Σάββατο, 9 Απριλίου 2011

ԵՐԳ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ



Ազատն Աստուած այն օրից,
Երբ հաճեցաւ շունչ փչել,
Իմ հողանիւթ շինուածքին
Կենդանութիւն պարգեւել,
Ես անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքս պարզեցի
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւն գրկեցի:

Մինչ գիշերը, անհանգիստ,
Օրօրոցում կապկապած,
Լալիս էի անդադար
Մօրս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել,
Ես այն օրից ուխտեցի՝
Ազատութիւնը սիրել:

Թոթով լեզուիս մինչ կապերը
Արձակուեցան, բացուեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրացան,
Նախկին խօսքն որ ասեցի՝
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ՝
Ազատութի՜ւն, դուրս թռաւ
Իմ մանկական բերանից:

«Ազատութի՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրն վերեւից.
«Ազատութեա՞ն դու զինուոր
Կամիս գրուիլ այս օրից:
Ո՜հ փշոտ է ճանապարհդ.
Քեզ շատ փորձանք կը սպասէ.
Ազատութիւն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:

-Ազատութի՜ւն,- գոցեցի,-
Թող որոտայ իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դաւ դնէ թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սիւն
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար՝ Ազատութի՜ւն:


Միքայէլ  Նալբանդեան 

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου