Τετάρτη 11 Ιανουαρίου 2012

ՁՄՐԱՆ ԳԻՇԵՐ





Ձի՜ւն է գալիս դրսում... Եւ որքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհել որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ...

Որ դու իջնող ձիւնի քնքշութիւնը հագած՝
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ՝
Ներշնչանքի նման սպասուած եւ սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:

Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝
Թարթիչներիդ վրայ ձիւնն սպիտակ,
Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ
Ու մեղմօրէն շոյել ճակատս տաք:

Որ կարող է քո սեւ թարթիչներին իջած
Ձիւնափոշին հալուել իմ տաք շնչից.
Ու կարող ես դու ինձ գիշերի մէջ ժպտալ
Սիրոյ մաքուր-մաքուր արտասուքի միջից:

Ձի՜ւն է գալիս դրսում... Եւ որքան լաւ է այս
Գիշերի մէջ նստել ու անրջել,
Խորհել որ կեանքը կայ, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կայ պահուած հողի մէջ ջերմ:


Վահագն Դաւթեան

ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ





Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ, սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր:

Կ'ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ'ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարժուձեւիս մէջ,
Ու մինչ կ'ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նադիր:

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիկ ո՜վ անդորրութիւն,
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս:

Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երէկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի:

Նե՛րս խուժէ ուժգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս:

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին:
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:


Միսաք Մեծարենց

ՐԱՒԵՆՆԱՅՈՒՄ




Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկեանի պէս,
Ու անցել:

Անհուն թըւով կայծակների
Սուրն է բեկուել ադամանդին
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լոյս գագաթին
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սէգ ճակատին
Ու անցիր:


Աւետիք Իսահակեան

ԳԵՏԸ




Գետը լեռներից շաառաչով գալիս
Եւ անց է կենում դաշտերի միջով,
Կանչում-կարկաչում, յորձանք է տալիս,
Ափերն է զուգում զմրուխտ կանաչով:

Պաղ ջուր է տալիս մարդուն ու բոյսին
Եւ կաթիլն անգամ զուր չի կորցընում,
Կեանքի է կոչում կայաններ լոյսի
Եւ ինքն իր ճամբին լոյս տալով գընում...

Այսպէս, վաստակած նա ծովն է մտնում,
Եւ ծովն է վերջին կայանը նրա,
Բայց ծովի մէջ էլ հանգիստ չի գտնում,
Նաւեր է պահում իր կրծքի վրայ:

*****

Դու էլ գետի պէս անցիր քո ճամբան
Եւ նման եղիր գետի յորձանքին,
Որ կեանքիդ վերջին կայանում անգամ
Ինչ-որ մի բանով պէտք լինես կեանքին:


Համօ Սահեան

ԵՐՆԷ՜Կ, ՋՈ՜ՒՐ




Ո՜վ պիտի երգէ քու անփառունակ
Կեանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜յծ դայլայլի մը պէս շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մէջ ուր՝
Դարե՜ր դարերով ե՜րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմէ վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցոյց տայ փրփուրներուդ խօլ
Հեւ ի հեւ կեանքիդ իղձերն հոգեվար,
Վէտ-վէտ սէզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմէ խիճերուդ լեզուն,
Ու հեքիաթունակ սէրն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն ազազուն
Ոստերը, փախչող հոգւոյդ կը հայի՜ն...

Միամի՜տ վտա՛կ, դարերէ ի դար
Դուն մամռոտ ճամբէդ կ'երթաս անմոլոր.
Ու երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գոյն-գոյն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մէջ կ'երգես անդադար:

Երնէ՜կ քեզ, վտա՛կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքէ մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մէջ միայնակ, արթուն,
Անսկի՜զբն, անվե՜րջ, վտիտ փոսիդ մէջ
Կ'երգես, երնէ՜կ, ջո՛ւր, վախճան չունիս դուն...

Ու երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքէն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
Ուրիշ քերթող մ' ալ՝ ինծի չափ յիմար՝
Պիտի գայ հարկաւ երգերըդ վայրի,
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչ յաւերժօրէն կեանքո՛տ, զուարթո՜ւն,
Պիտի կարկաչէ քու ջուրըդ յարաշարժ՝
Հեգնելով արուեստն ու կեանքը մարդուն...
Ո՜վ անմահութեան ըստուեր գետնաքարշ.
Վտա՛կ, երնէ՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:


Ռուբէն Սեւակ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ


Որ յայսմ աւուր յայտնեցաւ
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս՝
Տան աւետիս աշխարհի։

Ծնաւ Նոր Արքայ
Ի Բեթղեհէմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէ´ք,
Զի վասն մեր մարմնացաւ։

Անբաւելին երկնի եւ երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի Հօրէ՝
Ի սուրբ այրին բազմեցաւ։


Մովսէս Խորենացի
5-րդ դար


Կատարում՝ «Նարեկ» արական երգչախումբ
Խմբավար՝ Մկրտիչ Մկրտիչեան 

ՆՈՐ ՏԱՐԻ




Ամէն, ամէն ինչի մէջ
     նորն ենք սիրում մենք կեանքում,
Նա մեզ թռիչք է տալիս,
     թեւ է տալիս ճախրանքում:
Իսկ դու նոր ես, իսկ դու նոր,
     հենց նոր իջար որպէս երգ,
Դեռ ձիւներիդ մէջ ճերմակ
     չկայ ոչ մի ոտնահետք.
Ու բաժակն իմ աստղացոլ
     լոյսերի մէջ պահած վեր,
Ես քո կենացն եմ խմում,
     նորեկ տարի, նոր իմ սէր...
Ե՛կ, իմ երկրի զինակից,
     ջահելութիւն իմ հողի,
Եկ ու փռիր մեր առջեւ,
     նոր հեռուներ, նոր ուղի...
Պողպատ ձուլող բանուորի
     պողպատին տուր կարծրութիւն,
Այգեգործին՝ առատ բերք
     ու բերքերին՝ քաղցրութիւն,
Ե՛կ, նոր նոր տարի, ու դարձիր
     նոր երազը մեր սրտի,
Տիեզերքները ձեւող նոր
     աստղ դարձիր ու հրթիռ,
Դարձիր մարմին առած տենչ,
     դարձիր երգ մի յաղթաձայն
Եւ աշխարհը կամրջող
     խաղաղութեան ծիածան:


Վահագն Դաւթեան