Δευτέρα 2 Μαΐου 2011

ԵՍ ՄԻ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ





Ես մէկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անուանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արեւելեան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամէն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շուքի տակ,
Հիւթս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թէպէտ նոյնը կը մնան,
Բայց օտար հողի վրայ
Չեն աճիլ, կը չորանան:

Արեւելքում ինձ տնկեց,
Երբ որ Աստուած ստեղծեց,
Ասաց՝ աճէ, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տուեց:

Ուղարկեց մի այգեպան,
Հարաւից հսկայ իշխան.
Այն հսկայի անունով՝
Կոչուեցայ ծառ Հայկական:

Չորս հազար տարուայ ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ.
Թէպէտ ուժս պակաս է,
Բայց անունով՝ պայծառ եմ:


Աշուղ Ջիւանի

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου