Δευτέρα, 2 Μαΐου 2011

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ




Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Այն ո՞վ է քո ոսկէ կորիզն այստեղ բերել,
Ի՞նչ ես գտել այս վայրերում կեանքի համար,
Եւ ի՞նչպէս ես արմատներդ ժայռին խրել:

Ո՞րտեղ է քո հողը նախնի, օրրանը հին,
Ուր քո շուրջը պիտի ծփար կանաչ ու խոտ,
Ե՞րբ ես թողել, ո՞ւմ ես թողել քո քոյրերին,
Աճել այստեղ՝ ջըրին մօտիկ, ջրի կարօտ:

Ճեղքել ես դու կուրծքը ժայռի, բխել կանաչ,
Տարէցտարի փարթամացել, ծաղկել նորից,
Քանդել ես դու վարսերը քո հողմի առաջ,
Բայց չես բեկուել, չես տապալուել քամիներից:

Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Քարից անգամ քամել ես դու կեանքի աւիշ
Եւ այդ ժայռից ինձ ես նայում կանաչավառ,
Իբրեւ հպարտ, յաւերժ կեանքի խորհրդանիշ:


Հրաչեայ Յովհաննիսեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου