Κυριακή 22 Μαΐου 2011

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ





Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քէֆ էին անում
Եւ ուրախանում
Մեր հըսկայ պապերն ու մեր հայրերը՝
Գիւղի տէրերը:

Մենք, առոյգ ու ժիր մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում՝
Տաղ էինք ասում:

Երբ զըւարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադէն բեղերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:

Ժամանակ անցաւ, նրանք էլ անցան,
Զըւարթ երգերըս վըշտալի դարձան.
Եւ ես յիշեցի մեր օրը լալիս,
Թէ մեզ օրհնելիս
Ինչու ասացին. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:

Խաղաղութի՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցաւը մե՛զ էլ է պատել:
Այժըմ, տըխրութեան թէ քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զաւակներին՝
Ձեր խօսքն ենք ասում. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:


Յովհաննէս Թումանեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου