Παρασκευή 22 Απριλίου 2011

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ





Ու վեր կացայ ես, որ մեր հայրենի հին օրէնքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շէն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչեւ ծով
Մարած են, մեռած, փռուած ու ցրուած հազար հազարով...

Ու կրակ առայ հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սրմանց, Նեմրութ, Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մէկ-մէկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպէս հեռաւոր արեւ,
Անհաս, աննուազ, միշտ վառ ու պայծառ, իմ գլխի վերեւ...

Կանգնեց խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նման,
Կանչեցի թշուառ էն հոգիներին՝ ցրուած յաւիտեան
Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն Հայոց,
Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ:
-Հանգէ՜ք, իմ որբե՜ր... ի զո՜ւր են յուզմունք, ի զո՜ւր եւ անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպէս կը մնայ...

Աջիցս Եփրատ, ձախիցս Տիգրիս՝ ահեղ ձէներով,
Սաղմոս կարդալով՝ անցան գնացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրաւի ձորից, հսկայ բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից...

Բոյլ-բոյլ, բուրաւէտ, շարժուեցին դէպի կողմերը հեռու,
Գոհար ցօղելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խնկելու
Մինչեւ Միջագետք, մինչեւ Ասորիք, մինչեւ Ծովն Հայոց,
Մինչեւ Հելլեսպոնտ, մինչեւ Պոնտոսի ափերն ալեկոծ...
-Հանգէ՜ք, իմ որբե՜ր... ի զո՜ւր են յուզմունք, ի զո՜ւր եւ անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպէս կը մնայ...


Յովհաննէս  Թումանեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου