Δευτέρα, 18 Απριλίου 2011

ՏԷՐ - ԶՕՐ





Արար աշխարհում,
Որտե՜ղ էլ լինի
Թէ մի մարդ զոհուի-
Հզօր, թէ անկար,
Հանգիստ, թէ յանկարծ,-
Նրա շիրիմն ու շիրիմքարը կա՛յ...

Տէր-Զօրում ո՜չ մի յուշարձան չկայ,-
Եւ ոչ մի կոթո՛ղ
Եւ ոչ մի արձա՛ն,
Նոյնիսկ մի հատիկ... շիրիմքա՜ր չկայ...
Չկա՛յ,
Չի եղել-
Մի միլիոն շիրիմ ո՞վ պիտի փորէր,
Միլիոն շիրիմքար ո՞վ պիտի դնէր...
Քարոտ, քարաշատ Հայաստա՛նն անգամ
Քար չունէ՛ր այնքան
Նահատակներին մեր եղերական.-

Տէր-Զօրում ո՛չ մի յուշարձան չկայ.
Ի՛նչ հսկայ կոթող
Կամ ի՛նչ շիրիմքար կարող էր ծածկել
Անթի՜ւ,
Անհամա՜ր,
Անվերջ զոհերի այս գերեզմա՛նը.-
Տէր-Զօրը ի՛նքն է
Իր միակ կոթողն ու յուշարձանը.-
Հո՛ղն այս՝ արցունքից չոր աղո՜տ դարձած,
Աւազն այս կարմիր արեամբ լերդացա՜ծ,
Փուշն ու տատասկն այս՝
Վրէժի նման հողից դուրս ժայթքա՛ծ,
Այս պաղ աստղերը՝
Նահատակների աչքերն անհամար,
Եւ այս մահիկը՝
Հայերին մորթող կեռ եաթաղա՜նը...

Տէր-Զօրը ի՛նքն է
Իր կոթո՛ղն
Արձա՛նն ու յուշարձա՛նը:


Գէորգ  Էմին

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου