Πέμπτη 5 Μαΐου 2011

ԻՐԻԿՈՒՆԸ





Սա իրիկունն ըլլայի ես
     Եւ հըպէի ճակտին ամէն անցորդի.
     Չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի երգովը թռչուններուն, մարգերուն,
     Ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
Սա իրիկո՜ւնն ելլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
     Թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
     Ու ծըփայի զերթ ոսկէ սար վարագոյր
Վըրան ամէն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
     Խնկապատար, օծուն, ջահուած ժամի պէս
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
     Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
     Սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
     Թօթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ելլայի ես,
     Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
     Եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:


Միսաք Մեծարենց

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου