Տարագիրներ են նրանք, նրանք բեկոր են չնչին՝
Ոսոխներից հալածուած քաջակորով մի ազգի,Եւ զաւակներն են զրկուած՝ հայրենիքի իրենց հին,
Որ ողջակէզն է դարձել անօրինակ սխրանքի:
Նրանք վտիտ, դալկահար, հեռու իրենց աշխարհից,
Օտար խուղի յարկի տակ խմում ու երգ են ասում,
Կծկւում են, կարկամում նրանց սրտերը ցաւից,
Եւ նրանց երգը՝ աղի արցունքի պէս է հոսում:
Եւ խմում են, եւ խմում, որ հարբելով մոռանան
Իրենց անցեալն արիւնոտ, ճակատագիրն անիծուած...
Մոռացութիւն է բերում գինին թէկուզ մի վայրկեան,
Եւ ցաւերն են մեղմանում կրծքերի տակ ծուատուած:
Գլուխներն են մթագնում, մթագնում է ամէն ինչ,
Հայրենիքի տառապած կերպարանքն է չքանում.
Եւ չի հասնում օգնութեան ու աղերսի ոչ մի ճիչ
Զաւակներին իր հարբած... Եւ մշուշն է խտանում:
Ինչպէս նախիրը քաղցած գազանների վոհմակից՝
Նրանք փախել են, ցրուել աշխարհներում հեռաւոր,
Եւ սպառնում է նրանց՝ շառաչիւնով զայրագին
Բնաջնջել հիմնովին ոսոխի թուրն ահաւոր:
Սեւ անապատ են դարձել նրանց հողը հոգեթով,
Հայրենի տունը նրանց հրդեհել են ու քանդել,
Եւ թափառում են նրանք երկրէ-երկիր, ծովէ-ծով,
Միայն պանդոկն է բացում իր դռները նրանց դէմ:
Նրանք խմում են... Եւ նրանց մոլեգին երգն է ծորում,
Արիւնաքամ են լինում նրանց սրտերը կարծես,
Խեղդում է վիշտը նրանց, վրէժի հուրն է այրում,
Եւ հոսում են անդադար արտասուքներն աղեկէզ,
Նրանց սրտերը ցասման կրակներով են լցուած,
Այտերն ի վար արցունքի այրող շիթեր են կաթում,
Որոտի պէս է թնդում զայրագին երգը նրանց,
Եւ աչքերում վրէժի կայծակներ են բոցկլտում:
Եւ փոթորիկը ձմրան՝ նրանց երգը կրկնելով
Մոլեգնում է ու ոռնում, մռնչում է կատաղի,
Եւ այդ երգը խռոված իր թեւերին տանելով,
Տարածում է, հասցնում բոլոր ծագերն աշխարհի:
Չարագուշակ երկինքը աւելի է մթագնում,
Սաստկանում է գիշերուայ սառնամանիքն աւելի,
Երգի որոտն աւելի, աւելի՛ է մոլեգնում,
Աւելի՜ է բարձրանում փոթորիկի ձայնն ամեհի:
Եւ խմում են ու երգում... Բեկորները այն չնչին
Ոսոխներից հալածուած քաջակորով մի ազգի,
Զաւակները այն զրկուած՝ հայրենիքի իրենց հին,
Որ ողջակէզն է դարձել անօրինակ սխրանքի:
Ոտաբոպիկ, վշտաբեկ, պատառոտուած շորերով,
Հայրենիքից անջատուած, նրանք գինի են խմում,
Եւ ձգտելով մոռանալ տանջանքները բիւրաւոր:
Նրանք այնպէս են երգում, որ կարծես լա՛ց են լինում:
Պէյօ Եավորով
(Պուլկարացի մեծանուն բանաստեղծ)
թարգմ. Համօ Սահեան
Δεν υπάρχουν σχόλια:
Δημοσίευση σχολίου