Τετάρτη 20 Απριλίου 2011

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԷՍԻՆ


(Հատուածներ)



Օ՜, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ,
Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք,-
Ինչո՞ւ դու դարձար մահուան տարելից,
Մահո՛վ մնացիր մեր պատմութիւնում...
Ապրելո՛ւ ապրիլ, ահա քո բոյրից
Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում.
Ձիւն-սառոյցները գարնան Եփրատի
Մեր տաք արիւնի ջերմից են հալչում.
Սրահար մանկան սեղմած իր սրտին՝
Խելագար մի մայր փախչո՜ւմ է, փախչո՜ւմ...
Ապրելո՜ւ ապրիլ, Արտամէտի մէջ
Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորենին.
Ետեւից գցած հինգ որբուկներին՝
Քայլում է տատըս գաղթի երթի մէջ:
Անջուր ճամբէքին ու Երեւանում
Սայլը մեռել է անվերջ ժողովում.
Ապրելո՜ւ ապրիլ, ինչո՞ւ է մեռնում
Գարնան սպասող մի ողջ ժողովուրդ.
Գարնան օրերին, օրը ցերեկով,
Աշխարհին ի տես, աչքի տակ աստծու.
Ո՜վ արդարութի՛ւն, ես թքել եմ քո...
Բայց կանգնի՛ր, կանգնի՛ր, կարկամիր լեզու,

Ո՛չ, ես չե՛մ ծնուել անէծքի համար,
Ես միշտ բարեկամ խօսքի եմ սովոր.
Ես մանուկ օրից հաւատով, սիրով
Զնգուն երգել եմ «Ինտերնասիոնալ»...
Եւ մի՞թէ հիմա ես էլ յիրաւի
Շուրթերըս պիտի անէծքով պղծեմ,
Արաքսից այն կողմ կանգնած հովիւին
Սեւ ատելութեամբ հայեացքըս գցեմ,
Թողնեմ որ հտպիտ մի ենիչէրի
Տասնըհինգ թըւին բարձրացրած սրով
Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով
Ոխով, նզովքով, մոլուցքով վայրի.
Եւ ես կորցըրած լոյսը իմ հոգու՝
Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,-
Էլ ինչի՞ համար յանուն այդ լոյսի
Մեր Շահումեանը գնաց մեռնելու.
Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝
Հանգչող Տէրեանը շշնջաց «յարեաւ»,-
Ուրեմն ինչպէ՞ս հեղեղներն արեան
Թողնել որ ծածկի՞ մոռացման փոշին.
Խլացնե՞լ սիրտը, որ էլ չլսուեն
Վրդով ձայները խորքերից յառնած,
Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չընդվզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.

Ո՛չ, ի՛մ ժողովուրդ, դու շատ ես տեսել,
Դու պիտի յիշե՛ս ապրելու համար...

Դու պիտի առնես վրէժըդ անհուն,
Պիտի խաղաղես հոգին քո խռով,
Բայց ոչ արեան դէմ կոչելով արիւն
Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով,-
Ո՛չ, ի՛մ լուսաւոր, դու, որ այն պահին
Երբ ընկած էիր տմարդ հարուածից,
Երբ թւում էր թէ աչքերըդ մթին
Էլ չեն պարզելու թոյնից ու մաղձից,-
Քո մէջ ուժ գտար պայծառ նայելու
Մարդկա՛նց, ազգերի՛ն, զարթնող աշխարհի՛ն
Եւ խոցուած ձեռքով զինագըրուելու
Եղբայրութեան նոր գածափարներին,-
Դու, որ մեծերիդ մահը քո հոգում՝
Դեռ սուգերի մէջ՝ Չարենց ծնեցիր
Ու ողջակիզուող սիրտըդ նետեցիր
Կարմիր Գալիքի հրին բորբոքուն,-
Որ այդ բոցերում զտուա՛ծ, նորոգուա՛ծ
Նորի՛ց ժայթքեցիր Եղեգան փողից,-

Ոչ, ուրի՛շ է քո հատուցման ուղին,
Քեզ կեանքի ուրի՜շ ճամբայ է տրուած...

Դու պիտի վրէժ առնես ապրելո՛վ,
Ապրելով յամա՛ռ, հազարապատի՛կ,
Աւերումի դէմ՝ քո ստեղծելո՛վ,
Աւեր Վանի դէմ՝ քո Երեւանով,
Աքսորների դէմ՝ խուլ անապատից
Նորից տուն դարձող քո քարաւանո՛վ,-
Դու պիտի ապրես այսպէ՛ս, սրանով:

Շէնիկի հանդում մորթուած որբի տեղ՝
Աշնակցի հարսի տասնըչորս որդո՛վ,
Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝
Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտո՜վ,
Մարութայ սարի մարած բոցի տեղ՝
Եօթն աշխա՜րհ ծնող՝ քո եօթ կայանով.
Տաթեւի կուրցած Դպրանոցի տեղ՝
Բիւր ակնո՛վ նայող քո Բիւրականով:
Հայոց արցունքաչ «Կռունկի՜» տեղակ,
Սարէսար փռուած սեւ-սուգի տեղակ՝
Յախո՛ւռն, կենսայո՛րդ, սիրտը թո՜ւնդ հանող,
Հանճարիդ լոյսը աշխարհի՜ն տանող
Քո սէգ Սարեանով,
Խաչատըրեանով,-
Դու պիտի ապրես այսպէ՛ս, սրանո՛վ:


Սիլվա  Կապուտիկեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου