Τετάρτη 25 Μαΐου 2011

ԱՌԱՒՕՏԸ՝ ՓՈՔՐԻԿ, ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԻ ԾԱՂԻԿ


Առաւօտը՝ փոքրիկ, անպաշտպան մի ծաղիկ,
առաւօտը շուշան մի ծաղիկ է դարձեալ,
որ ելնում է անձայն մեր փողոցը ծայրին,
եւ լուրթ մշուշներ են ցնդում շուրջը նրա:

Ամէն ծառ՝ կանաչ մի պայթիւն է հիմա,
իսկ արեւը հողից հանում է նոր ծառեր,
ծաղիկ ու խոտ կարծես նոր են տեսնում իրար,
եւ հաւքերը երգեր են երգում դեռ չլսուած:

Օրը բացւում է դրախտ այգեստանի նման,
ծաղկանց մէջ՝ ծաղիկ, օրուայ մէջ՝ առաւօտ,
իսկ արեգակի ոսկէ շողերի մէջ զնգուն
ճախրում են մանուկ յոյս, հաւատ ու սէր:

Օ՜, հեզ ու անխօս արթնացում լոյս օրուայ,
երբ երկինքը վերից օրհնանք է թափում,
եւ ելնում ես դու, որ փառքը երգես նրա,
ով արարիչն է քո եւ այս հողի՝ մաքուր:

Նա արեգակի տեսքով է, հզօր ու բարի,
նա իմաստուն է, ներող՝ արեգակի նման,
գիտէ սկիզբը, գիտէ վախճանն այս աշխարհի,
գիտէ ո՛վ ես, որտեղի՛ց ես, գիտէ քո ճամբան:

Նա՛ է քեզ դարձրել տէրը քո սուրբ երկրի,
քո լեզուի, քո աչքերի ու քո պատմութեան,
նա՛ է կրծքիդ տակ դրել մի փոքրիկ, ջերմ սիրտ,
որ բուռն իր յոյզերից թպըրտում է հիմա:

Եւ նա է քեզ ասում. ապրի՛ր, այդպէ՛ս ապրիր,
ապրի՛ր թէկուզ հէնց այս առաւօտի համար.
ես քեզ կը տամ օդ, ասում է, ջուր ու հաց,
եւ այդ ամենից լաւը՝ Խօսքը կը տամ միակ:

Որ ապրես իմ Խօսքով ու զօրանաս այնքան,
որ քո երկրի տէր՝ աշխարհի տէր էլ լինես,
որ քո լեզուի տէր հոգու տէր էլ լինես,
որ քո աչքերի տէր՝ վշտի տէր էլ լինես:

Եւ ապրիր, որ տէր լինես քո պատմութեան,
տէր՝ այս առաւօտին, ու քո երգին՝ մաքուր,
քանզի իմ Խօսքը՝ այդ երգն է քեզ տրուած,
եւ այդ երգից բացի դու կեանք չունես ուրիշ:

Դու կեանք չունես ուրիշ, դու յոյս չունես ուրիշ,
չունես ուրիշ հաւատ, եւ չունես ուրիշ տէր,
եւ պատժում եմ ես քեզ՝ տէր անելով Խօսքի,
բայց դա՝ իմ սիրոյ նշանն է ամենամեծ:


Դաւիթ Յովհաննէս

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου