Πέμπτη 13 Σεπτεμβρίου 2012

ԱՊՈԼԼՈՆԻՆ





Դու, Ապոլլո՛ն, որ տուիր
Ինձ այս քնար հոգեմաշ,
Այո՛, գոհ չեմ քեզանից.
Տրտնջում է եւ աշխարհ,
Իբրեւ պատի՞ժ ինձ տուիր,
Տրտում սրտի՞ս մխիթար,
Թէ՞ զգալով չարչարուիլ
Ու չքանալ վայրապար:
Ա՛ռ նրան ետ, ինձ պէտք չէ,
Տո՛ւր ուրիշի, ո՛ւմ կամիս.
Յիշի՛ր, եթէ միտք ունիս:
Կեանքիս գարունն է անցել,
Ինձ ուշացած է քնար.
Օտար աշխարհ պանդխտել
Ինձ մնում է վշտահար:
Բայց դու, որ քեզ, մարդ տկար,
Աստուած կանչեց ու խնկեց,
Մի՛ կարծեր, թէ միջաբեկ
Պիտի պաղատիմ դէպի քեզ:
Ես կ'ընդունիմ կամակար,
Թէ բախտ անգութ, ոխերիմ,
Մատռուակէ թոյն, լեղի
Իւր սափորից ինձ բաժին:
Բայց ոչ երբեք պիտ սողամ
Ոսքիդ տակում, ինչպէս շատ
Մարդիկ, որ չեն իմանում,
Թէ էակներ են ազատ:


 
Միքայէլ Նալբանդեան

ԶՈՒԱՐԹՆՈՑ






Հնամենի Արարատեան բնանկար,-
Հազարամեայ արտ ու այգի, առու, ուղի,
Շէներ շատ շէն, աւերակներ, վանք եւ խաչքար,
Ու ես՝ որդին չծերածող այս հին հողի:

Գնում եմ այս հազարամեայ ճանապարհով՝
Սիրտըս յանձնած հայրենական սիրոյ բոցին.
Դարեր անցած մրրիկներով, անապահով,
Հիմա խաղաղ այց եմ գնում Զուարթնոցին:

Հարազատ է ու ինձ ծանօթ ամէն մի քար,
Զրուցել եմ կարծես այն մեծ վարպետի հետ,
Լսել նրա իմաստութիւնը ոսկեբառ,
Որ եղաւ այս անմահութեան ճարտարապետ:

Կարծես ե՛ս եմ հիմքը փորել ու վէմ դրել,
Ու որմերը բարձրացել են եւ ի՛մ ջանքով.
Այս նշանը կարծես ե՛ս եմ փորագըրել,
Եւ լցուած եմ դեռ այն օրուայ մեծ հրճուանքով:

Արծիւներն այս թեւատարած, ողկոյզ ու նուռ,
Մեր աշխարհի այնքան առատ բերքն ու բարին
Երբ հանում էր քարի վրայ վարպետը լուռ,
Իմ սրտից էլ մի բան տալիս էր նա քարին:

Ես յիշում եմ շէնքի օծումն, աւարտը մեծ,
Յաղթանակը մեր շինարար անդուլ ոգու...
Եւ աչքերիս առաջ կարծես նա կործանուեց
Դարերի եւ տարերքների խօլ փոթորկում:

Եւ ես գիտեմ թէ բեկորներն այս հոյակերտ
Ո՞ր որմի մէջ, ո՞րտեղ դրուած էին ճարտար,
Ես էի որ Թորամանեան վարպետի հետ
Հոգուս աչքով տեսայ ամբողջ, ինչպէս նա կար:

Ու դրեցինք սերունդների կրծքերի տակ,
Նրանց հոգու, մտքի անփակ աչքի առաջ՝
Զուարթնոցի ոգու հրաշքը անխորտակ,
Թէպէտ շէնքը աւերակ է, գետնատարած:


Վաղարշակ  Նորենց

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ





- Ինչո՞ւ, մա՛յր իմ, ասա դու ինձ
Ամէն անգամ երկնքում
Երբ տեսնում ես յանկարծ մի մոր
Փայլուն աստղ է շողշողում,
Դու խանդակաթ, բուռըն սիրով
Ինձ սեղմում ես քո կրծքին
Եւ խնդութիւն լի, անսահման
Պաշարում է քո հոգին:

«Օ՜, զաւակըս, պարզ երկնքում
Այդ աստղիկը նորածին
Յիշեցնում է ինձ անցեալը,-
Քո ծընունդը, իմ անգի՛ն»:

- Հապա ինչո՞ւ, մա՛յր իմ, ասա՛,
Երբ աստղալից երկնքից
Յանկարծ մի վառ աստղ է ընկնում
Գընո՜ւմ, կորչո՜ւմ մեր աչքից,
Դու տխրում ես, եւ դալկահար
Իսկոյն առնում ինձ քո գիրկ,
Փարում վըզիս, սեղմում կրծքիդ,
Եւ լալիս ես դու լռիկ...

«Անմե՜ղ զաւակ, ամէն աստղիկ,
Որ ընկնում է երկնքից,
Օ՜, թէ ի՞նչ է նա յիշեցնում...
Այդ կ'իմանաս դու կեանքից...»



Ալեքսանդր Ծատուրեան
1890

Δευτέρα 10 Σεπτεμβρίου 2012

ԻՄ ԵՐԳԸ






Գանձեր ունեմ անտա՜կ, անծէ՜ր,
Ես հարուստ եմ, ճա՜ն, ես հարուստ,
Ծով բարութիւն, շնորհք ու սէր
Ճոխ պարգեւ եմ առել վերուստ:

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լէն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի՝
Սէրն անվերջ է, բարին՝ անհատ:

Երկիւղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպէս
Շաղ եմ տալիս իմ բարձունքից:

Ես հարուստ եմ, ես բախտաւոր
Իմ ծննդեան պայծառ օրէն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իմ տուածն եմ տալիս իրեն:



Յովհաննէս Թումանեան

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Ճարտարապետ Անդրանիկ Թագուորեանը հիմնարկից դուրս գալով ուղղուեց դէպի Երեւանի երկաթուղային կայարանը: Այդ օրը սպասում էին յատուկ գնացքի, որ պիտի բերէր հայրենադարձ Հայերի առաջին կարաւանը: Հանրակառքերը լեփ-լեցուն էին երիտասարդներով եւ ծերերով, երախաներով ու կանանցով: Քաղաքը ցնծութեան մէջ էր:

Դեռ երկու ժամ կար մինչեւ գնացքի ժամանելը, բայց ամէն ոք ցանկանում էր շատ շուտ հասնել կայարան՝ օրուայ դէպքերից ոչինչ չկորցնելու, տեսնելու այն ամէնը, ինչ տեղի էր ունենալու:

Ճարտարապետը որոշեց ոտքով գնալ կայարան՝ անձնատուր անցեալի յուշերին, որոնք նրա հոգու մէջ յարութիւն էին առնում տարագիր Հայերի Հայրենիք վերադարձի օրը:

Հազար ինը հարիւր տասնհինգ թուականն էր: Բարբարոս թշնամին քշում էր հայ բազմութիւններին դէպի մահ: Խոր մի կիրճում կարծես յանկարծ գետնի տակից յայտնուեցին մինչեւ ատամները զինուած ասկեարներ եւ սկսեցին կրակել իրենց վրայ: Առաջին գնդակներից խոցուելով ընկաւ նրա հայրը, ընկան նաեւ միւսները, եւ երախան իրեն նետեց հօր դիակի վրայ: Կրակոցները դեռ շարունակւում էին, եւ այնուհետեւ ամէն ինչ մթնեց նրա համար... Երբ նա ուշքի եկաւ, աստղաշատ գիշերը կախուած էր կիրճի վրայ: Յետոյ ինչ-որ մարդիկ եկան եւ դիակների միջից հանելով տարան իրեն: Երկար տարիներ նրան բաժին ընկաւ որբանոցային տխուր կեանքը: Ու երբ արդէն տասնհինգ տարեկան պատանի էր, միանալով առաջին կարաւաններից մէկին՝ եկաւ Հայաստան: Այնուհետեւ աշակերտական տարիները՝ միջնակարգ դպրոցում եւ ուսանողական տարիները՝ Փոլիտեխնիկ Ինստիտուտում, եւ վերջապէս՝ մասնագիտութիւն ունեցող մարդու ինքնուրոյն կեանք:

Ճարտարապետը քայլում էր ինքնամոռացութեան մէջ եւ նա չզգաց թէ ինչպէս հասաւ կայարանի հրապարակը: Ովքե՞ր էին եկողները. այնպիսի մարդիկ, ինչպիսին ինքն էր մի ժամանակ: Կարող էր այսօր վերադառնալ իր հայրն էլ, եթէ չընկնէր թշնամու գնդակից...

Կայարանը տօնական տետք էր ընդունել: Բազմութիւնը հեղեղել էր կառամատոյցն ու հրապարակը: Նուագում էր փողային նուագախումբը: Կառավարութեան անդամները ժողովրդի հետ միասին սպասում էին գնացքի ժամանելուն: Վերջապէս երեւաց գնացքը: Շոգեքարշը ուժեղ սուլեց:

Այդպիսի բացագանչութիւններ, այդպիսի ցնծագին ուրախութիւն, այդպիսի գրկախառնումներ մայրաքաղաքի կայարանը չէր տեսել: Շատերն արտասւում էին, ոմանք գտնում էին իրենց հարազատներին, ողջագուրւում, հեկեկում ուրախութեան արցունքներով: Ամպիոնի վրայ ջերմ ճառեր էին արտասանւում:

Եկուորներից մէկը բարձրացաւ ամպիոն, եւ նրա շրթունքներից դուրս թռան բանաստեղծի խօսքերը.

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբայր-եմք մեք,
Որ մրրկաւ էինք զատուած...

Երեկոյեան, երբ ճարտարապետը հիմնարկից վերադարձաւ տուն, աստիճանների վրայ նրան ուրախ դիմաւորեց կինը.

-Մեզ մօտ է եկել շատ հաճելի մի ծերունի դերձակ՝ իր պառաւ կնոջ հետ...

Ներս մտան:

Ծերունին տեսնելով ճարտարապետին՝ մօտեցաւ եւ ձեռքը մեկնեց նրան.

- Ուրեմն դո՞ւք էք մեր տան տէրը:

- Ո՛չ, տունը կառուցել է պետութիւնը...

- Շատ շնորհակալ ենք, ձեզի քիչ մը նեղութիւն տուինք անշուշտ, ներողամիտ կը գտնուիք: Աղուոր մանչ մը ունիք, արդէն բարեկամացեր է հետս եւ ինծի պապիկ կ'ըսէ...

- Նա սիրում է ծերունիներին եւ նախանձում  այն երախաներին որոնք պապիկ ու տատիկ ունեն, ինքը չունի: Իսկ դուք երախաներ ու թոռներ չունէ՞ք,- հարցրեց ճարտարապետը:

Ծերունին մռայլուեց եւ թեթեւ հառաչեց.

-Ո՛չ, դժբախտաբար... Ունէի՛, բայց միայնակ ենք...- Եւ հարեւան սենեակից կանչեց կնոջը.- Թագուհի՛, Թագուհի՛, հոս եկուր, ծանօթացիր մեր նոր բարեկամին հետ:

Ներս եկաւ ծերունու կինը ու լուռ պարզեց իր ձեռքը ճարտարապետին:

- Ինչպէ՞ս էք, մայրր՛կ, ուրա՞խ էք որ եկել էք,- հարցրեց ճարտարապետը:

- Թող ձեզի արեւշատութիւն ըլլայ,- արտասանեց կինը,- ի՞նչպէս ուրախ չըլլանք, մեր սուրբ երկրին ենք եկեր...

Ծերունին շուռ եկաւ դէպի ճարտարապետի որդին.

- Քովս եկուր, մանչո՛ւկս, քեզի գեղեցիկ վերարկու մը պիտի կարեմ, օ՛, ինչպէս ծանր ես, եւ անունս ես գողցեր՝ Վարդանիկ, իմ անունս ալ Վարդան է:

Եւ դառնալով ճարտարապետի կնոջը՝ աւելացրեց.

- Տիկին Թագուորեան, ձեր մանչը ինծի տղաս կը յիշեցնէ, զոր ես կորսնցուցի երեսուն տարի առաջ, ան ալ խելացի աչքեր եւ շէկ մազեր ունէր...

- Այդպէս է եղել մեր ժողովրդի ճակատագիրը,- տխուր պատասխանեց ճարտարապետը,- ես ինքս էլ որբ եղել, թշնամիները հօրս սպաննեցին իմ աչքերի առաջ...

- Որտեղացի՞ էք, ընկեր Թագուորեան,- հարցրեց ծերունին:

- Կիլիկեայից. յիշում եմ, մեր գիւղի անունը Բերդակ էր: Հօրս անունը Վարդան էր, ազգանունը չեմ յիշում, այն ժամանակ վեց տարեկան էի, Թագուորեան՝ իմ բարերարի ազգանունն է, որը փրկել է ինձ սովից եւ որբանոց յանձնել:

- Իսկ ձեր անունն ի՞նչ է,- հարցրեց ծերունին:

- Անունս Անդրանիկ է:

Ծերունի դերձակը ամուր ծածկեց դէմքը եւ երկար մնաց այդ վիճակում: Շփոթուեցին ոչ միայն ճարտարապետն ու իր կինը, այլեւ փոքրիկ տղան, որն սկսեց անհանգիստ ու վախով նայել բոլորին:

Ծերունին իջեցրեց ձեռքերը, նրա դէմքն այրւում էր, յօնքերը վերեւ էին քաշուել, աչքերի բիբերը լայնացել:

- Խնդրեմ, ըսէ՛ք, ճի՞շդ է որ ձեր գիւղը Բերդակ կը կոչուէր, իսկ ձեր անունը Անդրանիկ է, ճի՞շդ է այդ բոլորը...

- Այո՛, ճիշդ է,- պատասխանեց ճարտարապետը, շփոթմունքից կարկամած:

Դերձակը ծեր արծուի պէս յարձակուեց ճարտարապետի վրայ.

-Զաւա՛կս, իմ կորսուած զաւակս...

Հետեւեալ օրը բերնէ-բերան էր անցնում ծերունու կեանքի պատմութիւնը: Խօսում էին այն մասին, թէ ինչպէս նա էլ որդու նման ողջ է մնացած եղել դիակների մէջ, բայց ծանր վիրաւոր վիճակում կարողացել է փախչել եւ փրկուել ստոյգ մահից...

Շուտով ծերունի Վարդան Չէօրէքճեանը աշխատանքի է տեղաւորւում կարի արհեստանոցում: Ամէն օր, երբ նա վերադառնում է տուն, նրան դիմաւորում է փոքրիկ Վարդանիկը եւ ուրախ ու զիլ ձայնով կանչում.

-Պապի՜կն եկաւ, պապի՜կը:



Հրաչեայ Քոչար

ՇԷՆՔԸ





Հսկայ մի շէնք ինձ նայում՝
Լայն փեղկերով աստղանկար,
Հերոսութիւն է վկայում
Ամէն փոքրիկ քանդակ ու քար:

Մօտենում է մի պատանի՝
Արեւահամ միրգը ձեռքին.
- Ամենալաւն,- ասում է նա,-
Խաղողներն են խոյակների:

Մօտենում է յաղթահասակ
Երիտասարդ մի հայկատիպ.
- Սիւներն են լաւ,- ասում է նա,-
Ու պազալթի պատերը պինդ:

Մօտենում է լուռ, մտախոհ
Մի ծերունի արծաթազարդ,
Հայեացքը հեզ, հանդարտ ու խոր
Իջեցնում է նա դէպի վար
Ու նայում է, նայում է լուռ
Այդ կառոյցի հիմքին ամուր...



Մարօ Մարգարեան

ԱՐԱԳԱԾԻՆ





Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղէն թրերի,
Գագաթներըդ՝ բիւրեղ վրան
Թափառական ամպերի:

Սէգ ժայռերըդ՝ արծըւի բոյն,
Լճակներըդ՝ լոյս-փերուզ.
Առուներըդ՝ մէջքիդ փայլուն
Պերճ գօտիներ ոսկեհիւս:

Աղբիւրներըդ՝ գիշեր ու զօր
Խօսքի բռնուած իրար հետ,
Վտակներըդ՝ զիլ ու գլոր
Ապրեշումէ փէշերէդ:

Թիթեռներըդ՝ հուր-հրեղէն
Թռչող-ճախրող ծաղիկներ.
Զառ ու զարմանք երազներէն
Պոկուած ծուէն-ծուիկներ:

Ծիրանավառ դո՛ւն թագուհի,
Բուրումների դո՛ւն աղբիւր,
Ծաղիկներըդ՝ հազար գոյնի,
Հազար անո՛ւն, հազար բո՛յր:



Աւետիք Իսահակեան