Δευτέρα 9 Μαΐου 2011

ԹԱՄԱՆԵԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ




Ցնծում է Երեւանը վարդագոյն,
Ինչպէս մի նոր վերածնուած Անի:
Գերմանիայից վերադառնում է տուն
Դիվիզիան գեներալ Սաֆարեանի:

Ողջո՜յն, հայո՛ց քաջեր, հարազատնե՛ր,
Բարո՛վ եկաք, բարո՛վ եկաք, բարո՛վ:
Մենք զարդարել ենք ճանապարհը ձեր
Ամենաթանկագին մեր գորգերով:

Հպա՛րտ քայլէք այս գորգերի վրայ,
Եւ մեր սրտի վրայ, եւ մեր գլխին,
Եւ ձեր բաժակներում թող հուրհուրայ
Արտաշատի հայրենաբոյր գինին:

Թո՛ղ ձեր ծաղկեփնջեր տալով ժպտան
Հայոց մեր աղջիկները երազուն,
Թող ներբողի ձեր երթը յաղթական
Հայոց խրոխտ, մետաղակուռ լեզուն:

Թո՛ղ հայրերի նըման ճերմակալիք
Ձեզ ողջունեն Մասիս եւ Արագած,
Եւ ձեր ճամբին պարեն թող երջանիկ
Հայոց լեռները ճոխ կանաչ հագած:

Եւ թո՛ղ հայոց գետերը որոտան՝
Բարո՜վ եկաք, բարո՜վ եկաք, բարո՜վ,
Դուք, որ վերադառնում էք Հայաստան
Հերոսութեան կարմիր ճանապարհով:

Դուք, որ ոտքով անցաք մարտի ճամբան
Երեւանից մինչեւ այն գոռ Պերլին:
Տարաք այնտեղ ցասումը հայութեան
Եւ ապրելու մեր իրաւունքը հին:

Մարտի մրրիկներում Սասնայ մեր հին
Թուր Կայծակին փայլատակեց պայծառ:
Դուք ասացիք մերոնց եւ աշխարհին՝
Այո, սակաւաթիւ ենք մենք, բայց՝ հայ:

Մենք զարդարել ենք ճանապարհը ձեր
Ամենաջերմ սիրով ու գորգերով:
Հպա՛րտ անցէք, հայոց դիւցազուններ,
Բարո՜վ եկաք, բարո՜վ եկաք, բարո՜վ:


Նայիրի Զարեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου