Παρασκευή 22 Απριλίου 2011

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ





Քայլքս թեթեւ էր,
Ինչպէս լինում են քայլերը ոգու,
Քայլքս թեթեւ էր, երբ սկսեցի վերեւ բարձրանալ,
Ես չէի զգում, թէ ինչպէս էի ոտքերս պոկում,
Սիրտ չէի անում
Թեքուել իմ ուղուց
Կամ հանգստանալ:

Ես գնում էի մեռեալի նման,
Քայլում էի վեր,
Մինչեւ որ մնաց այն հսկայական քաղաքը ցածում,
Քայքս թեթեւ էր, կարծես թէ մի զոյգ հրեղէն թեւեր
Տանում էին ինձ... Բայց ես ողջ էի
Ու ես ինքս էի երկինք թեւածում:

Ելնում էի ես, հայեացքս դէպի բարձունքը յառած,
Եւ իմ դէմ փռուեց քարէ գորշագոյն մի հրապարակ,
Ոտք դրի քարին,
Ու յառնեց յանկարծ աչքերիս առաջ
Քարէ մի ծաղիկ,
Հսկայ մի ծաղիկ ու մէջը՝ կրակ...

Ու ես այդ հսկայ ծաղկի մէջ մտայ...
Կանգնեցի ես լուռ:
Հայեացքիս միջով ինչ-որ թափանցիկ ալիքներ անցան:
Ես խոնարհուեցի յետոյ պղնձէ օճախին այն հուր՝
Եւ իմ ականջին հասաւ խուլ մի ձայն...

Ձայնն այդ հնչում էր,
Ոգեկոչում էր քարերի տակից
Եւ ամենեցուն յուշում էր ասես, ծայրէ ծայր զանգում,
Որ նրանց, ովքեր ընկել են մի օր
Սուր ու գնդակից,
Անհնարին է մոռանալ կեանքում:

Եւ ես խոնարհուած խորհում էի լուռ՝
Նահատակներն այս պիտի որ ապրեն աւելի երկար,
Քանզի իմ մէջ են, քո մէջ են նրանք
Իբրեւ յուշ ու հուր,
Իակ յուշն ու հուրը
Անհնարին է անել սրահար:

Լոյսը դողում էր քարերի վրայ... իսկ ես ողջ էի
Եւ ողջ առաւել քան մէկ ժամ առաջ,
Առաւել տոկուն:
Եւ սակայն քայլքս թեթեւ էր այնպէս
Եւ այնպէս լռին,
Ինչպէս լինում են քայլերը ոգու...



 
Այն Կաալեպ
(Էստոնացի բանաստեղծ)


թարգմ. Վահագն Դաւթեանի

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου