Δευτέρα, 9 Μαΐου 2011

ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ




(9 Մայիսի, 1945)


Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,-
Մեծ յաղթանակի օրն է ցնծալիս.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:

Եւ անցորդներին կանչում է, խնդրում,-
Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, յաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:

Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եւ զարկում նորից գաւաթներն իրար:
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ,-
Էս էլ ի՛մ որդուս հանգստեան համար:

Գլխարկներն իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուածի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ:


Աւետիք Իսահակեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου