Τετάρτη 27 Απριλίου 2011

ՑՈՐԵԱՆԻ ԾՈՎԵՐ


         


          Հովե՜ր կ'անցնին.-
Ու ցորեաններս յուշիկ-յուշիկ կ'արթըննան.
Իրենց խորքէն կը հոսի դող մ' անսահման,
Գեղադալար կողերն ի վար բլուրին
          Ծովե՜ր կ'անցնին:

          Հովե՜ր կ'անցնին.-
Ա՜յնքան կ'յորդի, կը կատղի դաշտը յուռթի,
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մէջէն ալետատան հովիտին
          Ծովե՜ր կ'անցնին:

          Հովե՜ր կ'անցնին.-
Ու ցորեանին պատմուճանները ծփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարուին փողփողուն:
Ըստուերի մէջ, լոյսերու մէջ փրփրագին
          Ծովե՜ր կ'անցնին:

          Հովե՜ր կ'անցնին.-
Քիստերուն մէջ կ'ալեծըփին եղիներ
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերէն գիւղ, գիւղէն մինչեւ աղօրին
          Ծովե՜ր կ'անցնին:

          Հովե՜ր կ'անցնին.-
Զմրուխտներով կը ծըփայ դաշտը անհուն:
Ծիտը կ'երգէ թառած հասկի մ'օրօրուն,
Մինչ իր տակէն ցորեանններու մոլեգին
          Ծովե՜ր կ'անցնին:
          Հովե՜ր կ'անցնին:


Դանիէլ  Վարուժան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου