէս լայն տափաստան...

     Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպէ՛ս,
     Որ նրանց հետ մթնես-ամպես
     Եւ նրանց հետ շանթարձակուես.
     Մէկտեղ յանկարծ ընդարձակուես,
     Մէկտեղ դառնաս գունդուկծիկ.
     Մէկտե՜ղ բացուես, մէկտե՜ղ փակուես՝
     Ինչպէս նամակ եւ կամ բացիկ...

     Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մէկտե՛ղ,
     Կեանքդ խառնել նրանց կեանքին,
     Տառապանքդ՝ տառապանքին,
     Ջանքդ՝ ջանքին,
     Ցանքդ՝ ցանքին,
     Եւ ենթարկուել նրանց կամքին,
     Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
     Դառնալ ե՛ւ շանթ, ե՛ւ շանթարգել...



Պարոյր Սեւակ
27/5/1957
Մոսկուա

ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐԴԸ




Մարտնչել բոլորի համար,
Խառնուել, ձուլուել բոլորին,
Ինչ նոր է աշխարհի վրայ
Ընդունել խնդութեամբ խորին,
Իր ձեռքով նորոգուող կեանքում
Նորոգել իր հոգին անվերջ,
Անձնական հոգսը մոռանալ,
Մոռանալ եսը մենքի մէջ,
Ոչ ջանքը այս կեանքի համար,
Եւ ոչ էլ կեանքը խնայել,-
Այս բոլորն աշխարհում միայն
Իսկական մարդուն է վայել:

Բայց անել, ծածանել ազնիւ
Դրօշակն իր մեծ հաւատի,
Սարսափը հէգնելով կանգնել
Հողմի դէմ ճակատ-ճակատի,
Տառապել ամէնքի ցաւով,
Չյիշել կսկիծն իր վէրքի,
Իր հպարտ կրծքի տակ զգալ
Սրտերի տրոփիւնն ամէնքի,
Իր սրտի կրակը պայծառ
Ամէնքի կրծքի տակ վառել,-
Այս բոլորն աշխարհում միայն
Իսկական մարդուն է վայել:
Միշտ լինել առաջին շարքում,
Միշտ երթի առջեւից գնալ,
Նուաճել վերելքը ջանքով,
Որքան էլ լինի անհնար,
Առաջինն ընդունել կրծքին
Կայծակի զարկը կատաղի,
Առաջինն ելնել ճանապարհ,
Ողջունել ծագումը լուսաստղի,
Եւ անցած ճամբին՝ յետնորդի
Պահանջկոտ աչքերով նայել-
Այս բոլորն աշխարհում միայն
Իսկական մարդուն է վայել:

Կեանք դարձնել այս հողի վրայ
Դարաւոր երազը մարդու,
Երազից աւելի շքեղ,
Աւելի խոր ու իմաստուն...
Աշխատել ամէնքի համար,
Գործով ներշնչել ամէնքին,
Երկինքն էլ ենթարկել իրեն
Եւ յաղթել վայրի տարերքին,
Հրդեհի բոցերում անգամ
Ալ դրօշն անվթար պահել,-
Այս բոլորն աշխարհում միայն
Իսկական մարդուն է վայել:


Համօ Սահեան
1959

ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ





Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալուել, սակայն չես ստել,
Կորցրել ես յաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թեւեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրեւ նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մօտիկ,
Որ ճշմարտութեան ափերը տեսնես,
Ծպտըուած ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարութեան դէմքը խարանես...
Ահա թէ ինչու դու այսքան տարի,
Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
Քայլում ես այնպէս ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի թէ ու'մ հետ եւ ու'ր է գնում,
Ու'մ մեռելին է անարցունք լալիս,
Ու'մ խօսքի վրայ ստից ծիծաղում,
Ու'մ հետ դինջ նստած նարտի է խաղում,
Հարկ եղած դէպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերեւ կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսւում, ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ ճաղ ու իւղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկիւղալի...
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նոյն հեշտութեամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Հարազատ մօրից եւ որդուց աւել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու'տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամէ՜ն ինչից շատ, անէ՜ն ինչից վեր,
Նա պատմութեան մէջ իր դարն է սիրում...

Սու'տ է: Նա դարի աւարն է սիրում:

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Մեր կեանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու'տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հօրն է սիրում...

Սու'տ է: Ո'չ հօրը, ո'չ մօրն է սիրում,
Թանկ չէ ո'չ որդին, եւ ո'չ էլ թոռը:

Ամէ՜ն ինչից շատ, ամէ՜ն ինչից վեր
Սիրում է կեանքում նա իր .....աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թեւեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպէս եւ... տարեց - տարի
Ելնում է այսպէս.... շալակն աշխարհի:

Մարդ կայ՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կայ՝ ելել է շալակն աշխարհի....



Պարոյր Սեւակ

Ասմունքող՝ Մհեր Մկրտիչեան

Δευτέρα 23 Ιανουαρίου 2012

ՊԱՐՏԷԶՈՒՄ ՎԱՐԴԵՐ ԲԱՑՈՒԱԾ




Պարտէզում վարդեր բացուած`
Կը սպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած,
Կարօտ են պսակի:
Արդեօք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՛խ սիրտս կը դողայ,
Իմ սիրուհիս, ո՞ւր է գնում,
Ա՛խ, սիրտս կը խաղայ:
Գետակի ալիքները
Գնում են խայտալով,
Սիրահարի աչերից
Արտասուք թափելով:
Սիրուհին տանը նստած`
Սպասում է եարին,
Քնարը ձեռքին բռնած
Նուագում լալագին:
Թիթեռը ճրագի մօտ
Շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարօտ
Չունի նա օր, դադար:
Սիրուհին տանը նստած`
Գրում է նամակներ,
Խիստ տրտում կ'անցկացնէ
Իր գեղեցիկ օրեր:

Խօսք՝ Աշուղ Շերամ
Երաժշտութիւն՝ Աշուղ Շերամ
Կատարում՝ Ռուբէն Մաթեւոսեան

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԳ




Այսօր սիրտ են ակօսում
Խօսքերը տխուր.
Երբ որ ալիքն է խօսում,
Արի մնանք լուռ:

Ծովը խօսում է հիմա
Միայն մեր մասին.
Հրաժեշտի երգը նա
Մեզնից լաւ կ'ասի:

Նա մեր վկան է եղել
Առաջին օրից.
Դրա համար ենք եկել
Նրա մօտ նորից:

Ու երբ ալիքն է խօսում
Արի մնանք լուռ.
Այսօր սիրտ են ակօսում
Խօսքերը տխուր:


Սաղաթէլ Յարութիւնեան 

ԲՆՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴ



Բնութեան պէս եթէ ըլլաս
Ու հոգիիդ դաշտերուն մէջ
Ծառ ու ծաղիկ դառնաս,
Ու ջրվէժներ բարձունքներուն մէջ հոգիիդ ունենաս,
Արտերն ի վար երազներուդ
Ջրտուքը տաս,
Ու նմանիդ չնախանձիս
Ինչպէս դուն քեզ չես նախանձիր,
Կապոյտ ըլլաս երկինքի պէս
Ու աստղալիր,
Ժպտիս ամէն անցորդի,
Բուրմունքի պէս միշտ տարածուիս,
Որպէս ժպիտ կեանքէն անցնիս,
Բարով եկար, բարով երթաս:


Թորոս Թորանեան
Ապրիլ, 2005
Նարումա- Աւստրալիա

***** (ԼԻՆՈՒՄ Է ՐՈՊԷ)




Լինում է րոպէ, ես անիծում եմ
Եւ իմ վիճակը եւ ամբողջ աշխարհ,
Երջանիկ մի օր, ես մտածում եմ,
Բախտը չի բանայ երբեք ինձ համար:

Չէ՞ կարող էի եւ ես բիրտ ուժով
Կամ մի ստորաքարշ շողոքորթութեամբ
Հաշտուել մարդկանց հետ, եւ պատած ոսկով
Հռչակ ըստանալ պատուաւոր անուամբ...

Բայց ո՛չ. չըկամիմ գըլուխ խոնարհել
Արիւնով կանգնած մեծափայլ կուռքին,
Եւ ոչ կարող է իմ սիրտը գրաւել
Շլացնող փառքի փշահիւս դափնին:

Իմ հոգու ձայնին ես հաւատում եմ,
Եւ աղքատութեան ու երգի համար
Ես իմ դըրօշակն ահա՛ պարզում եմ-
Եւ այսուհետեւ հաւատըս պայծառ:


Յովհաննէս Յովհաննիսեան
1886

ՅՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ




Կեանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանօթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցեալ ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկէ անձրեւ է մաղում:

Մի քնքուշ լոյս կայ իմ հոգու համար-
Ամէն ինչ ունի չմեռնող մի կեանք,
Կայ խորհրդաւոր դիւթող մի խաւար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք:

Մի քաղցըր վիշտ կայ անդարձ անցածում,
Վերյուշերի մէջ- մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում-
Կեանքից գեղեցիկ ցնորական բախտ...


Վահան Տէրեան
1907-1908

Παρασκευή 20 Ιανουαρίου 2012

ԱՊՐԵՄ ԱՅՍՊԷՍ





Թող աչքերիս լոյսն էլ մարի,
Միայն միտքս փոխուի բառի.
Համերգի մէջ այս աշխարհի
Չհամրանամ, չհամրանամ:

Փոշի դառնամ բարձունքներում,
Հալուեմ ես իմ արցունքներում,
Միայն կեանքի մանրուքներում
Չմանրանամ, չմանրանամ:

Թող ծանրանամ հոգսի բեռով
Եւ ներշնչուած մնամ նորով.
Կեանքի վրայ ոչ մի օրով
Չծանրանամ, չծանրանամ:

Ապրեմ այսպէս հազար տարի,
Բախուեմ հազար ժայռ ու քարի,
Շնչեմ հազար հողմ ու քամի
Եւ ամրանամ, եւ ամրանամ:


Համօ Սահեան

ԱՌԱՒՕՏ



Բացուել ես, առաւօ՛տ, կապո՜յտ, կապո՜յտ,
Բլուրների վրայ եւ իմ սրտին:
Ինչ որ երէկ նայում էր չար եւ բութ,
Այսօր պայծառ շողում է վերըստին:

Պարզ է հոգիս, երկինքը՝ լուսաւոր...
Հեռու հորիզոնում, իրարու կից,
Հալւում են լուռ երկու ամպի կտոր,
Ինչպէս հետքեր իմ երեկուայ հոգսից:


Նայիրի Զարեան
Ստեփանաւան,
1955

Δευτέρα 16 Ιανουαρίου 2012

ՁՄԵՌՆ ԱՅԳՈՒՄ




Փչեց ձմեռուայ քամին առաջին,
Եւ սրթսրթացին ծառերը ցրտից,
Շուտով ձմեռը լեռների լանջից
Կ'իջնի, կը նստի այգուն ու արտին:

Եղեա՜մ է նստել ծառերի ճիւղքին,
Բայց տե՛ս, ինչ գոհ ու հանգի՜ստ են նրանք...

...Ով իր ողջ միրգը տուել է կեանքին,
Մահուան ձի՜ւնն անգամ չի՛ սարսի նրան:


Գէորգ Էմին
1947

ԸՆԿԵՐ





Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն
Փայլեցնում է արեւի պէս պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենայ իւր մօտը հաւատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կեանքդ, նուիրես ընկերի լաւին, քիչ է դարձեալ,
Այնպէս է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնէ աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիները իւր վերայ գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերն է սուսերը մարդուն,
Ով որ ունենայ մտերիմ ընկեր, Ջիւան աշըղ,
Չի՛ սպիտակեր ամէնին մէկ հերը մարդուն:


Խօսք՝ Աշուղ Ջիւանի
Երաժշտութիււն՝ Աշուղ Ջիւանի
Կատարում է՝ «Սայեաթ Նովա» աշուղական երգի համոյթը

ԿԵՂԾ ԸՆԿԵՐ



Լայն օրերուս ուրախացող կեղծ ընկեր,
Այժմ նեղն եմ ընկել, արի ո՞ւրտեղ ես,
Պատառներուս կտորներու շատակեր,
Մեծը քեզ եմ տուել, արի՜, ո՞ւրտեղ ես:

Երբ ունէի փայլուն մետաղ բաւական,
Ինձ կ'ասէիր «չըկայ մարդ քեզի նան»,
Քու ձեռքովդ կազմում էիր ճոխ սեղան.
Ո՞ր անկիւնն ես մտել ,արի՜, ո՞րտեղ ես:

Քանի տունս հաց կար, չէիր պակասի,
Կու գայիր, կանչելու չէիր սպասի,
Իմ ունեցած կարողութեանս մասի
Շատը դու ես խլել, արի՛, ո՞ւրտեղ ես:

Ասում էիր «մի վախենալ փորձանքից,
Քեզ աւել կը սիրեմ իմ բոլոր կեանքից...»
Եթէ հնար ունիս փրկէ վտանգից,
Վերջին օրս է հասել, արի, ո՞ւրտեղ ես:

Ջիւանը հասկացաւ քո կեցութիւնը
Հետազօտեց սրտիդ ամէն անկիւնը,
Շողոքորթելով ծծում ես արիւնը,
Արդեօք ո՞ւմ ես գտել, արի՛, ո՞ւրտեղ ես:


Աշուղ Ջիւանի
1888

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԱՆԳ



   ...Եւ ես ապատում եւ անապատում
Լուռ թափառում եմ հոգիս ծանրացած
Անլոյծ խոհերով, վշտով անպատում
Եւ տենչանքներով տիեզերատարած:
Եւ յանկարծօրէն՝ պարզ ու աննսեմ,
Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա,-
Տիեզերքը ողջ- մի մեծ, անհուն զանգ,
Եւ հոգիս- նրա լեզուակը վսեմ:

     Եւ հրաշքներով, վեհ լռութեան մէջ
Տիեզերքն անծիր՝ ղօղանջում է խոր
Երգն անհունութեան, եւ յաւերժութեան,
Եւ ճշմարտութեան, եւ գեղեցկութեան:
Եւ ղօղանջում է տիեզերքն ամէն-
Եւ իմ հոգումն է, իմ ոգին է այն,
Որ ղօղանջում է- ես մարգարէ եմ...
     Եւ ահա այնտեղ ամբոխն ծփում
Ծանր ու թանձր՝ ովկիանի նման.
Եւ գորշ, հարթ է նա- զանգուած մի հսկայ:
Եւ հոգուս խորքից բարբառ եմ լսում-
Ղօղանջը զանգի տիեզերական:

     Եւ դէպի ամբոխն իջնում եմ ահա
Նոր կտակներով, նոր պատգամներով.
Դէպ նրա հոգին գահավիժում եմ՝
Նրան խայթելու, եւ քարոզելու,
Եւ արտասուելու, եւ այրուելու...


Աւետիք Իսահակեան
1899

Πέμπτη 12 Ιανουαρίου 2012

ԳՈՒՇԱԿԸ




Չեռքըս բռնեց գուշակն եւ իր
Քարայրին քով ինծի ըսաւ.
-Ափիդ մէջ կայ երեք կնճիռ,-
Երեք ճամբայ առջեւդ ելաւ:

Մին ցամաքէն քեզ կը տանի
Լուսնի լոյսով մինչեւ անտառ՝
Ուր կը պարէ կոյս մ' հոլանի...
Ցուպըդ կոտրէ՛ ու մի՛ երթար:

Միւսը ծովն է ակօսուեր.
Քեզ կը տանի կըղզին դալար,
Ուր կը վազեն ոսկի գետեր...
Ղեկըդ փշրէ՛ ու մի՛ երթար:

Երրորդ՝ ճամբան է երկինքէն.
Պարզէ՛թռիչներըդ սեփական
Մինչեւ աստղերը սիրտդ այրեն
Շարունակէ՛ դուն այդ ճամբան:


Դանիէլ Վարուժան

ԱՐՏՔԱՂ




Գիւղական բազմութիւնը հեռաւոր արտերն է փոխադրուած: Տուներու հսկողութիւնը պառաւներու է յանձնուած, եւ հնձուորները, այր ու կին, տղայ ու պզտիկ, իրենց անկողիններով, երախաներով ու օրօրոցներով արտերուն մէջ կը գիշերեն, արտերուն մէջ կը լուսցնեն:

Այդպէս է արտքաղը: Գիւղ երթալ-գալ չ'ըլլար, ամբողջ տարուան մը յոյսը տուն փոխադրել է հարկաւոր: Արտերը մանգաղ կ'ուզեն, քաղ կ'ուզեն, գիշեր ցերեկ պէտք է իրար խառնել, արտերուն մէջ պառկիլ՝ քաղը արագ վերջացնելու համար: Ու գիւղերը կը պարպուին՝ տուները կ'ամայանան, եւ գիւղական աշխատանքն ու ոգեւորութիւնը սարերու արտերը կը փոխադրուին:

Բոլորի կարգին այդպէս է նաեւ մեր տունը: Մենք ալ սարերու արտերն ենք փոխադրուեր: Ինչպէս բոլորը, մենք ալ մեր հարեւան երեք տուներուն հետ ենք միացեր: Հին օրերէ մնացած սովորութիւն էր գիւղին մէջ արտերը միասնաբար հնձելը: Եւ մենք երեք շաբաթ է որ կը քաղենք անընդհատ ու դեռ քաղին կէսին իսկ հասած չենք:

Առատ է ա՛յս տարի բերքը: Երից Աղբիւրի բարձունքէն ցած կ'իջնես ու կը դառնաս միւս կողմը: Նայելու ես տեսարանը, որ կը յայտնուի աչքիդ առջեւ: Թեթեւօրէն զառիվար, ցածը իջնող լեռնադաշտը անտեսանելի հեռաւորութիւններու մէջ կը կորսուի, ոսկիի դեղնաւուն կարմրութիւն մը կը շողայ համակ տարածութեան վրայ, եւ անհամբեր, անհաշուելի արտերուն մէջ ցորենի հասկերը կը խայտան, կը ծփծփան:

Տասնեօթը հոգի ենք մանգաղ շարժող, տասնեօթը հոգի ենք հնձողներս, վեցը՝ այր, տասնմէկը՝ հարս ու աղջիկ, ու դեռ արտերուն մեծագոյն մասը կը մնայ քաղելու: Եւ տեսնելու էք, թէ ի՛նչպէս արտը կը քաղենք: Ատիկա սովորական քաղ չէ: Երբ մենք տասնեօթը հնձողներս կը շարուինք մէկ գծի վրայ, այն ատեն մանգաղները աներեւակայելի արագութեամբ կը տարուբերենք. հասկերը կը կտրուին, կը հնձուին, խուրձերը քով քովի, գիրկ գրկի կ'իյնան մեր ետեւը, եւ մենք կը յառաջանանք միշտ հակած, միշտ հնձելով, ու հունձքը տեղի կու տայ, կը փախի, կը հատնի մեր առջեւէն:

Մեր սրտերը կը խայտան, զուարթ ու շէն են, մեր մարմինները թեթեւ են ու արագաշարժ, եւ մենք միշտ մանգաղները կը շարժենք, ու քրտինքի կաթիլները, գարնանային արծաթագոյն վճիտ ցօղերու պէս, կը շարուին մեր ճակատներուն վրայ:

Այս գիշեր Օհանջանենց կնքահաայր Գալուստին արտն է որ պիտի հնձենք: Ջրկորուստի լերան գագաթին մօտն ենք: Ընդարձակ արտ է, սարալանջին վրայ տարածուած: Առատ, գեղեցիկ հունձք կայ, եւ վերջալուսային ճառագայթներուն ներքեւ ոսկիի զմայելի գոյնով մը կը կը շողայ արտը: Ա՜հ,, տեսնելու էք թէ ի՛նչպէս ան կը խնդայ մեր երեսին: Արտերն ալ իսկ եւ իսկ խնդալ գիտեն... Մեղմ հովի մը գգուանքին տակ ծովացած հունձքը ալիք ալիք կը ծփծփայ, անհամար-հազար հասկերը կը քսուին իրարու, կը խայտան, եւ յորդացող հունձքը ոսկեգոյն կը ժպտի մեր դէմքին:

Աստղերու լոյսով քիչ մը տեղ կը հնձենք, եւ որովհետեւ մութը իջած է, գիշեր է, կը դադրեցնենք աշխատանքը: Հարսները մեզի համար անկողիններ կը պատրաստեն, որպէսզի պառկինք, եւ իրենք ալ արտին ծայրը խուրձեր կը շարեն ու կը պառկին ետեւը:

Յոգնած են բոլորն ալ, եւ շուտով կը քնանան: Կը դադրի ամէն ձայն ու շարժում:


Յակոբ Մնձուրի 

ՃԱՐԱԿՈՒՄ





Բըլուրին գաղջ կողին վըրայ ընկողմանած
Սըրինգ կ'ածեմ.
Եզներըս լայն հովիտին մէջ, սըրտի երգով,
Ես կ'արածեմ:

Լուսնակն իջած է մանգաղուած լուռ արտերուն
Մակերեսին.
Կը ծաւալէ խոզաններուն մէջէն հեզիկ
Կաթը լոյսին:

Ջինջ գիշեր է: -Երգս անհունէ անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփայ.
Եւ սըրինգս, հովերուն հետ, իր ծակերէն
Ծաղե՜ր կու լայ:

Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
Որոնք կ'արծին
Ցորեաններուն ծիղն՝ ոռոգուած մեղրերուն մէջ
Ծիր-Կաթինին:

Կը լըսեմ մուշ-մուշ ճարակումն առուեզերքի
Թուփերուն մէջ,
Ուր մոզին իր դունչը մըխած՝ կը բըզըքտէ
Խոլորձը գէջ:

Ցուլերն ամէն, գլուխնին կախ, կարծես դիւթուած
Ինձ կ'երեւան.
Գոմէշներուն բիբերն ահեղ՝ աստղերուն տակ
Մերթ կը շողան:

Կ'ընէ միջատ մը, շուրջն անոնց ճաճանչաթիռ
Միշտ ելեւէջ:
Ճերմակ եզը, կարծես կուռք մ' է, ձուլուած լուսնին
Արծաթին մէջ:

Կը ճարակի՜ն, հովուն տըւած թաւ պոչերնին.
Եւ կը խըմեն
Իրեն մազոտ ու փափախուն ականջներով
Սըրնգիս ակէն:

Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց մինչեւ
Կանանչանան,
Եւ որովայնն անպարագիծ լեցուի՛, լեցուի՛
Մարագի նման:

Եւ ատեն ա՛լ դաշտերուն մէջ կը մակաղին
Մեծազանգուած,
Մէկը միւսին կըռնակին վրայ, որոճալով,
Դունչը դըրած:

Մինչեւ որ ա՛լ Արփին ծագի, լոյսն արտին վրայ
Իջնէ սարէն,
Եւ ժողուէ ցօղն, յակինթ յակինթ, անոնց խոնաւ
Եղջիւրներէն:


Դանիէլ Վարուժան 

Τετάρτη 11 Ιανουαρίου 2012

ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ






Ա

Եւ մաքրաթեւ երազիս հետ մինակ էի հովիտներուն մէջ հայրենի,
Քայլերս էին թեթեւ, ինչպէս քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եւ զուարթութեամբ կը վազէի, կապոյտէն եւ օրերէն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով ու յոյսով՝ եւ հոգիս աստուածներով լեցցուն...

Բ

Եւ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբիւղ առ զամբիւղ,
Մեր պարտէզին ծառերէն դէպի հողը եւ դէպի զիս կ'ընծայէր,
Եւ ես լռութեամբ՝ գեղուղէշ ուռիին ներդաշնակ հասակէն,
Երգերս ստեղծելու համար խորհրդաւոր սրինգիս ճիւղը կը կտրէի:

Գ

Կ'երգէի... ադամանդեայ ածուակն ու թռչուններն հայրենագեղ,
Աստուածային աղբիւրներուն յստակահոս մեղեդիներն անդադրում,
Եւ առաւօտեան զեփիւռը, քրոջական գորովներու այնքան նման,-
Այս բոլորը իմ երջանիկ երգերուս թոթովումիոն կը ձայնակցէին...

Դ

Այս գիշեր երազիս մէջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախօս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպէս համբոյր մը հին օրերու,
Բայց շունչս՝ յիշատակներու զարթնումէն, յանկարծօրէն մեռաւ,
Եւ երգիս տեղ՝ շիփ առ շիթ, շիթ առ շիթ, արցունքներս էին որ ինկան վար...


Սիամանթօ

ԱՍՊԵՏՕՐԷՆ ԱՆԿՐԿՆԵԼԻՆ


Այսօր, երբ իր դառն յիշատակը նորից է քաղցրանում մեր սրտերում՝ այս անգամ իր յոբելեանի առիթով, անկարելի է չյիշել ծերուկ Էսքիլէսի այն խօսքը, որ դարձել է «Հոգեվարքի Եւ Յոյսի Ջահեր»-ի բնաբանը. «Արիւնը եւ եղբայրակցութիւնը ամենամեծ ուժերն են»: Սիամանթօն ինքն էլ հենց դարձաւ երգիչը այս ամենամեծ ուժերի՝ արեան եւ եղբայրակցութեան, մի երգիչ, որի ձայնից այսօր էլ պղպջում է մեր արիւնը, եւ մեր եղբայրակցութիւնը չի ճանաչում քարտէզի օրէնքները՝ կոխկրտելով բոլոր այն սահմանագծերը, որ մեզ անջատում են մեզնից:

Սիամանթօ
Սիամանթոյի համար քիչ է գալիս «բանաստեղծ» ածականը, ինչպէս Րաֆֆիի համար՝ «գրող» մակդիրը: Առանց այդ անունների մեր նոր պատմութիւնը կը զրկուէր իր գլխագրերից, եւ մեր ժողովրդի արթնացումը կը կատարուէր առանց... աքաղաղի կանչի եւ «բարի լոյս»-ի: Աքաղաղ բառը չի կարող վիրաւորանք համարուել նրա յիշատակին. նա, ինչպէս ինձ է թւում, իր մասին ինքը կը գործածէր այդ բառը, եթէ նրան չխանգարէր իր համեստութիւնը, որ նոյնքան անսահման էր, որքան իր երեւակայութիւնը: Եւ նա ծնուել էր «բարի լոյս» ասելու իր ժողովրդին եւ աշխարհին, բայց չտեսաւ ո՛չ բարին, ո՛չ էլ լոյսը: Եւ այստեղ է, որ նրա դժբախտութիւնը կրկնապատկւում է՝ նրան նմանեցնելով մի խորհրդաշատ դղեակի, որի բազմաթիւ դռներից միայն մէկը բաց եղաւ, մինչդեռ միւս մուտքերով կարող էին ելումուտ անել հրաշքն ու հրաշալիքը: Հաւանաբար նաեւ այս նկատի առնելով էլ նրա ժամանակակիցն ու բախտակիցը՝ մեծն Վարուժանը, գտաւ նրա գործի ամենաճշգրիտ բնորոշումը. «Կիկլոպ մըն է քերթողը»: Այո՛, «Կիկլոպ մը», մի հսկայ միակնանի, բայց ոչ այն պատճառով, որ այդպէս է ծնուել, այլ այն պատճառով, որ չեղեալ աստուած նրա ազգին ու երկրին նայում էր մէկ աչքով, զարհուրելի եւ խտրական աչքով:

Այսօր, երբ նրա յիշատակի ուխտագնացներն ենք մենք, զոհի փոխարէն ընծայաբերենք մեր այն վառ յոյսը, թէ այլեւս բախտը մեր ժողովրդին չի նայի մէկ աչքով, որպէսզի այդ ժողովրդի որեւէ նոր բանաստեղծ այլեւս մէկ աչքով չնայի կեանքին, աշխարհին եւ մեզ, ու Սիամանթօն էլ իր տխուր առաքելութեան ճանապարհին մնայ միայնակ եւ... անկրկնելի՜:


Պարոյր Սեւակ
15/1/1963
Երեւան

ԱՌԱՔԵԱԼ



Խօսի՛ր առաքեալ վեհ ճշմարտութեան,
Քանի չեն փակուել քո սուրբ շրթունքներ.
Անարգի՛ր «ես»ը գոռոզ մարդկութեան,
Հարուածի՛ր անխնայ նորա չար գործքեր...

Թո՛ղ նա կատաղի, որպէս փոթորիկ,
Կարկուտ ու հեղեղ թափէ քո վերան,
Դու այդ համարիր մի անզօր ալիք,
Եւ ազատ քայլէ՛ քո փշոտ ճամբան...

Մարտնչի՛ր անվախ, որպէս քաջ զինուոր,
Անկաշառ խօսքի դրօշակը ձեռքում.
Եւ մի՛ վհատիր, թէ դու էլ մի օր
Պիտ ընկնես կեանքի գոռ պատերազմում:

Այո՛, դու կ'ընկնես- եւ քո անշունչ դին
Մայր-երկրի կրծքում փոշի կը դառնայ,
Բայց քո վեհ քարոզ, քո հպարտ հոգին
Յաւիտեան կ'ապրեն աշխարհիս վերայ:

Եւ անվերջ դարեր քո հըզօր բարբառ
Կը հնչուի ազատ, ահեղ թնդիւնով.
Նա կը խորտակէ մահաշունչ խաւար,
Մեզ անշէջ լուսոյ տաճար կանգնելով...


Ալեքսանդր Ծատուրեան
1889

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ





Այժմ ես կը գամ, ասում է Աստուած,
Օգնել աղքատին իր ծանր կռւում.
Չեմ թողնի նրան յաւիտեան լքուած,
Նա ինձ ապաւէն կանչեց նեղ օրում:

Վա՛յ ձեզ, հզօրներ, որ իր խրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վէս, անպատիժ՝ ասիք ձեր սրտում՝
Ո՞վ է վերեւից նայում մեր ճամբին:

Մի՞թէ կարծում էք՝ չէր տեսնում, լսում,
Նա, որ ստեղծեց ե՛ւ աչք, ե՛ւ ականջ.
Մի՞թէ կարծում էք՝ ուժն էր պակասում,
Եթէ համբերեց դատելուց առաջ:

Իմ աչքերն անթարթ ձեր ճամբի վրայ՝
Հսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղի՝ գալիս եմ ահա,
Ե՜ս, տէր զօրութեանց՝ եւ հուրն իմ ձեռին:

Ես հուր եմ ձգում ճնշուածի հոգին,
Նրա համարձակ լեզուով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին՝ գալիս եմ ձեր դէմ:


Յովհաննէս Թումանեան

ՁՄՐԱՆ ԳԻՇԵՐ





Ձի՜ւն է գալիս դրսում... Եւ որքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհել որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ...

Որ դու իջնող ձիւնի քնքշութիւնը հագած՝
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ՝
Ներշնչանքի նման սպասուած եւ սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:

Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝
Թարթիչներիդ վրայ ձիւնն սպիտակ,
Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ
Ու մեղմօրէն շոյել ճակատս տաք:

Որ կարող է քո սեւ թարթիչներին իջած
Ձիւնափոշին հալուել իմ տաք շնչից.
Ու կարող ես դու ինձ գիշերի մէջ ժպտալ
Սիրոյ մաքուր-մաքուր արտասուքի միջից:

Ձի՜ւն է գալիս դրսում... Եւ որքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհել որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ:


Վահագն Դաւթեան

ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ





Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ, սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր:

Կ'ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ'ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարժուձեւիս մէջ,
Ու մինչ կ'ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նադիր:

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիկ ո՜վ անդորրութիւն,
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս:

Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երէկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի:

Նե՛րս խուժէ ուժգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս:

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին:
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:


Միսաք Մեծարենց

ՐԱՒԵՆՆԱՅՈՒՄ




Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկեանի պէս,
Ու անցել:

Անհուն թըւով կայծակների
Սուրն է բեկուել ադամանդին
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լոյս գագաթին
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սէգ ճակատին
Ու անցիր:


Աւետիք Իսահակեան

ԳԵՏԸ




Գետը լեռներից շաառաչով գալիս
Եւ անց է կենում դաշտերի միջով,
Կանչում-կարկաչում, յորձանք է տալիս,
Ափերն է զուգում զմրուխտ կանաչով:

Պաղ ջուր է տալիս մարդուն ու բոյսին
Եւ կաթիլն անգամ զուր չի կորցընում,
Կեանքի է կոչում կայաններ լոյսի
Եւ ինքն իր ճամբին լոյս տալով գընում...

Այսպէս, վաստակած նա ծովն է մտնում,
Եւ ծովն է վերջին կայանը նրա,
Բայց ծովի մէջ էլ հանգիստ չի գտնում,
Նաւեր է պահում իր կրծքի վրայ:

*****

Դու էլ գետի պէս անցիր քո ճամբան
Եւ նման եղիր գետի յորձանքին,
Որ կեանքիդ վերջին կայանում անգամ
Ինչ-որ մի բանով պէտք լինես կեանքին:


Համօ Սահեան

ԵՐՆԷ՜Կ, ՋՈ՜ՒՐ




Ո՜վ պիտի երգէ քու անփառունակ
Կեանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜յծ դայլայլի մը պէս շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մէջ ուր՝
Դարե՜ր դարերով ե՜րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմէ վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցոյց տայ փրփուրներուդ խօլ
Հեւ ի հեւ կեանքիդ իղձերն հոգեվար,
Վէտ-վէտ սէզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմէ խիճերուդ լեզուն,
Ու հեքիաթունակ սէրն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն ազազուն
Ոստերը, փախչող հոգւոյդ կը հայի՜ն...

Միամի՜տ վտա՛կ, դարերէ ի դար
Դուն մամռոտ ճամբէդ կ'երթաս անմոլոր.
Ու երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գոյն-գոյն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մէջ կ'երգես անդադար:

Երնէ՜կ քեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքէ մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մէջ միայնակ, արթուն,
Անսկի՜զբն, անվե՜րջ, վտիտ փոսիդ մէջ
Կ'երգես, երնէ՜կ, ջո՛ւր, վախճան չունիս դուն...

Ու երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքէն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
Ուրիշ քերթող մ' ալ՝ ինծի չափ յիմար՝
Պիտի գայ հարկաւ երգերըդ վայրի,
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչ յաւերժօրէն կեանքո՛տ, զուարթո՜ւն,
Պիտի կարկաչէ քու ջուրըդ յարաշարժ՝
Հեգնելով արուեստն ու կեանքը մարդուն...
Ո՜վ անմահութեան ըստուեր գետնաքարշ.
Վտա՛կ, երնէ՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:


Ռուբէն Սեւակ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ


Որ յայսմ աւուր յայտնեցաւ
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝
Տան աւետիս աշխարհի։

Ծնաւ Նոր Արքայ
Ի Բեթղեհէմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէ´ք,
Զի վասն մեր մարմնացաւ։

Անբաւելին երկնի եւ երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ՝
Ի սուրբ այրին բազմեցաւ։


Մովսէս Խորենացի
5-րդ դար


Կատարում՝ «Նարեկ» արական երգչախումբ
Խմբավար՝ Մկրտիչ Մկրտիչեան 

ՆՈՐ ՏԱՐԻ




Ամէն, ամէն ինչի մէջ
     նորն ենք սիրում մենք կեանքում,
Նա մեզ թռիչք է տալիս,
     թեւ է տալիս ճախրանքում:
Իսկ դու նոր ես, իսկ դու նոր,
     հենց նոր իջար որպէս երգ,
Դեռ ձիւներիդ մէջ ճերմակ
     չկայ ոչ մի ոտնահետք.
Ու բաժակն իմ աստղացոլ
     լոյսերի մէջ պահած վեր,
Ես քո կենացն եմ խմում,
     նորեկ տարի, նոր իմ սէր...
Ե՛կ, իմ երկրի զինակից,
     ջահելութիւն իմ հողի,
Եկ ու փռիր մեր առջեւ,
     նոր հեռուներ, նոր ուղի...
Պողպատ ձուլող բանուորի
     պողպատին տուր կարծրութիւն,
Այգեգործին՝ առատ բերք
     ու բերքերին՝ քաղցրութիւն,
Ե՛կ, նոր նոր տարի, ու դարձիր
     նոր երազը մեր սրտի,
Տիեզերքները ձեւող նոր
     աստղ դարձիր ու հրթիռ,
Դարձիր մարմին առած տենչ,
     դարձիր երգ մի յաղթաձայն
Եւ աշխարհը կամրջող
     խաղաղութեան ծիածան:


Վահագն Դաւթեան