Τετάρτη, 20 Απριλίου 2011

ՌԵՔՎԻԷՄ




(Հատուածներ)




Ա


Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
Քարանամ այստեղ առանց արցունքի,
Յետոյ իմ փոքրիկ հողը հեռանամ,
Գլուխըս դնեմ նրա քարերին
     Ու թէ լամ՝ այնտեղ,
     Մորմոքամ այնտեղ...
Եւ սակայն ինքս էլ չիմացայ՝ ինչպէս
Շուրթերըս դիպան աղի տաք համին...

     Ա՜խ, ոսկորները...
     Տէր-Զօրի քամին
Մանկան ոստորից սրինգ էր սարքել
Եւ արշալոյսի խաղաղութեան մէջ
Սուլում էր մահուան անմահ նուագներ:
     Սրինգն էր սուլում
Ու տեսիլներ էր կախում լազուրում:
Պատառոտւում էր պատանքն աւազի,
Աւազի տակից ելնում էր, ծփում
Մի խարտեաշ մանկան գանգուր մի ալիք...

-Ա՜խ, գնանք, որդի,
Քէլք արս, ո՜ւշ է...
-Մէրիկ, ա՜խ, մէրիկ,
Ոտի՜կս է ցաւում,
Այս ճամբան՝ աւազ,
Այս ճամբան փուշ է,
Ու ծարաւ եմ ես,
Ծարաւ եմ,
Ծարա՜ւ...

Տէր-Զօրի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եւ նըւագում էր ծարաւի, մահուան
     Անմահ նուագներ:

Ես եկել էի, որ այստեղ լռեմ,
Ես եկել էի, որ չոքեմ ծունկի,
Քարանամ այստեղ առանց արցունքի,
     Բայց ագռաւները...
Ի՞նչ ունեն արդեօք սեւ ագռաւները
Չոր ու ամայի այս անապատում,
Որ գալիս, լոյսը սեւով են պատում,

Ճախրում են, ճչում, կռնչում են չոր,
Կտուցով քանդում աւազը տոչոր,
Բախւում են իրար, թեւին են տալիս,
Ասես, թէ որս են խլում իրարից...

     Ու ես յիշեցի.
Երկար են ապրում ագռաւներն այս սեւ
Ու հեռուից կրկին այստեղ են հասել,
Որ կերակրուեն վաղեմի յուշով,
Որ մանկան մաքուր աչուկներ հանեն,
     Սրտեր ծուատեն
     Ու խրախճանան...
     Ագռաւներ, սակայն,
     Ի զուր էք եկել,
Նրանք վաղուց են մոխրացել այստեղ,
Վաղուց են դարձել փոշի ու աճիւն,
Եւ ձեր թեւերը զուր են շառաչում
     Այս դեղին, այս սեւ
     Աւազի վրայ՝
Այս անծայրածիր գերեզմանոցի...



Բ



Աշխարհում՝ անթիւ գերեզմանոցներ,
Անթիւ շիրիմներ, հողագունտն ի վար...
Եւ սակայն շիրիմն իմ ժողովուրդի,
Իմ մի բուռ, փոքրիկ իմ ժողովուրդի
     Ամենամեծն է
     Աշխարհում արար...

     Տէր-Զօրի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եւ արշալոյսի խաղաղութեան մէջ
Սուլում էր մահուան անմահ նուագներ:

     Սուլում էր, յուշում,
     Որ աւազի տակ
     Մի կարմիր-կանաչ
     Ու մի կապուտակ
     Երազ կայ թաղուած...
     Եւ անապատը,
     Որ հսկայ ու փակ
Մեռեալի կոպ էր թւում իմ աչքին,
     Շարժւում էր ասես,
     Ու այն կապուտակ,
     Այն կարմիր-կանաչ
     Երազն էր ցոլում...
...Գիւղի բարտին էր կատարն օրօրում,
Ու լոյսերի մէջ արեւագալի
Զիլ զրնգում էր օրհներգը կալի:
Արեգակի մէջ ու մղեղի մէջ
Որոճում էին եզներն սպիտակ,
Եւ մանուկների ատամների տակ
     Համ էր ցորենի,
     Համ էր արեւի
     Ու համ էր կաթի...
Տաք մղեղի մէջ ու արեգակի
Հարս ու աղջիկներն օրօրւում էին
Ու ցորեն էին էրնում մաղերով,
Աշխարհի վրայ ասես շաղելով
     Սէր ու բարութիւն:
Յետոյ գիշերը՝ սօսափիւնի մէջ,
Աստղալոյսի մէջ ու անհունի մէջ
Կաւէ կտուրներն անրջում էին,
Եւ յոգնած, փակուած կոպերի տակով
     Լուռ շրջում էին
     Երազանքները:
Յոյսերի ոսկէ աստղերով առլի:

     Շէկ անապատը
Դեղին ու հսկայ կոպ է մեռեալի,
Որ իր տակ յաւէտ ու անդարձօրէն
Թաղել է արեւ ու լոյսի ցորեն,
Թաղել տերեւի թրթիռ ու սօսափ,
Ողկոյզի շնորհ, ջրերի հոսանք,
Հողի բուրումներ, մրգի բարութիւն,
Մեղուի տաք տքնանք ու համբերութիւն,
Արարչութիւնն է թաղել մայր հողի
Եւ արարողի երազն է թաղել:

Սուլում էր քամին ու երգում ահեղ,
     Որ աւազի տակ
Թաղուած են աստղեր ու մարգարէններ...

Եւ աւազները շարժւում են ասես,
Եւ աւազներից ելնում է ահա
Մի ասպետական կորովի հասակ,
Հեթանոսօրէն գեղեցիկ մի այր
Ու շշնջում է լուսէ բարբառով.
-Ես կարող էի դարիս ճակատը
Բանաստեղծութեան աստղերով զուգել,
Բայց իմ ճակատը փշրեցին քարով...

Սուլում էր քամին ու երգում ահեղ,
Որ աւազի տակ թաղուած են երգեր
     Ու մարգարէններ...

Եւ աւազները շարժւում են ասես,
Եւ աւազներից ելնում է ահա
Մի սքեմաւոր, սեւաւոր մի այր:
Սեւ թեւերի պէս սքեմը բացած,
Սաւառնում է նա իբրեւ սեւ մի տենդ,
Սաւառնում է իբրեւ ոգու ցաւը խենթ,
Սաւառնում, յածում, յետոյ թեւաբեկ
Ծունկի է իջնում նա անապատին,
     Ծունկի է իջնում
     Իբրեւ խելագար,
     Սեւասուն սամում...
Աւազ է առնում նա անապատից
Մոխիր առնում նա անապատից
     Ու ծամում,
     Ծամում...
     Եւ յետոյ
     Յանկարծ
Մոխիրից սեւացած նրա շուրթերին
Թառում են, դողում լոյսերը վերին,
     Եւ սկսւում է
     Մի սուրբ պատարագ...

     Հողմեր են սուլել
     Սլացել են վայրագ,
     Չուել են տարիք
Եւ աւազներ են չուել տարագիր,
Բայց անապատում ալիքւում է դեռ
     Զնգացող ցաւը,
     Զնգացող ծուխը,
     Զնգացոբղ բոցը
     Այդ պատարգի...

Եւ պատարագի ալիքի միջով
Դեռ քայլ են անում մի խարտեաշ մանուկ
     Ու ցամքած մի մայր...
     -Ա՜խ, գնանք, որդի,
     Քէլք արա, ո ՜ւշ է...
     -Մէրիկ, ա՜խ, մէրիկ,

     Ոտի՜կս է ցաւում,
     Այս ճամբան՝ աւազ,
     Այս ճամբան փուշ է,
     Ու ծարաւ եմ ես,
     Ծարաւ եմ,
     Ծարա՜ւ...

Ակնայ ջրերը, ախ, արար-վարար,
Ակնայ ջրերը կապուտաչ էին,
Ակնայ ջրերը քարափներն ի վար
Զրնգոց էին ու կարկաչ էին,
     Ակնայ ջրերը
     Աստղերի անյայտ
     Ակունքից գալիս
     Ու լալիս էին
     Ծիծաղից լալիս...
Արեւն ընկնում էր ակնաղբիւրի մէջ
Ու սառնութիւնից սարսռում, դողում,
     Իսկոյն ճաքում էր,
Ակնայ ջրերի պաղպաջիւնը ջինջ
Շուրթերիդ վրայ աստղային կում էր...

Երկրի անձրեւը, ախ, արար-վարար
     Ու կապուտաչ էր,
Երկրի անձրեւը քարափներն ի վար
Շաչ ու շառաչ էր,
Երկրի անձրեւը երակ-երակ էր,
Երկրի անձրեւը յորդ էր, հեղեղ էր,
Եւ ահեղ կիրճը նրա դէմ նեղ էր,
Գետը ուռճում էր տեղատարափից
     Եւ յովազի պէս
     Վեր էր մագլցում
     Ժայռ ու քարափից:

Տէր, այդ անձրեւից մի երակ տայիր,
     Գէթ մի շիթ տայիր,
Խարտեաշ մանկիկը ընկել աւազին,
     Հեւում է, նայիր,
     Հեւում է, լռում է
     Ու մարմարում է...
     Բայց դու՝ խուլ,
     Դու՝ կոյր,
     Դու՝ այս աշխարհի
     Խիղճը անմաքուր,
Մայրը քեզանից չի հայցում ոչինչ,
Լոկ վեր է յղում սայրասուր մի ճիչ,
     Յետոյ երգում է,
     Երգում ծիծաղով,
     Ցնորուած երգում,
Որ կախօրրան է պարտէզում կապել
Ու վրան վարդի թերթեր է թափել,
Սոխակին կանչել, ասել է. «Առի
Ու քունը հսկիր իմ մինուճարի...»

Սակայն սոխակի թեւը չէ, օ, ոչ,
     Աւազի թեւն է
     Իջնում զաւակին,
     Ագռաւի սեւն է
     Իջնում զաւակին...


Դ

 
     Արեւը ելել,
Իմ գլխի վրայ կանգնել հսկումի
Եւ ինձ ձուլել էր իմ ստուերի հետ:
Անապատային շիկացած մի տենդ
Իմ ներբանների մաշկը այրելով,
     Հասնում ճակատիս
Ու բոցկլտում էր ճակատիս վրայ:

Ինձ քամի էր պէտք, ու քամի չկար:
Ես ուզում էի քայլել աւազով,
Բայց ձայներ էին խճըճւում ոտքիս,
Եւ հառաչանքի թէժ բոցերն էին
     Կտրում էի ճամբան:

Ջուր էր աղերսում անապատը շէկ,
Եւ անապատի ալիքները շէկ
Մարող մարմըրող մանուկների պէս
     «Ջո՜ւր» էին ճչում...
Ես ուզում էի շշնջալ նրանց.
     -Ելէ՛ք, մանուկներ,
Ես ջուր կը բերեմ ձեզ Արագածից,
Մեր աղբիւրների սառնորակ լացից
     Ալիք կը բերեմ,
Որ դնեմ այրուող ձեր ճակատներին,
     Հովեր կը բերեմ,
     Զովեր կը բերեմ,
     Սօսափ կը բերեմ,
     Զով ամպ կը բերեմ,
     Որ ձեզ պարուրեմ...

Ես ուզում էի այդպէս շշընջալ,
Եւ սակայն ձայնըս ելնում, դիպչում էր
Անապատի պէս իմ չոր հագագին
     Ու խլանում էր,
     Մարում տխրագին:

Եւ անապատը հառաչում էր ձիգ.
     -Դա՛ր քսաներորդ,
Ես խարան էի քո խղճի վրայ,
Բայց այդ խարանից քո խիղճը չայրուեց
Եւ նոր, նորանոր սեւ խարաններից
     Քո դէմքը եղծուեց
     Ու ծաղկատարուեց...
Ծաղկատար դէմքով դու ինչպէ՞ս պիտի
Պտըտուես չքնաղ արեգակի շուրջ...

Եւ անապատը հառաչում էր ձիգ,
Եւ անապատի այդ հառաչանքներում
Ասես մահացած մարգարէնների
     Բողոքն էր զանգում.
     -Դա՛ր քսաներորդ,

Դարեր ու դարեր մենք սէր նիւթեցինք,
Բջիջ առ բջիջ քամեցինք բարին,
Մեր մի բուռ սրտով մենք փոթորկեցինք
     Ու փոթորկումի
Մեր մաքրութիւնը տըւինք աշխարհին.
     Մենք խարոյկ ելանք,
     Ողջակիզուեցինք,
     Դարձանք լոյս ու հուր,
     Կայծակների պէս
     Մենք փշրուեցինք,
Որ քեզ պարգեւենք երկինք մի մաքուր
Եւ հայեացքիդ դէմ կախենք յարութեան

     Առասպելները
     Հիասքանչ ու մեծ...
Դու ի՞նչ արեցիր սէրը մեր նիւթած,
     Մեր նիւթած բարին.
Ինչպէ՞ս կարեցար Տէր-Զօր արարել,
Ինչպէ՞ս կարեցար այս քուրան վառել,
Ինչպէ՞ս կարեցար սեւ խրախճանքի
     Կանչել դու չարին...

Եւ հառաչում էր անապատը ձիգ.
-Տէ՜ր, քիչ էր կարծես ինձ վերուստ տրուած
     Բախտն ամայութեան,
     Յաւերժ ամլութեան,
     Յաւերժ համրութեան
     Այս բախտը տխուր,
Որ բերիր յետոյ իմ մէջ թաղեցիր
Ողջակիզութեան փոթորիկն այս խութ
Եւ տըւայտանքը այս խութ ձայների...
     -Ա՜խ, գնանք, որդի,
     Քէլք արա, ո՜ւշ է...
     -Մէրիկ, ա՜խ, մէրիկ,
     Ոտիկս է ցաւում,
     Այս ճամբան՝ աւազ,
     Այս ճամբան փուշ է,
     Ու ծարաւ եմ ես,
     Ծարաւ եմ,
     Ծարա՜ւ...


Ե


     Յետոյ գիշեր էր:
     Դեռ լուսին չկար:
     Ագռաւներն ասես
Իրենց թեւերի սեւի սեւն էին
Քամել ու փռել այդ անապատին:
Դեռ շրջում էի ես դառնապատիր
     Աւազների մէջ
Ու մաքուր էի որպէս առաքեալ:
Այս անապատի բոցը ինձ զտել,
Աւազէ այրող հողմը մկրտել,
Եւ արցունքներս մաքրել էին ինձ...
Ես մաքուր էի, զուտ էի ու ջինջ
     Որպէս առաքեալ...

Հեռուից նայողին կարող էր թուալ,
Թէ անապատի թանձրութեան վրայ
Շրջում է այրուող, մերկացած մի սիրտ,
Կամ առկայծում է թափառիկ մի հուր...

Քամին դեռ մանկան ոսկորը առած,
     Սուլում է տխուր,
Ու սեւ էր, սեւ էր, սեւ էր ամէն ինչ...

     Ու միայն տեղ-տեղ
Մահացող մանկան աչքերի նման
Ֆոսֆորափայլն էր շողում տենդագին,
     Ֆոսֆորի փայլը,
     Ոսկորի փայլը,
     Այդ ահաւորը,
     Այդ սարսռագին
     Ամեհի ցուրտը...
Անապատներում գիշերը ցուրտ է:
Եւ ցերեկային շոգ տենդից յետոյ
     Ես ոտից գլուխ
     Սարսռում էի...
-Ո՞ւր էք ագռաւներ, ո՞ւր էք հեռացել,
Եկէք, ֆոսֆորի այս փայլը կտցէք
     Ու տարէք, գցէք
     Աշխարհի սրտին
     Ու խղճի վրայ:

     Սեւ էր գիշերը...
     Ու սեւ գիշերը
Ֆոսֆորափայլի մոմերը ձեռքին
Հսկում էր մահուան այդ մեծ եզերքին:
     Բայց մոմերն ի՞նչ են,
     Ոչ, մոմեր պէտք չեն,
Ես Արարատի ճակատից պոկած
Կայծակ կը բերեմ, շանթեր հրեղէն,
Նրանց արմատը այստեղ կը խրեմ,
Որ ծառերն աճեն շանթ ու կայծակի
Ու նման ոսկէ արեւածագի
Նահատակներիս վրայ շողշողան...

Յետոյ գիշերը կանգնել էի ես
Եփրատի դաժան կամուրջի վրայ:

     Լուսինը ելաւ:
Անապատային կարմիր մի լուսին:

Կարմիր լուսնի տակ
Եփրատը կարմիր ցոլանք էր տալիս,
     Ու թւում էր ինձ,
     Թէ երակն է նա,
     Բացուած երակն է
     Հայոց աշխարհիս:

     Կանգնել էի ես:
Սպիտակ հագած մի բարակ աղջիկ
Եփրատի դաժան կամուրջի վրայ
Եւ լուսնկայի անուրջի վրայ
     «Սուրբ-սուրբ» էր երգում:
     «Սուրբ-սուրբ»ը՝ սարսուռ
     «Սուրբ-սուրբ»ը՝ ոգի,
     «Սուրբ-սուրբ»ը՝ լոյսը
     Անմահ մորմոքի,
     «Սուրբ-սուրբ»ը՝ կարօտ
     Ու վերին թախիծ,
     «Սուրբ-սուրբ»ը՝ հիւսուած
Կիրակնալոյսից ու մթնշաղից,
     Հիւսուած արցունքից
     Ու խնկաբոյրից,
     Պոկուած դեղձենուց,
     Լերան աղբիւրից,
Պոկուած մայր հողի բացուած երակից,
Զոհասեղանի կապոյտ կրակից,
Մեր անդունդների խորացումներից,
Մեր կատարների ցոլացումներից...

     «Սուրբ-սուրբ» էր երգում:
Լսում էր, լսում Եփրատը լռած
Ու յետոյ ասես ինչ-որ բան յիշում
Ու հայերէն էր Եփրատը խշշում:
     «Սուրբ-սուրբ» էր երգում...
     Ու տիեզերքում
     Լռութիւն էր խոր:
     Ու «Սուրբ-սուրբ»ի մէջ
Իմ հայրենիքն էր ցոլում հեռաւոր:

     Լեռները կապոյտ
Ու թանձր կապոյտ ալիքներ տալով,
Ծփում են, ծփում ու չեն քարանում,
Տիեզերական զրնգուն ու զով
Մի լռութիւն է այդ վեհարանում:

Արարատ լեռը անհունին թիկնել,
Ցոլքեր է նետում ձեան ու սառոյցի,
Կատարի ամպը արեւից շիկնել
Ու բաշ է դարձել քնած առիւծի:
     Իսկ այնտեղ՝ ցածում,
     Ապրիլ է նորից...
     Ձիւնահալքը լացել,
     Խենթացել,
     Անցել,
Հետքից թողել է
Հետքից թողել է փրփուոր ծաղկի...

Ցոլանքների մէջ արեւածագի
     Մեղուի ու ծաղկի
Ներդաշնութիւնն է քաղցրօրէն զնգում,
Դաշտը ծայրէ ծայր այրւում է քնքուշ,
Դաշտը ծայրէ ծայր հեղեղ է ծաղկի,
     Հրդեհ է ծաղկի,
     Ծաղկի ծով է ծուփ,
     Ծաղկի զրնգոց...

Ապրիլը դաշտից առել կայծ ու բոց,
     Լեռներն է ելլել
     Ու լերներն ի վեր
Վառել մասրենու վայրենի թփեր,
Վառել կակաչներ ու հորոտ-մորոտ,
Զանգածաղկի ծիծաղն արեւոտ
Եւ հրաշքներ է վառել անանուն,
Իսհ յաւերժութեան կապոյտ սահմանում
     Վառել է ահա՝
     Յարութեան նման
     Հրեղէն ու բորբ
     Մի ցայգածաղիկ...

     Ա՜խ, իմ հայրենիք,
Անապատները նետեցին վրադ,
     Որ դու չծաղկես...
     Ու հիմա հեռուից,
     Այս անապատից
     Նայում եմ ես քեզ,
Ես քեզ նայում, իմ հին տառապանք,
Ես քեզ եմ նայում, դարաւոր իմ խաչ,
Եւ մահուան մթին այս անապատում
     Ես ծնկաչոք եմ...
     Քո ծաղկի առաջ...

     Լեռները կապո՛տ
Ու թանձր կապոյտ ալիքներ տալով,
Ծփում են, ծփում ու չեն քարանում...
Արեւածագի լոյսերով օծուած
Խաղաղութիւն է այդ վեհարանում...

     Այնտեղ՝
Յաւերժի կապոյտ սահմանում
Վառւում, ցոլում է ծաղիկը հրկէզ...
     Քո ցայգածաղկի
     Կերոնի առաջ
     Ծնկաչոք եմ ես...


Վահագն  Դաւթեան




Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου