Παρασκευή 22 Απριλίου 2011

ԴԷՊԻ ԿԱՌԱՓՆԱՐԱՆ







Կոմիտասի յիշատակին


Սեւ ծովն էր ալեկոծ փրփրել իր ափերին
Թմրել էր Պոլիսը փարթամ պարտէզներում
Եւ մինարէների նիրհուն կատարներին
Վերջալոյսի գունատ շողերն էին մարում:

Փռուեց ծովի վրայ ահեղ իրիկնաժամ,
Արեգակի վերջին հայեացքն այն տեղ յանգաւ,
Գողգոթայի նման՝ իր լռութեամբ դաժան
Գանգնել էր ափի մօտ խորհրդաւոր մի նաւ:

Կանգնել էր նա ինչպէս մռայլ մի դամբարան,
Եւ հայ մի բազմութիւն հեծում էր ծովափին,
Վերջին հրաժեշտի հայեացքն ուղղած նրան,
Յուղարկաւորն ինչպէս՝ տխուր հողաթմբին:

Այնտեղ էին նրանք... Այդ չարագոյժ նաւում
Հայոց քնարների վարպետները բոլոր,
Հայոց պայծառ մտքի աստղերն էին մարում
Այդ ահաւոր ժամին խաւարի դէմ անզօր:

Նրանց տանում էին հեռու կառափնարան
Գունատ էին նրանք: Երկու հարիւր էին,
Տաճիկ սպաների հայեացքն անասնական
Դաշոյնների նման կախուած գլուխներին:

Այնտեղ էին նրանք... Վարուժանը խոհուն,
Սիամանթօն՝ հայեացքն ուղղած դէպի եթեր,
Եւ ո՞վ գիտէ արդեօք, արդեօք ի՞նչ էր խորհում,
Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր...

Եւ ո՞վ գիտէ արդեօք աչքերն յառած ջրին՝
Ինչ խոր յոյզեր էին լուռ պաշարել նրան,
Որոնք նրա հոգին վշտով լցնում էին
Մթնշաղին՝ ծովի շշուկների նման...

Գուցէ տեսնում էր նա ափերը հայրենի
Զմրուխտ դաշտեր՝ փռուած Արագածի լանջին,
Գուցէ թւում էր թէ ափին էր Սեւանի
Եւ գեղջուկի երգն է հասնում իր ականջին:

Գուցէ խորհում էր նա արցունքը կոկորդում
Իր գլխատուող անոք ժողովրդի մասին,
Եւ ծովն էր նրա լուռ հոգու մէջ փոթորկում,
Եւ բազմաթիւ սրտեր նրա հետ միասին:

Գուցէ... Յանկարծ սուլեց նաւը աղեկտուր,
Եւ արձագանգն անդարձ կորաւ հեռուներում,
Երկու հարիւր հայեացք անհունօրէն տխուր
Ափի հայ բազմութեան սրտին էին նայում...

Նրանց տանում էին հեռու կառափնարան
Եւ երկինքն էր նայում, եւ երեկոն էր լուռ,
Եւ ծովն էր անսահման յուզուած սրտի նման
Խփւում էր ափերին ինչպէս մահուան սարսուռ:

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
Լուռ էր Վարուժանը, Սիամանթօն խոհուն,
Հայեացքն ուղղած դէպի երկինքն անսահման
Գանգնել էր Կոմիտասն ինչպէս տաճարի սիւն:

Ձուլուել էր նա կարծես կապոյտ երեկոյին,
Ծովի պաղ հովերով միրուքն ալեծածան,
Նրա շուրթերը պաղ արդէն երգում էին
Հայոց պատարագի յուզիչ «Տէր Ողորմեա»ն:

Երգում էր նա... Եւ յորդ շիթերն արտասուքի
Թափւում էին երգի հնչիւնների նման,
Երգում էր նա... Եւ այդ յոյսի աղերսանքի
Մեղեդին էր նրա սփոփանքը միայն...

Երգում էր նա... Ծորուն հնչիւնները երգի
Ձուլւում էին ծովի մրմունջներին օդում
Երգում էր նա... Ափին կանգնած ժողովրդի
Սրտից աղօթաձայն հառաչանք էր պոկում:

Նաւը շարժուեց: Դանդաղ պոկուեց արդէն ափից,
Բռնած անյայտ ու մութ հեռուների ճամբան.
Ու տարածւում էր դեռ օդում աղերսալից
Հայոց պատարագի յուզիչ «Տէր ողորմեա»ն:

Նաւը շարժուեց ինչպէս մռայլ մի դամբարան,
Եւ խութ տնքաց ցաւից բազմութիւնը ափին,
Վերջին հրաժեշտի հայեացքն ուղղած նրան,
Յուղարկաւորն ինչպէս՝ տխուր հողաթմբին:

Եւ հեռացաւ, կորաւ ծովի մշուշներում,
Ու խաւարին ձուլուեց յոյսի «Տէր ողորմեա»ն:
Քամին նրա վերջին հնչիւններն էր բերում
Ծովի ցայտող ջրի պաղ շիթերի նման:

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքօղ
Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,
Ինչպէս Վիլհելմ կայսեր հայեացքի տակ պարող
Ծախուած գեղեցկուհու ժպտուն ատամնաշար:


Գեղամ  Սարեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου