Κυριακή, 24 Απριλίου 2011

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ





Վաղուց թէեւ իմ հայեացքը Անյայտին է ու հեռւում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարօտով ամէն անգամ երբ դառնում եմ դէպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկէզ,
Ու գաղթական զաւակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛ւ գիւղերից, ե՛ւ շէներից՝ տխո՜ւր, դատարկ ու խաւար,
Զարկուա՜ծ հայրենիք,
Զրկուա՜ծ հայրենիք:


Խռնւում եմ մտքիս հանդէպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար վոհմակները աղաղակով վայրենի,
Աւարներով, աւերներով, խնճոյքներով արիւնի,
Որ դարձրին քեզ մշտական սեւ ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայեացքներով անժպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք:


Բայց հին ու նոր քո վէրքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհրդաւոր ճամբին նորի ու հնի.
Հառաչանքով սրտի խորքից խօսք ես խօսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղէտ,
Խորհում ես դու էն մեծ խօսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին-
Յոյսի՜ հայրենիք,
Լոյսի՜ հայրենիք:


Ու պիտի գայ հանուր կեանքի արշալոյսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքի, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,
Ու պոէտներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անէծքով,
Պիտի գովեն քո նոր կեանքը նոր երգերով, նոր խօսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հզօ՜ր հայրենիք...



Յովհաննէս Թումանեան 

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου