(Վերելք)
Աչքերիս մէջ՝ գարնան օրեր,
Ճամբէս՝ բախտիս սարերն ի վեր,
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտըս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամբիս,
Չեմ նկատում սարեր ճամբիս,
Քարեր, սարեր, դարեր ճամբիս:
Շանթն է բեկւում ճակտիս վրայ,
Մահ՝ չգիտեմ, կա՞յ, թէ չկայ.
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, գահերն ի վեր:
Աչքերիս մէջ՝ գարնան օրեր,
Ճամբէս դէպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ...
Յովհաննէս Շիրազ
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου