Τρίτη, 2 Αυγούστου 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԳԵՐԻ ՄԷՋ






Մի փոշոտուած փշատենի,
Մի յօշոտուած խաղողի որթ,
Նորքի վրայ մի հին բարտի,
Մի հին պոստան Արազի մօտ,
Մի տարագիր հոգու բաղձանք,
Մի ծիծեռնակ ու մի կռու՜նկ,
Պանդխտութեան ճամբաներում
Հազար քարի բախուած կրու՜նկ,
Որդեկորոյս մայրերի ողբ,
Որբերի սիրտ վէրքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Երկաթագիր մի մագաղաթ,
Մի սրբատաշ տաճարի վէմ,
Մի կուռ վահան` ասիական
Մրրկարշաւ ցեղերի դէմ,
Թշնամասաստ մի այրուձի
Եւ ընդվզում մի անողոք,
Մի Վարդանի սրի շառաչ,
Մի Ֆրիկի արդար բողոք,
Մի Սասնայ տան Թուր-Կայծակի
Դաւթի հզօր ձեռքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Նստած Դաշտում Արարատեան,
Մէջքը յենած Արագածին,
Ականատես եւ ունկնդիր
Աշխարհների անցուդարձին,
Կռելով բախտն ու ապագան
Թէժ բովերում գործարանի՝
Բորբոքում է օճախն իր հին,
Ծխում է ծուխն իր ծիրանի՝
Վառած աստղերն իր նոր փառքի՝
Ամենավեհ փառքերի մէջ-.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մարմին տուած իր դարաւոր,
Իր փառաւոր երազանքին,
Իր վաստակած դաստակներով,
Վաստակներով իր թանկագին,
Տարազներով իր ծաղկաւոր,
Իր ինքնութեան զարդ-քանդակով,
Դրօշակով իր պետական
Եւ սեփական պարլամենտով
Կանգնել է՝ ողջ հողագնդին
Յոյս առաքող ազգերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Լոյս է քամում իր գետերից
Ոգորումով իր անխափան,
Լուսաւորում իր խոր հոգին,
Իր տունն, իր կեանքն ու իր ճամբան,
Եւ տքնելով, ինքն իրենից
Հազար անգամ հզօրացած,
Մեղր է քամում փշից անգամ
Եւ կարկառից գինի ու հաց,
Նռան հիւթ է քամում քարից.-
Իր սիւնաբարձ քերծերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Արարատեան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամէն մի քարն իր երազի
Արեւով է ոսկեզօծել,
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի,
Իր հանճարի բռնկումով
Կերտել է Տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շէնքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մի անհանգիստ մտքի թռիչք
Անդրաստեղեան ոլորտներում,
Ճարտար մի ձեռք այս աշխարհի
Վերակերտման որոտներում,
Եղբայրութեան զրահներով
Ամրապնդուած հուր-յաւիտեան՝
Մի աչալուրջ սահմանապահ
Ամենամեծ մի տէրութեան
Եւ Թամանեան մի Զօրագունդ
Ռազմի դժուար երթերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Իր սխրանքի դափնիներով
Եւ գանձերով իր հին ու նոր
Հաւասարւում ամէնքի հետ,
Ամէնքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկութեան
Երազների հանգրուանում
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահութեան հերկերի մէջ
Իմ բարձրաբերձ Հայաստանը
Դեռ չգրուած երգերի մէջ:


Համօ Սահեան
















Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου