Κυριακή, 8 Μαΐου 2011

ՔՈ ՁԵՌՔԵՐԸ





Քո ձեռքերը, մայր, քո ձեռքերը...

Քո ձեռքերը թրի պէս բարձրացել ես, երբ մեզ սպառնացել է վտանգը, եւ զայրոյթ է կաթել նրա զօրութիւնից: Խնդրելու համար պարզել ես, կարկառել ես, եւ իսկոյն լացակումել են քո ձեռքերը, քո ձեռքերը...

Քո ձեռքերը, մայր, այն առաջին ձեռքերն էին, որ ստեղծեցին կրակը, որոնց մէջ կալսուեց առաջին ցորենը, առաջին ցորենը հաց դարձաւ: Դրա համար միշտ տաք էին քո ձեռքերը, եւ կրակի բոյր ունէին, եւ ցորենի, եւ հացի, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Դու ինձ համար աշխարհի առաջին տառապեալն էիր, դրա համար էլ քո ձեռքերից ծնուեց աշխարհի առաջին փաղաքշանքը, աշխարհի առաջին մխիթարանքը: Քո ձեռքերը սրբեցին աշխարհի առաջին որբերի արցունքը, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Քո ձեռքերը լուռ ճչում էին, լուռ արտասւում էին, խորհում, թախծում եւ ծիծաղում էին լուռ: Քո ձեռքերը հնարում էին անհնարը եւ օգնում էին բոլորին, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Եւ սակայն ես մի անգամ անզգոյշ եղայ քո զգայուն ձեռքերի նկատմամբ: Դու նայեցիր ինձ, տրորեցիր ձեռքերդ, եւ նրանք հառաչեցին, տխրեցին եւ իսկոյն ծերացան: Ես համբուրեցի ու լաց եղայ, լաց եղայ ու համբուրեցի, եւ նրանք ինձ մայրաբար ներեցին: Նրանք առաջուայ պէս ինձ փաղաքշում էին, լռութեամբ խորհուրդներ էին տալիս. իմ ապրած օրերն էին յիշեցնում որպէս մեծ ու դժուարին մի պատմութիւն:

Քո ձեռքերը, մայր, քո ձեռքերը...

Բայց մի օր դու յաւիտենական քուն մտար, եւ ձեռքերիդ վրայ արթնացաւ այն վիրաւորուածութիւնը, որ ես էի պատճառել անզգուշօրէն: Արթնացաւ ու հիմա տանջում է ինձ քո գերեզմանից:

Մայր, դու տառապելով ես մեղմել իմ տառապանքը, հիմա ինչպէ՞ս կարող ես անտարբեր մնալ: Արթնացիր մի պահ, ներիր եւ քնիր այնպէս, որ քեզ հետ քնեն եւ քո ձեռքերը, եւ քո ձեռքերը...


Սուրէն Այվազեան

Δεν υπάρχουν σχόλια:

Δημοσίευση σχολίου