Παρασκευή 20 Μαΐου 2011

ՀԱՅՐԵՆԻՔՍ ՋՈՒՐԸ


 


Վէրքիս դեղ ու սպեղանին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը,
Քաղցր ես, քան նռան գինին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Խմողը շատ ուշ կը մեռնի,
Քիչը՝ հարիւր տարի կ'ապրի,
Ամէն երկիր չի գտնուի,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Բիւրակնեան սարից կը տեղայ,
Կոհակներու մէջ հոգի կայ,
Դրախտի միջից դուրս կու գայ,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Անմահական աղբիւրից է,
Եդեմի սուրբ երկրից է,
Ադամայ խմած ջրից է,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Հայկ պապս նրանից խմեց,
Զօրեղացաւ, Բելին յաղթեց,
Սրբում, տանում է ցաւ ու ցեց,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Վարդան Վահաններ է տուել,
Դշխոյ Շուշանիկ է ծնել,
Սանդուխտ կոյս է առաջ բերել,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Յիշէ պանդուխտ Հայկազունին,
Միտ բեր օճախդ հայրենի,
Կաթի ու մեղրի համ ունի,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Դառն են ջրեր օտար երկրին,
Աղի, լեղի են, համ չունին,
Արդեօ՞ք պիտի խմեմ կրկին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Մեր երկիրը մթնել է,
Կարծես մեր աստղը ընկել է,
Ալ արիւնով ներկուել է,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Ջիւան, հրէշներ են եկել,
Բնիկներին դուրս են վանել,
Օձերն ու գորտերն են խմել,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:


Աշուղ Ջիւանի

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου