Παρασκευή 6 Μαΐου 2011

ՀՈՎԸ


Ալիքներուն վրայ ոստոստող հովն ըլլայի,
Ու ջուրերուն խուլ մըռունջին մէջ ամայի՝
Ձկնորսներու ականջն ի վար փըսփըսայի
Սիրուած երգեր, քաղցրութիւնով օծուն բառեր:

Հովն ըլլայի կատարներուն վրայ պարանցիկ,
Ու ձիւնին մէջ սառող մարդուն համար լայի.
Հովն ըլլայի՝ հողվըրտիքին մէջ երգեցիկ՝
Ու ծըծէի տակաւ գաղտնիքն ես Անդիի:

Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,
Եւ անճըրագ խուղերու ճիչն յորձքիս ձուլած,
Անցորդներու հոգւոյն վըրայ փշրըւէի
Իբրեւ ալիք: Ու տանէի հոն կոծն ու լաց

Տըղաբերին, որ հողին վրայ կը գալարի
Եւ անսըւաղ մանուկներուն, ու գրկաբաց
Մատաղատի, որդեկորոյս մօրն ալ՝ որուն
Տարիքին բոցն հոգւոյն մուխին մէջ կը մարի...


Միսաք Մեծարենց

Πέμπτη 5 Μαΐου 2011

ԻՐԻԿՈՒՆԸ





Սա իրիկունն ըլլայի ես
     Եւ հըպէի ճակտին ամէն անցորդի.
     Չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի երգովը թռչուններուն, մարգերուն,
     Ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
Սա իրիկո՜ւնն ելլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
     Թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
     Ու ծըփայի զերթ ոսկէ սար վարագոյր
Վըրան ամէն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
     Խնկապատար, օծուն, ջահուած ժամի պէս
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
     Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
     Սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
     Թօթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ելլայի ես,
     Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
     Եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:


Միսաք Մեծարենց

Τετάρτη 4 Μαΐου 2011

ՓԱՓԱՔ


Կ'ուզեմ որ ըլլա՜մ ցորենի արտին
Ծաղիկը կարմիր՝ գաւաթ արեւին,
Հասկերու բաշին մէջ պահուած ճըպուռ՝
Խըմե՜մ կէսօրուան լոյսը լիաբուռ:

Ըլլա՜մ գիւղի հին կամուրջ մը փայտէ...
Մամռապատ աղբիւր մ' որ հազիւ կ'երգէ.
Գեղջուկին կաւէ ամանը բարի՝
Որ քաղքի ծարաւն ալ մէջըս մարի...

Ըլլա՜մ կուրծքի զարդն աղջըկան բոպիկ,
Բակի տղէկ մը՝ նայո՜ղ հանդարտիկ,
Փուշի մը ներքեւ խոնարհիմ ու լամ՝
Որ քիչ մը գոնէ իմ ցաւըս մոռնամ...


Լեւոն-Զաւէն Սիւրմէլեան

Τρίτη 3 Μαΐου 2011

ՏԽՐՈՒԹԻՒՆ


Սահուն քայլերով, աննշմար, որպէս քնքուշ մութի թեւ,
Մի ստուեր անցաւ ծաղիկ ու կանաչ մեղմիւ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրօրող հովի պէս թեթեւ
Մի ուրու անցաւ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայութեան մէջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թէ սիրոյ քնքուշ խօսք ասաց նիրհող դաշտերին.-
Ծաղիկների մէջ այդ անուրջ կոյսի շշուկը մնաց,
Եւ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


Վահան Տէրեան

Δευτέρα 2 Μαΐου 2011

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ




Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Այն ո՞վ է քո ոսկէ կորիզն այստեղ բերել,
Ի՞նչ ես գտել այս վայրերում կեանքի համար,
Եւ ի՞նչպէս ես արմատներդ ժայռին խրել:

Ո՞րտեղ է քո հողը նախնի, օրրանը հին,
Ուր քո շուրջը պիտի ծփար կանաչ ու խոտ,
Ե՞րբ ես թողել, ո՞ւմ ես թողել քո քոյրերին,
Աճել այստեղ՝ ջըրին մօտիկ, ջրի կարօտ:

Ճեղքել ես դու կուրծքը ժայռի, բխել կանաչ,
Տարէցտարի փարթամացել, ծաղկել նորից,
Քանդել ես դու վարսերը քո հողմի առաջ,
Բայց չես բեկուել, չես տապալուել քամիներից:

Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Քարից անգամ քամել ես դու կեանքի աւիշ
Եւ այդ ժայռից ինձ ես նայում կանաչավառ,
Իբրեւ հպարտ, յաւերժ կեանքի խորհրդանիշ:


Հրաչեայ Յովհաննիսեան

ԵՍ ՄԻ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ





Ես մէկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անուանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արեւելեան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամէն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շուքի տակ,
Հիւթս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թէպէտ նոյնը կը մնան,
Բայց օտար հողի վրայ
Չեն աճիլ, կը չորանան:

Արեւելքում ինձ տնկեց,
Երբ որ Աստուած ստեղծեց,
Ասաց՝ աճէ, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տուեց:

Ուղարկեց մի այգեպան,
Հարաւից հսկայ իշխան.
Այն հսկայի անունով՝
Կոչուեցայ ծառ Հայկական:

Չորս հազար տարուայ ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ.
Թէպէտ ուժս պակաս է,
Բայց անունով՝ պայծառ եմ:


Աշուղ Ջիւանի

ԱՊՐԵՄ - ՉԱՊՐԵՄ




Այս երփնագեղ փարթամ ծաղկեփնջում,
Զուարթացած առաւօտեան շաղից,
Իր արեւոտ պարտէզն է անրջում
Մի ձիւնափայլ ապրեմ-չապրեմ ծաղիկ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղի՛կ իմ լուսանման,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:

Սովոր ես դու չարքաշ, անընկճելի,
Ծաղկել այս տօթակէզ լեռնաշխարհում,
Ժլատ լանջին այս ապառաժների,
Բակերի մէջ, արտում են անտառում:

Արհամարհում ես դու ծարաւ ու քաղց,
Զուգում ես անապատը գորգերով ճերմակ,
Բաց ես անում սրտիկդ լուսաբաղձ,
Ճանապարհի վրայ, ոտքերի տակ:

Եւ ամէնուր դու ժիր ես, կենդանի.
Երբեմն յօշոտուած բնով, բայց միշտ պայծառադէմ.
Դո՛ւ իմաստուն ծաղիկ Հայաստանի,
Ապրեմ-չապրե՛մ:

Հնուց է քեզ սիրել իմ ժողովուրդը հին:
Եւ տխրութեան պահին կամ խնդութեան
Վերցրել է քո ծաղիկը երազուն նայիրուհին
Եւ գուշակել է ապագան:

Շշնջացել է նա քո թերթիկները պոկելով.
-Ապրե՞մ, չապրե՞մ, ապրե՞մ, չապրե՞մ...
Եւ դու նրան վերջին թերթիկներով
Պատասխանել ես միշտ.
-Ապրե՛մ:

Ապրել ես դու, ինչպէս իմ ժողովուրդը ժիր,
Ճամբաների վրայ փոշոտ, արեւակէզ:
Անցել է քո գլխով աղէտների հազար նախիր,
Ճզմել ու փոքրացրել է քեզ:

Բայց հէնց որ բարեգործ մի պարտիզպան
Տարել է քեզ պարտէզ՝ իր ջերմ խնամքի տակ,
Բացուել ես դու չքնաղ նորահարսի նման՝
Դրած գլխիդ լուսապայծառ պսակ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղիկ իմ վիպական,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:


Նայիրի Զարեան