Σάββατο 9 Απριλίου 2011

ԿԵԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ


Վայրի աղաւնին՝ կուրծքը վիրաւոր՝
Ընկել էր մենակ աղբիւրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արիւնը բոսոր,
Մեռնում էր, աչքը՝ ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսաւ դալկահար
Մեռնող աղաւնուն եւ խօսեց այսպէս.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Է՛ն թանկագինը, կեանք տամ իսկոյն քեզ:

Մեռնող աղաւնին խորհում է ինքնին.
«Էն թանկագինը՝ կեանքն է անպատճառ,
Ա՜խ, ծաղրում է ինձ աղբիւրի ոգին»:
-Էհ, լա՛ւ, թո՛ղ լինի, տո՛ւր եւ նորից ա՛ռ:

Պարիկը ցօղեր սրըսկեց վէրքին,
Աղաւնին բացեց աչքերը ոսկի
Ու թեւին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կ'ուզես կեանքըս, նազելի ոգի:

-Թեւե՛րըդ, կ'ուզեմ, կեանքըդ քեզ լինի:
-Թեւե՞րս... ի՞նչպէս, ոհ, երբե՛ք, երբե՛ք,
Առանց թռիչքի կեանքը գին չունի.
Կեա՛նքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռի՛ր ու ասա՛ ստրուկ աշխարհքին,
Թէ ի՜նչն է թանկը կեանքից աւելի...
Ասաց ջրերի լուսեղէն ոգին:


Աւետիք  Իսահակեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου