Πέμπτη 28 Απριλίου 2011

ՊԻՆԿԷՕԼ





Շընկշընկալով հովն է փըչում
Զով Պինկէօլի լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Պինկէօլի ձորերից:

Հորուտ-Մորուտն ծաղկանց ծովում
Բուրում է բոյր ու երգեր.
Շուխիկ-Հուրին լըճի ծոցում
Լողանում է անընկեր:

Հրեշտակը երկրի կեանքից
Դիւթուած, ապշած լիուլի՛.
Վայր է ընկնում աստղոտ երկնից-
Ընկնում գիրկը Պինկէօլի:

Փերուզ-երկինքն հըրեշտակին
Կարեկցում է, ցաւակցում.-
-«Ա՜խ, ափսո՜ս քո անմահ կեանքին,
Որ չըփայլեց դրախտում...»

Բիւրեղ լըճից ցօղն է ելնում
Ծիածանի ժըպիտով.
Ծաղիկների ջինջ բողբոջում
Յանգ է առնում շողալով:

Զմրուխտ-երկիրն հըրեշտակին
Ողջունում է, փաղաքշում.
-«Ա՜խ, երնէ՜կ քո մատաղ կեանքին,
Որ պիտ ծաղկի Պինկէօլում»:

Վառ անուրջում ուղխն է մնչում,
Ծփում են սէգ ու արօտ,
Բլբուլների հոյլքն է շնչում,
Շնչում է սէ՛ր ու կարօտ:

Անո՜ւշ-անո՜ւշ հովն է փչում
Զով Պինկէօլի լանջերից,
Ոլոր-մոլոր ուղխն է փախչում
Խոր Պինկէօլի ձորերից...


Աւետիք Իսահակեան
1893, Վիեննա

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου